14 մարդ է մահացել Թուրքիայում և Հունաստանում այն բանից հետո, երբ հոկտեմբերի 30-ի երեկոյան Էգեյան ծովում 6.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Մի քանի քաղաքներում շենքեր են փլվել, և կղզիները հեղեղվել են ծովի մեծ ալիքների պատճառով։
Թուրքիան ու Հունաստանը միմյանց օգնելու պատրաստակամություն են հայտնել։
Փլատակների մաքրում Իզմիրում երկրաշարժից հետո։ 2020 թ-ի հոկտեմբերի 30։ REUTERS/Tuncay Dersinlioglu
Մեծապես տուժել է Թուրքիայի Իզմիր քաղաքը, փլվել է ոչ պակաս քան 17 բնակելի շենք։
Թուրքական Իզմիրում երկրաշարժի հետևանքով փլված բնակելի շենքերից մեկը։ 2020 թ-ի հոկտեմբերի 30։ REUTERS/Tuncay Dersinlioglu
Տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների դեպարտամենտը (AFAD) հայտարարել է, որ Թուրքիայում 12 մարդ է զոհվել, նրանցից մեկը խեղդվել է։ 419 մարդ վիրավորվել է։
Իզմիրի նահանգապետը հաղորդել է, որ 70 մարդ է փրկվել փլատակների տակից։
Տեսախցիկը նկարահանել է երկրաշարժի պահն Իզմիրի բնակարաններից մեկում․
Հունական Սամոս կղզում երկու դեռահաս՝ մեկ տղա և մեկ աղջիկ, մահացած են գտնվել փլուզված բնակելի շենքում։
Փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ջրհեղեղ
Իզմիրի քաղաքապետ Իսմայիլ Եթիսքինը Reuters-ին ասել է Reuters-ին, որ երկրաշարժի հետևանքով «փոքր ցունամիի պես մի բան է տեղի ունեցել»։
Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում են վնասված սառնարաններ, աթոռներ և սեղաններ, որոնք «լողում են» փողոցներում ջրհեղեղի ժամանակ։
TRT Haber հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել, որտեղ ջուրը քշում է ավտոմեքենաները։
Թուրքիան ու Հունաստանը պատրաստ են օգնել միմյանց
Թուրքիան ու Հունաստանը ներգրավված ենդաժան վեճի մեջ՝ Միջերկրական ծովի արևելյան մասում հայտնաբերված գազի նոր հանքավայրի նկատմամբ իրավունքի խնդրով։ Սակայն այս ողբերգությունը միանգամից մերձեցրել է նրանց։
Երկու երկրների արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել և միմյանց սատարել։
Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Հունաստանին, եթե պետք լինի։
Թուրքիան այն երկրների թվին է պատկանում, որտեղ երկրաշարժի ռիսկ կա։ Ավելի քան 17 հազար մարդ է զոհվել 1999 թ-ի օգոստոսին, երբ 7,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Իզմիթում՝ Ստամբուլից դեպի հարավ-արևելք գտնվող քաղաքում։
2011 թ-ին Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ էր մահացել։