Կարծիք Հայաստանի տնտեսության «դրական և բացասական շոկերի» մասին
ՌԴ-ից կապիտալի հոսք դեպի Հայաստան
Հայաստանի տնտեսության մոտ 60 տոկոսը կենտրոնացած է մայրաքաղաքում։ Երևանն է մեծամասամբ կրում նաև Ռուսաստանից այցելուների և կապիտալի հոսքի դրական շոկի ազդեցությունները։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Նարեկ Կարապետյանը՝ տարածքային անհամաչափ բաշխվածությունը որակելով որպես «լուրջ հիմնախնդիր»։
«Վատ նորությունն այն է, որ իրականում տնտեսագետներն էլ չունեն դեղատոմսեր, թե ինչպես վարվել դրա հետ»,- հայտարարել է նա։
Factor TV-ի եթերում տնտեսագետն անդրադարձել է Երևանում և մարզերում աշխատուժի բաշխվածությանը, գնաճին, աշխատավարձերին, խոսել առանձին ոլորտներում գրանցված տնտեսական ակտիվության և դրա պատճառների մասին։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ․-ի հունվար-հուլիսին 10.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝
- արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 0.5 տոկոսով,
- շինարարության ծավալն ավելացել է 17.2 տոկոսով,
- մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 14.9 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվար-հուլիսի համեմատ աճել է 3.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը մնացել է նույնը։
«Աշխատուժի մեծ մասը Երևանում է կենտրոնացած»
«Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում են բացվում նոր ՏՏ ընկերությունները, այստեղ են տեղակայված նաև ֆինանսական ոլորտի կառույցները, որոնք աշխատավարձերի էական աճ են ապահովել նախորդ տարի։
Ըստ նրա՝ Երևանի և մարզերի միջև առկա ճեղքը գնալով ավելի է խորանում։ Ասում է՝ ստեղծված իրոողության վերաբերյալ տեսակետները տարբեր են։ Մասնագետների մի խումբ այն կարծիքին է, որ պետք է ավելի շատ ներդրումներ անել մարզերում։
«Բայց կան նաև դրա հակափաստարկները և բազմաթիվ օրինակներ, որ մեծ ներդրումներն ուղղակի փոշիացել են, որովհետև այդ մարզերը ոչ գրավիչ են եղել տնտեսական գործունեության համար»,- ընդգծել է նա։
Կարապետյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կառավարությունը «բավականին բարդ տնային աշխատանք ունի անելու» և պետք է գտնի այն «ճիշտ դեղատոմսերը», որոնք հնարավորություն կտան լուծել տարածքային բաշխվածության խնդիրները։
Ի՞նչ պատճառներով են տուժում մարզերը
Ըստ նրա՝ այս տարի գյուղմթերքի գները որոշակիորեն նվազել են նախորդ տարվա «աննախադեպ» գների համեմատ, սակայն դեռևս մնում են «բարձր մակարդակում», ինչպես 2019 թ․-ին, 2020 թ․-ին և 2021 թ․-ին։
Հիշեցրել է՝ մարզերում աշխատանքի հիմնական ոլորտը հենց գյուղատնտեսությունն է, ինչպես նաև պետական հատվածն ու արդյունաբերական ձեռնարկությունները։ Կարապետյանի համոզմամբ՝ հենց մարզաբնակներն են բախվում տնտեսական խնդիրների՝ պայմանավորված տարածաշրջանային և անվտանգային գործոններով․
«Օրինակ՝ երբ Սոթքի հանքավայրի գործունեության հետ կապված խնդիրներ են լինում, դա մարզերին է վերաբերում, մարդկանց, ովքեր աշխատում են Գեղարքունիքի մարզում և Արարատի մարզում, որտեղ հումքն է վերամշակվում»։
Ասում է՝ մարզերի՝ գյուղմթերքի արտադրություն և վերամշակում իրականացնող աշխատուժն է տուժում նաև այն դեպքերում, երբ լոգիստիկ խնդիրներ են առաջանում Վերին Լարսի անցակետում։
Ինչի՞ հաշվին է աշխատավարձերի աճ գրանցվել
Նարեկ Կարապետյանն ասում է՝ միջին աշխատավարձի աճի մեջ է ներառված նաև նոր աշխատողների աշխատավարձի ցուցանիշը, ինչն էլ «էականորեն բարձրացրել է ցուցանիշը»։ Նոր աշխատողներ ասելով նկատի ունի մասնավորապես՝ Ռուսաստանից Հայաստան եկած ՏՏ մասնագետներին։
«Խոսքը շուրջ 10-15 հազար ոչ ռեզիդենտ աշխատողների մասին է, որոնց միջին աշխատավարձերը 1-2 միլիոն դրամ են»,- նկատել է նա։
«Ճիշտ չի լինի ասել՝ գնաճային ֆոնն ամբողջությամբ հաղթահարվել է»
Տնտեսագետի խոսքով՝ եթե դիտարկենք վերջին 12 ամիսների ցուցանիշները, կնկատենք գնանկումային երևույթներ, բայց պետք է հաշվի առնել նաև նախորդ տարվա «բարձր բազայի» գործոնը, երբ օրինակ՝ գյուղմթերքի գները մեր տնտեսության համար աննախադեպ բարձր էին։
«Գները շարունակում են պահպանվել բարձր մակարդակում։ Ծառայությունների ոլորտում գնաճը նույնպես շարունակվում է։ Մոտ 4 տոկոս աճ ունենք նախորդ տարվա նկատմամբ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը չի շտապում կտրուկ քայլերով նվազեցնել գները, թեև ունի համապատասխան գործիքակազմ․
«ԿԲ խորհուրդն ավելի զգուշավոր է գտնվում։ Եվ նաև հաղորդում են՝ պատճառը դեռևս պահպանվող պահանջարկի գնաճային ճնշումներն են։ Ինչ-որ տեղ գուցե այս առանձին գնանկումային երևույթները նաև բազային գործոնով են պայմանավորում [նկատի ունի նախորդ տարիների բարձր գնաճը]»։
«Ոչ ռեզիդենտները փոքր տոկոս են կազմում»
Ի տարբերություն ծառայությունների ոլորտի, որտեղ գրանցված աճը Կարապետյանը գնահատում է որպես «արտաքին շոկի հետևանք»՝ շինարարությունը ներքին գործոն է համարում։
Առանձնացնում է, մասնավորապես՝ բնակարանների շինարարությունը, այդ ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը։ Նրա կարծիքով՝ առաջիկայում ևս տեմպերը կպահպանվեն, նվազում տեղի չի ունենա, քանի որ ոչ ռեզիդենտ շահառուները փոքր տոկոս են կազմում։
ՌԴ նոր շուկաները՝ «դրական շոկ»
Անդրադառնալով արդյունաբերության ոլորտին՝ նկատել է՝ այն ենթարկվել է մեկ դրական և երկու բացասական շոկերի։ Ըստ նրա՝ դրականը Ռուսաստանում բացված նոր շուկաներն են․
«Մեծ պահանջարկի շուկաներ են։ Որոշ արդյունաբերական կազմակերպություններ իրենց պոտենցիալից ավելի շատ են աշխատում, որպեսզի կարողանան այդ պահանջարկից օգտվել և լրացուցիչ եկամուտներ ստանալ, հետագայի համար նաև իրենց տեղն ամրապնդել այդ շուկաներում»,- պարզաբանել է նա։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը արտահանող կազմակերպությունների մասին է՝ որպես «բացասական շոկ» մատնանշել է փոխարժեքը՝ դրամի արժևորումը․
«Այն հարվածում է արդյունաբերության մրցունակությանը, հատկապես եվրոպական շուկաներում։ Անցյալ տարի դրամը դոլարի նկատմամբ 18 տոկոսով էր արժևորվել, եվրոյի նկատմամբ՝ գրեթե 40 տոկոսով»։
Մյուս բացասական գործոնը, ըստ նրա, հանքարդյունաբերության ոլորտի կրած շոկն է՝ պայմանավորված գների նվազմամբ և փոխարժեքի տատանումներով, ինչպես նաև սահմաններին տիրող իրավիճակով։ Այս իմաստով մատնանշում է Սոթքի դեպքերը։
Կարծում է՝ առանձին դեպքերում, ինչպիսին, օրինակ, վերամշակող արդյունաբերությունն է, շատ կարևոր է պետության միջամտությունն ու իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես՝ որոշակի ռեսուրսներ ուղղորդելը այն ոլորտներ՝ տվյալ դեպքում՝ վերամշակվող արդյունաբերություն, որոնք երկարաժամկետ նշանակություն ունեն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՌԴ-ից կապիտալի հոսք դեպի Հայաստան