Պատերազմ Ուկրաինայում, օր յոթերորդ։ Թարմացվող
-
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտել է Ռուսաստանը ներխուժման համար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 141-ով ձայնով 193-ից, կողմ է քվեարկել և ընդունել Ռուսաստանին դատապարտող բանաձև Ուկրաինա ներխուժելու համար: Գլխավոր ասամբլեան Մոսկվայից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զինված ուժերը։ Բանաձեւը, փաստորեն, ամրագրում է Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացումը ՄԱԿ-ում, գրում է Reuters-ը։ Բանաձեւին կողմ քվեարկողների թվում էր նաեւ Վրաստանը։
Գլխավոր ասամբլեայի 35 անդամներ ձեռնպահ են մնացել, այդ թվում՝ Հայաստանը։ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
Բանաձևին դեմ են քվեարկել 5 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Էրիթրեան եւ Հյուսիսային Կորեան։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը չունեն պարտադրման ուժ, սակայն ունեն մեծ քաղաքական նշանակություն։ Վերջին անգամ Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ է գումարել 1982 թվականին, ասվում է ՄԱԿ-ի կայքում։ Այն ժամանակ Իսրայելի կողմից օկուպացված արաբական տարածքներում քննարկվում էր արտակարգ դրության հաստատման հարցը։
-
Հայաստանի միգրացիոն ծառայությունը Ուկրաինայի որևէ քաղաքացուց ապաստան հայցելու դիմում չի ստացել
Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված՝ Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մարտի 2-ի դրությամբ, որևէ քաղաքացուց ապաստան հայցելու դիմում չի ստացել:
«Այս պահի դրությամբ ծառայությունը թե՛ ՌԴ, թե՛ Ուկրաինայի քաղաքացիներից դիմում չունի: Ապաստանի հայցի հետ կապված զանգեր, նամակներ նույնպես չունենք: Մեր ծառայության իրավասությունների ոլորտում է գտնվում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի հայցերի քննարկումը, ապաստանի տրամադրումը: Ըստ այդմ, եթե մենք ունենանք օտարերկրյա քաղաքացիներ, որոնք կդիմեն այդ հայցով ծառայությանը, ապա պատշաճ ձևով կքննարկենք և համապատասխան որոշում կկայացնենք», — ասել է Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։
ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններով պայմանավորված, մտադիր են հայրենիք վերադառնալ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի ևՌումինիայի սահմանները հատելով, նախապես ստացած Շենգեն գոտու այս երկրների վիզա ունենալու պարագայում նոր վիզա ստանալու կարիք չեն ունենա:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ամբողջ կազմով։ Հայկական դեսպանատունը եզակիներից է, որ չի լքել Կիևը։ Նախարարի խոսքով՝ մինչ այս պահը 1500-ից ավելի զանգեր են ստացվել։ Հայաստանից դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի սահմանակից քաղաքներ՝ հայրենակիցներին խորհրդատվություն տրամադրելու, աջակցելու, նրանց վերադարձը հայրենիք կազմակերպելու համար։
-
Երեկ Մոսկվայում ձերբակալված երեխաները․ տեսանյութ
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 13.30-ի դրությամբ
Օդեսայում հզոր ռմբակոծություն է տեղի ունենում։ Նախնական տվյալներով՝ պայթյունը եղել է օդանավակայանի մոտ։
Խարկովում ռմբակոծել են ոստիկանական բաժանմունքը։ Քաղաքում մարտերը շարունակվում են արդեն չորս օր, տեղի վարչակազմն այսօր հայտնել է, որ արդեն 21 մարդ է զոհվել, 112-ը՝ վիրավորվել։ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական հանրակացարան Խարկովում
Ռուսաստանի զինված ուժերը լիովին վերահսկողություն են հաստատել Խերսոնում, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Ուկրաինան դեռ պաշտոնապես չի հաստատել։ Սակայն Խերսոնի քաղաքապետը հաստատել է դա, նա նաև դիմել է Ուկրաինայի կառավարությանը և մարդասիրական կազմակերպություններին` խնդրելով շտապ դեղորայք և սնունդ ուղարկել քաղաք, ինչպես նաև տարհանել վիրավորներին: ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղական անվտանգության վարչության շենքը մարտից հետո
Ամբողջ գիշեր Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ուսումնարաններին և զորամասերին։
ԱՄՆ նախագահ Բայդենի ելույթի կարևոր դրվագները.
● ԱՄՆ-ը փակում է օդային տարածքը ռուսական ավիացիայի համար։
● ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ խումբ կստեղծի Պուտինի և ռուս օլիգարխների հանցագործությունը հետաքննելու համար։
● Կկալանավորվեն Պուտինի օլիգարխների շքեղ բնակարանները, զբոսանավերը, ինքնաթիռները, հաշիվները։
● ԱՄՆ-ի զորքերը ուղարկվում են Եվրոպա՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և պաշտպանելու Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևի «ամեն թիզը»:
● ԱՄՆ-ը նավթ կվաճառի երկրի ռազմավարական պահուստից՝ գների իջեցման նպատակով։
Աջակցություն Ուկրաինային
Իսպանիան հարձակողական զենք կմատակարարի Ուկրաինային. Իսպանիայի վարչապետ։
Թուրքական նոր անօդաչու սարքեր են առաքվել Ուկրաինա. Ուկրաինայի պաշտպանության նախարար։
ԱՄՆ-ն փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։
Կանադան փակել է նավահանգիստները ռուսական նավերի համար։
Ռուսաստանում
Ռուբլու փոխարժեքը բորսայում շարունակել է իջնել՝ դոլարի գինը հասել է 105,12 ռուբլու, եվրոյինը՝ 116 ռուբլու։
Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի մի քանի թերթեր այսօր լույս են տեսել ուկրաինական պատերազմի դեմ շապիկներով։ Այդ թերթերի առաջին էջերում մեծ տառերով գրված է «Այս խելագարությանը պետք է վերջ տալ»։ «Ռոսկոմնադզորը» արգելում է ռուսական լրատվամիջոցներին նշել, թե ինչ է կատարվում այս օրերին Ուկրաինայում, բայց եթե սևը սպիտակ անվանեք, ապա այն չի դադարի սև լինելուց», — գրված է շապիկների վրա։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 08.30-ի դրությամբ։ «Բանակցությունները հնարավոր են, եթե Ռուսաստանը վերադառնա այն կետին, որտեղ սա սկսվել է»
Ուկրաինայի նախագահ Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում.
● Սա լայնածավալ պատերազմ է։
● Ես ասացի, որ Ուկրաինան կպայքարի, բայց մենք միայնակ չենք կարողանա դա անել։
● Ես Եվրոպային զգուշացրել եմ, որ պատժամիջոցները պետք է կիրառվեն կանխարգելիչ կերպով, և եթե Ռուսաստանը չկանգնեցվի, ապա դրա զորքերը կլինեն Լիտվայի, Լեհաստանի և ՆԱՏՕ-ի այլ երկրների սահմաններին, և այնտեղ ևս կլինեն սադրանքներ։
● Խարկովը պարզապես ռմբակոծվել է երկու թևավոր հրթիռներով։ Պաշտոնական հայտարարություններում ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հրթիռային հարձակումներ են լինելու Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքի վրա, որը գտնվում է Սուրբ Սոֆիայի տաճարից 200 մետր հեռավորության վրա։ Ուստի մենք խնդրում ենք փակել երկինքը և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
● Մենք խնդրում ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ. սա տարածքային ամբողջականություն է, սա այն է, երբ մեր սահմանները պաշտպանված են, և անվտանգությունը մեզ համար իրավաբանորեն ապահովված է։
● Ռուսաստանի հետ բանակցությունների մասին. «Նրանք [Ռուսաստանը] որոշել են սկսել խոսել այս իրավիճակի մասին, և ես իսկապես դա շատ եմ ուզում: Բոլորը պետք է դադարեցնեն պայքարը և վերադառնան այն կետը, որտեղ սա սկսվել է վեց օր առաջ։ Եթե [նրանք] դա անեն, ուրեմն պատրաստ են։ Եթե նրանք պատրաստ չեն, դա պարզապես ժամանակի վատնում է»:
ՆԱՏՕ-ն կարող է օգնել Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ապահովելուն
«Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին կարող է ապահովել ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի վրայով՝ չնայած Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության մեջ ներքաշվելու վտանգի։ Սկզբում դա կարելի է անել Կիևի և Արևմտյան Ուկրաինայի շուրջ՝ դաշնակիցների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, հնարավոր է՝ Թուրքիայի մասնակցությամբ։ Առաջին հերթին, պետք է կանխել հարձակումները խաղաղ բնակչության և կարևոր ենթակառուցվածքների վրա, ինչպիսին է ատոմակայանը», — ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Կուրտ Ուոքերը:
Էլ ինչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում
ԱՄՆ-ն կփակի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։
Wizz Air-ը մոտ 100 հազար անվճար տոմս կտրամադրի ուկրաինացիներին Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Հունգարիա թռիչքների համար։
Apple-ը դադարեցրել է սարքավորումների վաճառքը Ռուսաստանի պաշտոնական առցանց խանութում։
Nike կայքը փակել է վաճառքը Ռուսաստանում պաշտոնական կայքում։
Boeing-ը դադարեցրել է ռուսական ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը, պահեստամասերի մատակարարումը և սպասարկումը։
Exxon Mobil-ը հայտարարեց Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին, ընկերությունը քայլեր է ձեռնարկում դուրս գալու Սախալին-1 նախագծից։ Դա Ռուսաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներով խոշորագույն նավթագազային նախագծերից մեկն է։
Պուտինը հրամանագիր է ստորագրել մարտի 2-ից Ռուսաստանից ավելի քան 10 հազար դոլարով արտարժույթի արտահանումն արգելելու մասին։
Ռուսաստանում արգելափակված են «Էխո Մոսկվին» և «Դոժդ» հեռուստաալիքը։ «Դոժդը» հայտարարել է, որ կշարունակի է աշխատել youtube-ում և սոցիալական ցանցերում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսաստանը կարճ հիշողություն ունի։ Դաշնային ալիքներն անամոթաբար ստում են։ Ռուսական հեռուստատեսությամբ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ ռազմական գրաքննություն է», — ռուս սենատոր Լյուդմիլա Նարուսովան «Դոժդին» տված հարցազրույցում.
-
Նախորդ օրերի թարմացվող լուրերը Ուկրաինայից
Մարտի 1-ի Ուկրաինայում պատերազմի վեցերորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 28-ի Ուկրաինայում պատերազմի հիհգերորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 27-ի Ուկրաինայում պատերազմի չորրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 26-ի Ուկրաինայում պատերազմի երրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 25-ի Ուկրաինայում պատերազմի երկրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 24-ի Ուկրաինայում պատերազմի առաջին օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