Պուտինի հրամանով՝ Ռուսաստանում ճանաչվում են ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ փաստաթղթերը
Կիսվել
Կիսվել
Ռուսաստանն այսուհետ պաշտոնապես ճանաչում է ինքնահռչակ Դոնեցի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների կողմից տրված անձնագրերն ու այլ փաստաթղթերը: Այդ մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փետրվարի 18-ին հրապարակված հրամանում:
Հրամանի տեքստում ասված է, որ Ռուսաստանի Դաշնությունում վավեր են համարվում անձը հաստատող փաստաթղթերը, կրթության և որակավորման մասին փաստաթղթերը, ծննդյան վկայականները, մեքենաների գրանցման փաստաթղթերն ու այլ փաստաղթերը, որոնք տրված են Ուկրաինայի քաղաքացիներին և առանց քաղաքացիության անձանց Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների տարածքներում փաստացի գործող մարմինների կողմից:
Պուտինի որոշմամբ՝ այդ շրջանների բնակիչները կարող են Ռուսաստանի սահմանն առանց վիզայի հատել ԴԺՀ և ԼԺՀ իշխանությունների կողմից տրված փաստաթղթերով:
Հրամանի համաձայն՝ այդ միջոցները ձեռնարկվում են ժամանակավորապես մինչև իրավիճակի քաղաքական կարգավորումը:
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հռչակվել են 2014թ-ի ապրիլին Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացումից հետո, և ներկա պահին վերահսկում են Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի տարածքների մի մասը: ԴԺՀ և ԼԺՀ ինքնիշխանությունը չի ճանաչվել որևէ պետության կողմից` այդ թվում նաև Ռուսաստանի։