Բաքվում հանրահավաքի ժամանակ ձերբակալվածներին քաղաքից դուրս են բերել և ազատ արձակել։ Թարմացում
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանական ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» և «Մուսավաթ» կուսակցությունների չարտոնված ցույցը նշանակված էր փետրվարի 16–ին ժամը 15.00–ին Բաքվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Քաղաքային իշխանություններն արտոնել էին հանրահավաքը, եթե այն անցկացվեր Լոքբաթան քաղաքամերձ ավանում։ Սակայն ընդդիմադիրները չէին համաձայնել և որոշել էին հավաքվել քաղաքում։
22.00
Բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են Բաքվի հանրահավաքի ժամանակ, ազատ են արձակել։ Ոստիկանությունը նրանց ավտոբուսներով դուրս է բերել քաղաքից և ազատ արձակել։
Բլոգեր, պատգամավորի թեկնածու և նախկին քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովին ոստիկանությունն ազատ է արձակել Քյուրդախանի ավանի մոտ, որը քաղաքից երկու ժամ հեռավորության վրա է։
«ՌԵԱԼ» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի խոսքով՝ իրեն չորս ժամ «ման են տվել» ավտոմեքենայով, հետո ազատ արձակել մայրուղում։
17:00
Նախանշված ժամին ԿԸՀ շենքի դիմաց մի քանի տասնյակ ընդդիմադիր և ակտիվիստ է հավաքվել, ինչպես նաև լրագրողներ, շատ ոստիկաններ և հատուկջոկատայիններ։
Ոստիկանությունը շղթայել էր ողջ տարածքը, մասնակիցներին ձերբակալում էին նրանց հայտնվելուն պես և մտցնում ավտոբուսները։ Նրանց մի մասին տարել էին որոշակի հեռավորության վրա և բաց թողել։
Ըստ նախնական տվյալների՝ ձերբակալվել է ոչ պակաս, քան 50 մարդ։
Փետրվարի 16–ի հանրահավաքը Բաքվում։ Ոստիկանությունը լայն օղակով շղթայել է հանրահավաքի անցկացման ողջ տարածքը։
Հանրահավաքի մեկնարկից երկու ժամ առաջ ԿԸՀ-ի շենքի հարակից տարածքում ոստիկաններ են հավաքվել։
Ակցիայի անցկացման վայր մեկնելիս կամ տնից անմիջապես դուրս գալիս ձերբակալվել են «Հանրապետական այլընտրանքի» առաջնորդ Իլգար Մամեդովը, «Մուսավաթ» կուսակցության մի քանի ակտիվիստ և հանրահավաքի ևս մի քանի պոտենցիալ մասնակից։ Ոստիկանությունը շղթայել է «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլիի տունը։
Ոստիկանությունը վերահսկում է նաև երկաթգծի կայարանի դիմացի հրապարակը (JAMnews)
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են փետրվարի 9–ին։ Դրանցում հերթական անգամ հաղթանակն է տարել իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը։
Ընդդիմադիր անկախ թեկնածուներից շատերն ընտրությունների արդյունքները կեղծված և ոչ ժողովրդավարական են համարել։ Դրա հետ համաձայն են նաև ընտրություններին հետևած միջազգային կազմակերպությունները։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ ընտրություններն ազնիվ են անցել։
Փետրվարի 11–ին մի խումբ անկախ թեկնածուներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԸՀ շենքի մոտ, սակայն ոստիկանությունն այն դաժանաբար ցրել է։
Դեռևս ընտրությունների մեկնարկից առաջ «Հանրապետական այլընտրանք» (ՌԵԱԼ) կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը խոստացել էր զեղծարարությունների դեպքում հանրահավաք անել։ Ընդ որում, ՌԵԱԼ–ի անդամ Էրքին Գադիրլին, այնուամենայնիվ, խորհրդարան է անցել՝ դառնալով ընտրություններում հաղթած միակ ընդդիմադիրը։