Նեմցովի սպանության վայրում նրա հիշատակին նվիրված երթից հետո 6 ակտիվիստ է ձերբակալվել
Կիսվել
Կիսվել
Մոսկվայի ոստիկանությունը փետրվարի 27-ին Բորիս Նեմցովի «ժողովրդական հուշարձանի» մոտ, որը գտնվում է Մեծ Զամոսկվորեցկի կամրջի մոտ, 6 մարդ է ձերբակալել: Ավելի ուշ ձերբակալվածներին բաց են թողել:
Ձերբակալությունից առաջ հուշարձանին 4 ոստիկանական մեքենա է մոտեցել, դրանցից անմիջապես հետո՝ «Գորմոստի» 7 մեքենա, որոնք տարել են բոլոր ծաղիկներն ու նկարները: Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը, սկզբում կամրջի վրա 5 ակտիվիստ է ձերբակալվել, ևս մեկը՝ մեկ ժամ անց:
Նախօրեին Մոսկվայում երթ անցկացվեց ի հիշատակ երկու տարի առաջ Կրեմլի մոտ գտնվող Զամոսկվորեցկի կամրջի վրա սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի: Երթը մեկնարկել է Ստրաստնոյ բուլվարից և անցել Սախարովի պողոտայով: Որից հետո մասնակիցները ծաղիկներ են դրել սպանության վայրում: Ընդդիմության տվյալներով՝ երթին 15 հազարից ավել մարդ է հավաքվել: Մոսկվայի ոստիկանությունը 5 հազար մասնակից է հաշվել:
Բորիս Նեմցովի սպանության գործով Չեչնիայի 5 բնակիչ է ձերբակալվել: Կասկածյալներից մեկը՝ Բեսլան Շավանովը, զոհվել է ձերբակալության ժամանակ: Մեղադրյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, չնայած որ ավելի վաղ նրանցից ոմանք խոստովանական ցուցմունքներ են տվել: Նեմցովի գործով դատական գործընթացը Մոսկվայի շրջանային ռազմական դատարանում ընթանում է 2016թ-ի հոկտեմբերից: Սպանության պատվիրատու քննությունը համարում է Ռուսլան Մուխուտդինովին՝ ՆԳՆ ներքին զորքերի «Հյուսիս» չեչենական գումարտակի մարտիկին, որը ներկա պահին թաքնվում է արտասահմանում: Նեմցովի համախոհները կարծում են, որ մեղադրանքներ են առաջադրվել միայն սպանության կատարողներին, այլ ոչ թե կազմակերպիչներին: