Մարտեր Ուկրաինայում, օր չորրորդ։ Թարմացվող
-
Ուկրաինայի մասին` հակիրճ ժամը 23.00-ի դրությամբ
🔘 Կիևը շրջապատված է, ռուսական զորքերը կտրել են այն երկրի մնացած տարածքից, քաղաքից տարհանումն անհնար է, այն հումանիտար աղետի եզրին է. ոչնչացված է սննդի և դեղորայքի առաքման ենթակառուցվածքը։ Սա քաղաքապետ Կլիչկոյի հայտարարությունն է։ «Սակայն Կիևի ժողովուրդը չի պատրաստվում հանձնվել և մտադիր է պայքարել իրենց ազատության համար», — ասել է նա:
🔘 Հրթիռային հարված Ժիտոմիրի օդանավակայանի վրա։ Ուկրաինայի իշխանությունները նշում են, որ հարվածը հասցվել է Բելառուսի տարածքից։ Երբ այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվեցին բանակցություններ վարել ուկրաինա-բելառուսական սահմանի շուրջ, Լուկաշենկոն անձամբ խոստացավ Զելենսկիին, որ Բելառուսի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողություն չի լինի։
🔘 Շչաստյե և Ստանիցիա Լուգանսկայան բնակավայրերը օկուպացված և գրեթե լրիվ ավերված են, իրավիճակը հումանիտար աղետի եզրին է հասել, հայտարարել է Լուգանսկի վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը. «Ավերվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ։ Մարդիկ մշտապես նկուղներում են։ Մենք չենք կարող բնակչության տարհանում իրականացնել կամ գոնե հաց ու ջուր բերել մարդկանց։ Ոչ մի հաղորդակցություն չկա, ոչ էլ դրանք վերականգնելու միջոց»։
🔘 Բելառուսի տարածքից Իսկանդերի հարվածից ավերվել է կինոթատրոն Չեռնիգովի հենց սրտում։
🔘 ԵՄ-ն պատմության մեջ առաջին անգամ պատրաստ է սկսել զենք մատակարարել Ուկրաինային։
🔘 Թուրքիան պաշտոնապես հաստատել է, որ փակել է իր նեղուցները Ռուսաստանից և Ուկրաինայից նավերի համար։
🔘 «Բրիթիշ Փեթրոլիումը» ազատվում է «Ռոսնեֆտ»-ի իր բաժնեմասից, որը կազմում է ընկերության գրեթե 20%-ը։ Բրիտանական նավթային հսկայի ղեկավարը լքում է «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհուրդը։
🔘 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ խոստովանել է, որ ռուս զինծառայողների թվում կան զոհեր, վիրավորներ և գերիներ, սակայն կոնկրետ թվեր չեն նշվել։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ խոսքը ավելի քան 3500 մարդու մասին է։
🔘 Ուկրաինայում Կադիրովի մարտիկները խոցվել են թուրքական «Բայրաքթարի» կողմից, ասել է Խրիստո Գրոզևը Bellingcat-ից։ Ոչնչացվել է V տառով նշված զինտեխնիկայի մի շարասյուն, Գրոզևի խոսքով՝ մոտ 70 մարտիկ ողջ-ողջ այրվել են։ Մնացածը հետ են գնացել դեպի սահման։ ՍակայնԿադիրովը հատարարում է, որ չեչեն մարտիկները կզբաղեցնեն Ուկրաինայի ամենաթեժ կետերը, կորուստներ չկան.։
🔘 Եվրամիությունը կարգելի բոլոր գործարքները Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հետ։
🔘 ԵՄ-ն ամբողջությամբ կարգելի քարոզչական Russia Today-ի և Sputnik-ի աշխատանքը Եվրամիության երկրներում։
🔘 Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ է նախապատրաստում Լուկաշենկոյի ռեժիմի դեմ։
🔘 Ռուսաստանը առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկորցնի մի քանի հարյուր քաղաքացիական ինքնաթիռ։ Իռլանդական լիզինգային ընկերությունները մի քանի օրվա ընթացքում կխզեն ռուսական ավիաընկերություններին օտարերկրյա ինքնաթիռների վարձակալության պայմանագրերը և կպահանջեն վերադարձնել դրանք, գրում է բրիտանական The Independent-ը։
🔘 Եվրամիությունն ամբողջությամբ փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի համար։
🔘 Սպիտակ տունը Չինաստանին կոչ է անում քննարկել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա — Reuters.
