Ուկրաինայի գլխավոր դատախազ. Սահակաշվիլիի արտաքսման համար այլևս խոչընդոտներ չկան
Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը մերժել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին մարզպետ Միխայիլ Սահակաշվիլիին փախստականի կարգավիճակ տրամադրել, ինչը նրան երկրից արտաքսելու հնարավորություն է տալիս: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն․ տեղեկացնում է Հրոմադսկոյեն:
«Պետական միգրացիոն ծառայությունը մերժել է նրան փախստականի կարգավիճակ տրամադրել, որի համար նա դիմել էր, և պարոն Սահակաշվիլին, ինչպես միշտ, այդ որոշման բողոքարկման համար դատարան չի դիմել», — հաղորդել է Լուցենկոն:
Այսպիսով, ըստ նրա, «բացակայում են որևէ հատուկ հանգամանքներ», որոնք կարող էին կանխել Սահակաշվիլիի վտարումը կամ արտահանձնումը:
Լուցենկոն Սահակաշվիլիին մեղադրել է նաև պետական հեղաշրջման փորձի համար: Նրա խոսքով՝ երբ Սահակաշվիլին Օդեսայի մարզպետ եղած ժամանակ ենթականերին ստիպել է Ուկրաինայի կեցության իրավունք ձևակերպել Վրաստանի 20 քաղաքացու համար:
«Այժմ նրանք հեղաշրջում են նախապատրաստում, դա չի անցնի… Սահակաշվիլին պետությանը մարտահրավեր է նետել, իրավապահները նրան կպատասխանեն», — ասել է Լուցենկոն:
Սահակաշվիլիի կողմնակիցները հոկտեմբերի 17-ից բողոքի ակցիա են անցկացնում Գերագույն Ռադայի առջև՝ պահանջելով բարեփոխումներ իրականացնել:
Հիշեցնենք, որ 2017թ—ի հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հրամանով Սահակաշվիլիին զրկել էր ուկրաինական քաղաքացիությունից, քանի որ Սահակաշվիլին թղթերը ձևակերպելիս սխալ տեղեկատվություն էր նշել, մասնավորապես, թաքցրել էր, որ Վրաստանում նրա դեմ քննություն է անցկացվում:
Սահակաշվիլին քաղաքացիության զրկման պահին գտնվում էր ԱՄՆ—ում: Վրաստանի նախկին նախագահը Պորոշենկոյին մեղադրեց քաղաքական հետապնդման համար: Սահակաշվիլին ուներ միայն ուկրաինական քաղաքացիություն, հետևաբար, Պորոշենկոյի որոշումից հետո նա դարձավ քաղաքացիություն չունեցող անձ: Ուկրաինական իշխանությունները հայտարարեցին նրա անձնագրի չեղարկման մասին, ինչը չխանգարեց Սահակաշվիլիին ԱՄՆ—ից Լեհաստան գալ, այնուհետև Եվրոպայում շրջագայել:
Սեպտեմբերի 10-ին Սահակաշվիլին մի քանի անհաջող փորձերից հետո կարողացավ հատել լեհ—ուկրաինական սահմանը։ Նրա կողմնակիցների ամբոխը՝ ճեղքելով իրավապահների շղթան, նրան բառացիորեն «տեղափոխեց» ուկրաինական տարածք: Վրաստանի նախկին նախագահն ու նրա կողմնակցիները հայտարարում են, որ այդ իշխանություններն են խախտել օրենքը, երբ փորձել են նրան թույլ չտալ սահմանին սահմանային վերահսկողություն անցնել, ինչպես նաև դատարանում այդ որոշումը բողոքարկելու համար քաղաքացիությունից զրկելու մասին փաստաթղթեր չեն տրամադրել:
Ուկրաինայի ՆԳՆ—ում հայտարարեցին, որ 11 ոստիկան և 5 սահմանապահ է տուժել Սահակաշվիլիի սահմանը հատելու պահին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը սահմանին տեղի ունեցած բախումների պատճառով 5 մարդ է ձերբակալել:
2017թ—ի սեպտեմբերի 24-ին դատարանը Սահակաշվիլիին 130 ԱՄՆ դոլարի չափով տուգանք է նշանակել սահմանի ապօրինի հատման համար:
Սեպտեմբերի սկզբին Ուկրաինան Վրաստանի գլխավոր դատախազությունից Միխայիլ Սահակաշվիլիի հետխուզման, նրան կալանքի տակ առնելու և արտահանձնման հարցում է ստացել։ Նրա դեմ հայրենիքում մի քանի քրեական գործ է հետաքննվում: