Դուր է գալիս ինչ-որ մեկին, թե՝ ոչ, սակայն Դոնալդ Թրամփն Ամերիկայի 45-րդ նախագահն է և մոտակա 4 տարիներին Սպիտակ տունը ղեկավարելու է նրա աշխատակազմը: Ովքե՞ր են այդ մարդիկ՝ Թրամփի թիմի անդամները:
Մենք հակիրճ տեղեկատու ենք ներկայացնում նրանց համար, ովքեր չեն կարծում, որ Ամերիկայի ներքին գործերը մեզ չեն վերաբերում:
ՄայքՓենս, փոխնախագահ, 58 տարեկան
Ինդիանա նահանգի գուբերնատոր, վետերան կոնգրեսմեն: Ամերիկացիների մեծ մասը նրա գոյության մասին իմացել է 2015թ-ին, երբ գուբերնատոր Մայք Փենսը սկանդալային «Կրոնական ազատության վերականգնման մասին» ակտ է ստորագրել: Այդ փաստաթղթի համաձայն՝ Ինդիանա նահանգի մասնավոր հատվածի ցանկացած ներկայացուցիչ կարող էր չսպասարկել ԼԳԲՏ ներկայացուցչին, քանի որ դա հակասում է իր կրոնական պատկերացումներին: Այդ օրենսդրական ակտի վերաբերյալ նախագահ Օբաման մի անգամ կատակել է. «Ես ու Ջոնը (Բայդեն) վերջերս այնպես ենք մերձեցել, որ Ինդիանա նահանգի ռեստորաններում մեզ հրաժարվում են պիցցա տալ»: Արդյունքում Փենսը մեղմացրել է այդ հարցին իր մոտեցումը, քանի որ Հանրապետական կուսակցությունում ակտին դեմ հանդես եկողներ են ի հայտ եկել:
Մեջբերում.«Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ինդիանայի Սահմանադրությունները ճանաչում են կրոնական ազատությունը, սակայն հավատացյալներից շատերը վախենում են, որ նրանց կրոնական ազատությանը սպառնում են հենց կառավարության գործողությունները»: