Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում աբխազական սփյուռքի ղեկավար Իրակլի Բժինավան մեղադրվել է «հակառուսական հայտարարությունների» մեջ և ուղարկվել ռազմական հանցագործների համար նախատեսված քննչական մեկուսարան։
Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան հայտարարել է, որ հայրենակցի գործն իր «վերահսկողության տակ է»։
Իրակլի Բժինավան իրավաբանական գիտությունների թեկնածու է, սահմանադրական իրավունքի մասնագետ և Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի դասախոս: 2026 թվականի փետրվարի 4-ին նա Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է «հակառուսական հայտարարությունների և համացանցում էթնիկ ատելություն հրահրելու» մեղադրանքով: Դատարանը խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանավորումը։
Մեկուսարանում, որտեղ հայտնվել է Իրակլի Բժինավան, պահվում են պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք: Այն ունի վատ համբավ. սոցիալական ցանցերում գրում են, որ այնտեղ հաճախ մեղադրյալներից տեղեկատվություն և ցուցմունքներ են կորզում դաժան խոշտանգումների միջոցով։
Բացի այդ, սոցցանցերում Բժինավայի կալանքը կապում են նաև Աբխազիայի տարածքում ռուսական ներքին անձնագրեր տրամադրելու հարցի վերաբերյալ նրա դիրքորոշման հետ։
Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իրակլի Բժինավային տրամադրվել է անհրաժեշտ իրավաբանական օգնություն, իսկ Դոնի Ռոստովում Աբխազիայի պատվավոր հյուպատոսը «կապ է պահպանում նրա հարազատների հետ և իր լիազորությունների շրջանակում փոխգործակցում նրանց հետ առաջացող ցանկացած հարցի շուրջ»։
Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան հայտարարել է, որ գործն իր անձնական վերահսկողության ներքո է։
«Մենք այս ձերբակալության շուրջ աշխատում ենք հատուկ ծառայությունների հետ», — ասել է նախագահը։
Նա հավելել է, որ Բժինավան, բացի Աբխազիայի քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն և վերջին տարիներին բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում։
Իրակլի Բժինավան Աբխազիայի արդեն երկրորդ քաղաքացին է, որին Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել «ծայրահեղականության» հոդվածով։ Նրա ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ Դոնի Ռոստովի ռազմական դատարանը աբխազ բլոգեր Թիմուր Ագրբային էր դատապարտել հինգուկես տարվա ազատազրկման՝ չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաևի «հերոսական կերպարն» ստեղծելու համար։