Ուկրաինան և Մոլդովան ԵՄ թեկնածուներ են, Վրաստանը՝ ոչ
Որոշումն ընդունվել է։ Հունիսի 23-ին Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհել է ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ։ Բայց Վրաստանը նման կարգավիճակ չի ստացել։
Եվրամիությունը ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է երկրին տալ թեկնածուի կարգավիճակ, հենց որ իրականացվեն սահմանված առաջնահերթությունները։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ում վրացերենով գրել է.
«Շնորհավորում եմ վրաց ժողովրդին։ Սա պատմական պահ է ԵՄ-Վրաստան հարաբերություններում. Վրաստանի ապագան ԵՄ-ում է»:
Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Twitter-ում գրել է.
«Այսօր լավ օր է Եվրոպայի համար։ Այս որոշումը զորացնում է մեզ բոլորիս։ Ուժեղացնում է Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ռուսական իմպերիալիզմի դեմ։ Եվ սա ամրապնդում է ԵՄ-ն»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես Twitter-ում արձագանքել է որոշմանը.
«Պատմական օր է։ Վրաստանի եվրոպական հեռանկարը ճանաչված է։ Մենք պատրաստ ենք առաջիկա ամիսներին քրտնաջան աշխատել՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար»
Եվրամիությունը հաշվի է առել Եվրահանձնաժողովի՝ հունիսի 17-ի առաջարկությունը, ինչպես նաև Եվրախորհրդարանի բանաձևը, որը հաստատվել էր վերջնական որոշումից մի քանի ժամ առաջ։
Հունիսի 9-ին Եվրախորհրդարանը ևս մեկ բանաձև էր ընդունել՝ Վրաստանում ԶԼՄ-ների ազատության խախտումների և տեղի լրագրողների անվտանգության մարտահրավերների մասին։
Հունիսի 20-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ աննախադեպ լայնածավալ ցույց էր տեղի ունեցել՝ ի աջակցություն Վրաստանի եվրոպական կուրսի։ Տարբեր գնահատականներով՝ ավելի քան հարյուր հազար մարդ եկել էր՝ հայտարարելու Վրաստանի ժողովրդի՝ Եվրոպայի մաս դառնալու և եվրոպական արժեքներին հետևելու ցանկության մասին։