🔘 Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 43 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն, ինչպես նաև 135 հազար դաշտային սննդային չափաբաժիններ, 5 հազար սաղավարտ, 5 հազար զրահաբաճկոն և 5 հազար մեկանգամյա օգտագործման հակատանկային նռնականետ, հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։
🔘 Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չի դիտարկում զինվորականներին Ուկրաինայում գործողությանը մասնակցության հարցը։
🔘 Ուկրաինայի նախագահին աջակցության մակարդակը հասել է 91%-ի, ինչը երեք անգամ ավելի է, քան 2021 թվականի դեկտեմբերին։
🔘 Վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայից Եվրոպա է մեկնել մոտ 368 հազար քաղաքացի, հայտնում են ՄԱԿ-ից։
🔘 OncoAlert-ը՝ ուռուցքաբանների համաշխարհային ցանցը, հայտարարել է, որ այլևս չի համագործակցի Ռուսաստանի հետ. «Մենք չենք կարող մի կողմ կանգնել և չխոսել ռուսական ագրեսիայի դեմ՝ մեր ուկրաինացի ընկերների և գործընկերների նկատմամբ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրահայտ բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի ուղերձը. «Եվ հիմա ուզում եմ ասել, որ մարդիկ [Ռուսաստանում] հասկանան ինձ։ Դուք պատերազմում եք ոչ թե մեր իշխանության, ոչ թե մեր բանակի հետ, այլ մեր ժողովրդի հետ։ Սա մեր հողն է։ Մենք այստեղ տանն ենք։ Եվ մենք չենք ձեզ մոտ եկել: Մեզ պետք չէ ազատագրել։ Մենք ինքներս մեզ կազատագրենք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզում մարդիկ վանկարկում են «Պուտինը մարդասպան է» և երգում ուկրաինական մարշը։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ ժամը 18.00-ի դրությամբ: Բանակցություններ տեղի կունենան; Ռուսական զորքերը չեն կարողացել գրավել Ուկրաինայի խոշոր քաղաքներից ոչ մեկը
🔘 Կիևի քաղաքապետ Կլիչկո. Կիևը պաշտպանվում է, մայրաքաղաքում ռուսական զորքեր չկան։ Գիշերը բախումներ ու փոխհրաձգություն է եղել դիվերսիոն խմբերի հետ։ Ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 9 խաղաղ բնակիչ, 18 ռազմական և տարածքային պաշտպանության մարտիկ, ինչպես նաև 4 անհայտ անձ։ Տուժել է 106 մարդ, որոնցից 47-ը խաղաղ բնակիչներ են։
🔘 Կիևի քաղաքապետարանը դիմել է Կիևի բնակիչներին՝ խնդրելով օգնել կազմակերպել մայրաքաղաքի Սոլոմենսկի շրջանի պաշտպանությունը։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
🔘 Ալեքսանդր Լուկաշենկոն զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին, հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսականի հետ ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ։ Լուկաշենկոն պատասխանատվություն է վերցրել այն փաստի համար, որ ուկրաինական պատվիրակության դեպի սահման ուղևորվելու, բանակցությունների և վերադարձի ընթացքում Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները կմնան տեղում։
🔘 Կրեմլ. Իսրայելի վարչապետը զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ և առաջարկել միջնորդի դերում հանդես գալ Ուկրաինայի հետ բանակցություններում։ Պուտինը պատասխանել է, որ ռուսական պատվիրակությունը գտնվում է Բելառուսում և պատրաստ է բանակցությունների Գոմելում։
🔘 Շվեյցարիան փորձում է ռուս-ուկրաինական հանդիպում կազմակերպել, հայտնում է տեղական հեռուստատեսությունը։
🔘 Մեծ Բրիտանիայի արտգործնախարար. «Ռուսաստանի հետ մինչ Ուկրաինայից զորքերի դուրսբերումը չի կարելի բանակցել։ Ռուսներն իրավունք չունեն ուկրաինացիների հետ բանակցել նրանց գլխին զենքը պահած»։
