Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կասկածում են «Իսլամական պետությանն» ԱՄՆ կողմից օգնություն ցուցաբերելու մասին կեղծ նյութեր տարածելու համար
Կիսվել
Կիսվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում և Թվիթերում կատարած գրառումից ջնջել է լուսանկարները, որոնք իբր հաստատում են «Իսլամական պետության» զինյալներին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից տրված օգնությունը: Ինչպես գրում է «Նովայա գազետան», դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Conflict Intelligence Team-ի (CIT) հետազոտող լրագրողների խումբը հայտարարել է, որ պաշտպանության նախարարության այդ լուսանկարները կեղծ են:
CIT-ի տվյալներով՝ դրանցից մեկն իրականում սմարթֆոնների համար AC-130 Gunship Simulator խաղի սքրինշոթ է, իսկ մնացածը 2016թ-ի հունիսին Էլ Ֆալուջայում ԻՊ զինյալների ուղղությամբ գնդակոծության մասին Իրաքի պաշտպանության նախարարության տեսանյութերից են արված:
«2017թ-ի նոյեմբերի 9-ին ռուսական անօդաչու թռչող սարքերով արված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ԻԼԻՊ-ի զինված կազմավորումները, փրկվելով ռուսական ավիացիայի և կառավարական զորքերի հարվածներից, բազմակիլոմետրանոց շարասյունով հեռանում Աբու-Քեմալից սիրիական-իրաքյան սահմանին գտնվող Վադի-էս-Սաբհայի ուղղությամբ», — ասված էր պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: Գերատեսչությունը պնդում է, որ զինյալների համար միջանցքը կոալիցիան է բացել:
Պաշտպանության նախարարությունում դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել հրապարակված կադրերի հետ կապված իրավիճակը:
Հիշեցնենք, որ ամռանը CIT-ը հայտնաբերել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Ստոունին ցույց է տվել «Սիրիայում մեր ավիացիայի աշխատանքի» կադրեր, որոնք իրականում 2013թ-ին Աֆղանստանում ամերիկյան ավիացիայի գրոհից են եղել:
«Մենք ուշադիր նայեցինք, համեմատեցինք գետնին հասցված հարվածների դինամիկան, դիրքը, ցրումը և տեսանք, որ իրոք Աֆղանստանում ամերիկյան ուղղաթիռի աշխատանքի հայտնի տեսագրությունն է: Սա բացարձակապես այդ նույն տեսագրությունն է», — «Նովայա գազետային» պատմել է CIT ղեկավար Ռուսլան Լևիևը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կարող է հաստատել տեսագրության հավաստիությունը, որը ցուցադրել է Պուտինը: Նրա խոսքով՝ «դրանք իրոք Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութերն են եղել»: