Նոր քրեական գործ է հարուցվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր դեմ
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-Հարավ» միջպետական ավտոմայրուղու շինարարության ժամանակ թույլ տրված չարաշահումների փաստով։ Լյովա Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Եվ սա առաջին քրեական գործը չէ նախկին նախագահի այս եղբոր և մյուս ազգականների դեմ։
• Հայաստանի նոր կառավարությունը կշարունակի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը
Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2018թ-ի «թավշյա» հեղափոխությունից և իշխանափոխությունից անմիջապես հետո։
Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափի խարդախության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և զենքի ապօրինի պահպանման, ապօրինի հարստացման և գույքը թաքցնելու մեջ։
• Քրեական գործերը, որոնցով մեղադրվում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ շրջապատը
Ինչ նոր մեղադրանքի մասին է խոսքը
Լյովա Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ օգտագործել է իր ազդեցությունը պատասխանատու պաշտոնյաների վրա ենթակապալառու կազմակերպությունների ընտրության ժամանակ և օրինականացրել դրա դիմաց ստացված գումարը։ Ընդ որում, գործը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» նախագծին, որն անկախ Հայաստանի ամենախոշոր և թանկարժեք տրանսպորտային նախագիծն է։ Տվյալ դեպքում խոսքը գնում է 250 մլն դոլար արժողությամբ շինաշխատանքների իրականացման մասին։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ենթակապալառու կազմակերպության ընտրությունը հանցավոր սխեմայով է կատարվել։
Բանն այն է, որ, ըստ օրենքի, ենթակապալառուին պետք է ընտրեր գլխավոր կապալառուն, այս դեպքում՝ իսպանական Corsan Corviam Construccion կազմակերպությունը, որը պատասխանատու է «Հյուսիս-Հարավ» ներդրումային նախագծի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների համար։
Բացի այդ, պետք էր ստանալ ծրագրի ինժեների և նախագծի պատվիրատուի՝ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությունը։
Սակայն պարզվել է, որ այդ գործընթացները ղեկավարել է Լյովա Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպանը, երրորդ նախագահի եղբայրը։
Նա գործել է ծրագրի ենթակապալառու «Պոլիտրանսպորտ» կազմակերպության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ համաձայնությամբ։
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ նախկին նախագահի եղբայրն իր ծառայությունների դիմաց «կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է աշխատանքների իրականացումից սպասվող եկամտի 50%-ը», նաև կազմակերպել է ստացված գումարի օրիկանացումը։
Սարգսյանի ու Վարդանյանների նկատմամբ, որոնց հետ միասին կատարվել է հանցագործությունը, հետախուզում է հայտարարվել, դատարան է ներկայացվել նրանց կալանքի մասին միջնորդություն։
Ինչ է իրենից ներկայացնում «Հյուսիս-Հարավ» նախագիծը
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին պետք է միավորի երկրի հյուսիսն ու հարավը։ Հյուսիսում այն կմիացնի Հայաստանը Վրաստանի հետ և կապահովի ելքը դեպի Սև ծով և եվրոպական երկրներ։ Հարավում այն երկիրը կապում է Իրանի հետ։ Այս նախագծի շնորհիվ՝ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ։
Ամենահամեստ հաշվարկներով, 490կմ երկարությամբ մայրուղին ընդհանուր առմամբ ավելի քան երկու միլիարդ դոլար կարժենա։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2012թ-ին, սակայն մինչև այսօր շահագործման է հանձնվել հինգ հատվածներից միայն մեկը։ Իշխանությունները պետք է ֆինանսավորում գտնեն շինարարությունն ավարտելու համար, և, ըստ ամենայնի, այն կիրականացվի միջազգային վարկատուների տրամադրած գումարներով։
2018թ-ի դեկտեմբերից շինարարությունը կասեցվել է։ Ըստ փորձագետների՝ նախագիծը չափազանց ծախսատար է։ Նրանք առաջարկում են միջոցները ներդնել այլ ռազմավարական ծրագրերի մեջ, որոնք ավելի մեծ տնտեսական արդյունք կտան։ Բանն այն է, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մեկ կիլոմետրի շինարարությունը 3.6 մլն դոլար է արժենում, իսկ բարդ հատվածներում գինը կարող է հասնել 12մլն դոլարի։
Սակայն արդեն 2019թ-ի հուլիսին Հայաստանի նոր իշխանություններն, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական կառավարությունը հայտարարել է, որ ճանապարհի շինարարությունը շարունակվելու է։
Նախկին նախագահի հարազատների նկատմամբ մեղադրանքները
Լյովա Սարգսյանը մեղադրվում է նաև առավել խոշոր չափերի հափշտակության համար։ Այս հանցանքի մասին Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է տվել գործարար Վլադիսլավ Մանգասարյանը։
Մեկ այլ քրեական գործով նա մեղադրվում է հայտարարգրման ենթակա տվյալներ թաքցնելու և ապօրինի հարստացման համար։ Այս գործում ներգրավված է նաև նրա դուստր Անի Սարգսյանը։
Քրեական գործեր են հարուցվել նաև նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և նրա որդիների դեմ։
2019թ-ի հուլիսին դատարանը բավարարել է Արա Մինասյանի կալանքի վերաբերյալ քննության ներկայացրած միջնորդությունը։ Նա նախկին նախագահի փեսայի հայրն է, Սերժ Սարգսյանի դստեր սկեսրայրը։