Մարտի 23-ին Կիևի կենտրոնում սպանվել է Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Վիրավորվել է նրա թիկնապահը: Կրակողը վիրակորվել է պատասխան գնդակով և ավելի ուշ՝ մահացել հիվանդանոցում:
Իրադարձությունը տեղի է ունեցել կեսօրին Կիևի «Պրեմիեր-Պալաս» հյուրանոցի մոտ: Վորոնենկովի վրա կրակել են ՏՏ ատրճանակից:
Դենիս Վորոնենկովը նախորդ գումարման Պետդումայի պատգամավոր էր, նոր խորհրդարան չէր անցել և 2016թ-ի վերջին տեղափոխվել էր Կիև՝ ուկրաինական քաղաքացիություն ստանալով: Այնտեղ նա սկսել էր քննադատել Ռուսաստանի քաղաքական իրավիճակը և Գլխավոր դատախազությունում ցուցմունքներ տվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պետական դավաճանության գործի վերաբերյալ:
Վորոնենկովի հետ միասին Ուկրաինա էր տեղափոխվել նրա կինը՝ Մարիա Մակսակովան, որը նույնպես ՌԴ խորհրդարանի պատգամավոր է, օպերային երգչուհի, Մարիինյան թատրոնի մեներգչուհի և քրեական հեղինակություն Վլադիմիր Տյուրինի նախկին կինը:
Ռուսաստանում Դենիս Վորոնենկովի դեմ քրեական գործ է հարուցված խաբեությամբ մեկուկես միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք զավթելու համար: Նա գնդապետի կոչում և գիտությունների դոկտորի աստիճան ուներ: Ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ՝ Վորոնենկովը այսպես ասած «որոշող» էր՝ մարդ, որն ի վիճակի է քրեական գործարքներում կողմերի կոնֆլիկտները հարթել:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Վորոնենկովի սպանությունը «Ռուսաստանի կողմից քաղաքական ահաբեկչության ակտ» է անվանել: Պուտինի մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին չպարզված հանգամանքներում հանկարծամահ է եղել ՄԱԿ ռուսաստանյան ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Ժամանակին նա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին ցուցադրել էր Վիկտոր Յանուկովիչի նամակը Վլադիմիր Պուտինին, որտեղ նա խնդրում էր Ուկրաինայի տարածք ռուսական զորքեր մտցնել: Չուրկինի մահվանից հետո ռուսական կողմը սկսել է հերքել նման դիմումի գոյությունը: