Երկժամյա բանակցություններից հետո Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները համատեղ մամուլի ասուլիս են տվել:
Վլադիմիր Պուտինն ասուլիսին պատմել է, որ գլխավորն, ինչի շուրջ պայմանավորվել են Էրդողանի և Ռոհանիի հետ, Սիրիայում խաղաղ կարգավորման վերաբերյալ կոնգրեսի անցկացումն է: Անցկացման ենթադրյալ վայրը Սոչին է: Նա ընդգծել է, որ կոնգրեսին պետք է ներկայացված լինեն սիրիական հակամարտության բոլոր կողմերը:
Պուտինը հաղորդել է, որ կոնգրեսի հիմնական նպատակը պետք է լինի սիրիական համազգային խնդիրների քննարկումը, նոր սահմանադրության մշակումն ու դրա հիման վրա ՄԱԿ վերահսկողության տակ ընտրությունների անցկացումը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշվի հենց սիրիացիների կողմից՝ ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության», — ընդգծել է Պուտինը: Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև բանակցությունները շարունակվելու են:
Դրանից երկու օր առաջ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Պուտինի խոսքով՝ Ասադն աջակցում է կոնգրեսի և նոր ընտրությունների գաղափարին:
Երեկվա բանակցություններից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծել Ռուսաստանն ու նրա նախագահը: Տեղեկատվություն այն մասին, թե արդյոք այդ հարցը քննարկվել է Սոչիում, բացակայում է: