ՆԱՏՕ-ն ներողություն է խնդրում, որ Էրդողանն ու Աթաթուրքը թիրախների են վերածվել
Կիսվել
Կիսվել
Ուրբաթ՝ նոյեմբերի 17-ին, հայտնի է դարձել, որ Թուրքիան ետ է կանչել իր 40 զինվորներին ՆԱՏՕ-ի զորավարժություններից, որոնք անցկացվում են Նորվեգիայում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարզվել է, որ որպես թիրախ այդ զորավարժություններին օգտագործում են Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի պատկերները, հաղորդում է The Guardian-ը:
Մի քանի բարձրաստիճան պաշտոնյա արդեն հայցել են Թուրքիայի ներողամտությունն ու հայտարարել, որ կատարվածը սխալմունք է: Նրանց թվում է Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակե-Յենսենն ու ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նորվեգական կողմը հայտարարել է, որ կատարվածը չի արտացոլում Օսլոյի դիրքորոշումն ու նորվեգացի մի սպայի չարտոնված գործողությունների արդյունք է: Նրան, ըստ Բակե-Յենսենի, արդեն հեռացրել են աշխատանքից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի ընդունել ներողությունն ու ասել է, որ “այդպիսի պայմաններում ոչ մի միություն չի կարող լինել”:
Թուրքական բանակը ՆԱՏՕ-ի երկրների շրջանում մեծությամբ երկրորդ բանակն է: Նրա հետագա մասնակցությունը դաշինքի աշխատանքին այժմ հարցականի տակ է: Թուրքիայի հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ հետ վատթարացել են 2016թ-ի ամռանը երկրում անհաջող հեղաշրջման փորձից հետո: Այն ժամանակ թուրքական բանակի մի խումբ գեներալներ փորձեցին տապալել Էրդողանի կառավարությունը: Այն բանից հետո, երբ նախագահը կարողացավ ճնշել հեղաշրջման փորձը, Թուրքիայում զանգվածային զտումներ սկսվեցին պետական հաստատություններում, ուսումնական հաստատություններում, ԶԼՄ-ներում և դատարաններում:
Թուրքիան, որը հետևողականորեն շարժվում էր դեպի Եվրամիություն, կտրուկ փոխեց ուղղությունը: Այդ օրվանից միանգամից մի քանի դիվանագիտական կոնֆլիկտ տեղի ունեցավ Թուրքիայի և եվրոպական երկրների միջև: