Պուտինը համաձայնել է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողության շարունակմանը
Կիսվել
Կիսվել
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են կնքել, որն անվանում են «պատմական»։ Ռուսաստանի նախագահը համաձայնել է, որ Թուրքիան շարունակի քրդերի դեմ ռազմական գործողությունը, հաղորդում է Բի-Բի-Սին։
Սոչիում հոկտեմբերի 22-ին երկու երկրների նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունները տևել են 6 ժամ։
Դրանց ընթացքում խոսքը գնացել է քրդական կազմավորումների դեմ ռազմական գործողության մասին, որը Թուրքիան սկսել է Սիրիայում հոկտեմբերի 7-ին՝ ԱՄՆ կողմից իր զորքերը դուրս բերելու մասին հայտարարության հաջորդ օրը։
Միջազգային փորձագետներն այն կարծիքին են, որ հենց այդ որոշումն է կտրուկ սրել իրավիճակը տարածաշրջանում, քանի որ հենց ամերիկացի զինվորականներն էին երաշխավորում քրդերի անվտանգությունը, որոնք նրա գլխավոր դաշնակիցներն էին այսպես կոչված Իսլամական պետության դեմ պայքարում։
Ի պատասխան Թուրքիայի ակտիվացմանը՝ Ռուսաստանը որպես Սիրիայի նախագահ Ասադի դաշնակից իր զորքերն էր ուղարկել այդ տարածաշրջան։
Թուրքական գործողության շարունակմանը Ռուսաստանի համաձայնությունը թույլ է տալիս խուսափել Ռուսաստանի և Թուրքիայի միջև բախումից։
Ըստ ձեռք բերված համաձայնագրի՝ քրդական ջոկատները 150 ժամ ունեն, որպեսզի լքեն տարածքը, որը նրանք զբաղեցնում են թուրք-սիրիական սահմանի մոտ։
Այնտեղ Թուրքիան պետք է 120 կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծի, որտեղ կվերաբնակեցվեն երկու միլիոն սիրիացի փախստականներ, որոնք ապաստան են գտել Թուրքիայում։
Սակայն կոնֆլիկտի սպառնալիքը պահպանվում է։ Ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցներն, Էրդողանը շարունակում է պնդել, որ բուֆերային գոտին զբաղեցնի ոչ թե 120, այլ 440 կմ։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները միմյանց ձեռք են սեղմում Սոչիում կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հոկտեմբերի 22, 2019։ REUTERS/Sergei Chirikov