Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներ՝ քիմիական զենքի կիրառման պատճառաբանությամբ
Կիսվել
Կիսվել
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ քիմիական զենք օգտագործելու պատճառով, հաղորդում է Բի-Բի-Սին։
Ի՞նչ պատժամիջոցներ են
Ռուսական իշխանությունների համար կտրուկ բարդացել է Արևմուտքից գումար փոխառելը։ Ամերիկյան բանկերին ուղղակիորեն արգելվել է մասնակցել ռուբլուց բացի այլ ցանկացած արժույթով ռուսական հարկային թղթերով գործարքների։
Բացի այդ, Վաշինգտոնը դեմ է հանդես գալու Ռուսաստանին ցանկացած վարկի, ֆինանսական կամ տեխնիկական օգնության տրամադրմանը միջազգային ֆինանսական կազմակերպությունների, օրինակ՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։
Նոր արգելքներ են մտցվում նաև Ռուսաստան ժամանակակից տեխնոլոլգիաների և սարքավորումների արտահանման համար։
Ինչո՞ւ են մտցվել պատժամիջոցները։ Սկրիպալների գործը
Ինչպես Թվիթերում գրել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը, նոր պատժամիջոցների կիրառումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն «իր վրա պատասխանատվություն չի վերցրել Սկրիպալների թունավորման համար և չի հրաժարվել քիմիական զենքի կիրառումից»։
2018թ-ի մարտի 4-ին Ռուսաստանի պետական հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան թունավորվել են նյարդապարալիտիկ նյութով բրիտանական Սոլսբերի քաղաքում։ Շրջակա միջավայրի թունավորման պատճառով տուժել է նվազագույնը ևս երկու մարդ, մի կին մահացել է։
Բրիտանիան պնդում է, որ Սկրիպալների թունավորմանը մասնակից է Ռուսաստանը։ Մոսկվան դա կտրականապես հերքում է՝ նշելով, որ բրիտանական կողմը համոզիչ ապացույցներ չի ներկայացրել։
Պատժամիջոցների հետևանքներն ու դրանց չեղարկման պայմանները
ԱՄՆ Պետդեպում համարում են, որ նոր պատժամիջոցների կիրառման հետևանքով Ռուսաստանի և ԱՄՆ առևտրային կապերը կարող են միլիարդավոր դոլարներով կրճատվել։
Պատժամիջոցները կարող են չեղարկվել այն պայմանով, եթե Ռուսաստանը միջազգային տեսուչների վերահսկողության տակ երաշխավորի քիմիական զենքից հրաժարում ու համաձայնի փոխհատուցում վճարել թունավորումից տուժածներին։