🔘 Շվեյցարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին Շվեյցարիայի նախագահին խնդրել է Ժնևում համաժողով անցկացնել՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Որ տարածքներում են ռուսական զորքերը առաջ խաղացում ունեցել (CNN-ի տվյալներով)
🔘 Ուկրաինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի, Խարկովի փողոցներում մարտերը շարունակվում են, արդեն երկրորդ օրն է ռուսական զորքերը քաղաք են մտել, սակայն այն ներկայումս դեռ գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։ Խարկովում ուկրաինական զորքերի հրամանատար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ տասնյակ ռուս զինծառայողներ հանձնվել են։
Վերջին օրերին մարտեր են ընթացել նաև Կիևում և հարավային Խերսոնում։
Սակայն մինչ այժմ ռուսական զորքերը չեն կարողացել գրավել Ուկրաինայի խոշոր քաղաքներից ոչ մեկը փետրվարի 24-ին ներխուժումից հետո:
Ռուսաստանը բախվում է ուկրաինական բանակի կողմից «սպասվածից ավելի կոշտ» դիմադրության, ինչպես նաև անսպասելի դժվարությունների՝ իր ուժերը մատակարարելու հարցում, CNN-ին ասել են ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ռազմի դաշտում Ռուսաստանը սպասվածից ավելի մեծ կորուստներ է կրում անձնակազմի, զրահատեխնիկայի և ավիացիայի առումով։ Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ ուկրաինական հակաօդային պաշտպանությունն ավելի լավ էր գործում, քան ամերիկյան հետախուզության գնահատականները ենթադրում էին ներխուժումից առաջ:
Բացի այդ, Ռուսաստանը դեռ պետք է օդային գերակայություն հաստատի Ուկրաինայի նկատմամբ, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, քանի որ Ուկրաինայի օդուժը և ՀՕՊ համակարգերը պայքարում են օդային տարածքը վերահսկելու համար:
ՖՈՏՈ. Քարտեզ, որտեղ երևում է ռուսական զորքերի առաջխաղացումը Ուկրաինայի տարածքում
🔘 Ուկրաինան պաշտոնապես հայց է ուղարկել Ռուսաստանի դեմ Հաագայի Արդարադատության միջազգային դատարան և պահանջել «Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել՝ ագրեսիան արդարացնելու համար ցեղասպանություն եզրը խեղաթյուրելու համար։ Մենք խնդրում ենք դատարանին անհապաղ կարգադրել Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ռազմական գործողությունները և հաջորդ շաբաթ նշանակել լսումներ», — ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
🔘 Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, հանձնարարել է ռուսական բանակում զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի տեղափոխել։ ՊՆ կայքում ասվում է, որ «զսպման ուժերի» մեջ է մտնում նաև միջուկային զենքը։
🔘 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ-ը մոտ 54 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա՝ օգնելու Ռուսաստանի ներխուժումից տուժածներին։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է գրեթե 405 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն 2014 թվականին Ռուսաստանի առաջին ներխուժումից հետո:
🔘 Independent. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ անվերապահորեն կաջակցի առանձին բրիտանացիներին, որոնք որոշել են մեկնել Ուկրաինա ռուսական զորքերի հետ կռվելու համար:
Պատժամիջոցների մասին
🔘 Այսօր մի շարք ռուսական բանկեր կանջատվեն SWIFT-ից, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։ Բացի այդ, կներդրվի պատժամիջոցների նոր փաթեթ։ Տոկիոն կաջակցի SWIFT-ից ռուսական բանկերի անջատմանը և Պուտինի դեմ պատժամիջոցներին, ասել է Ճապոնիայի վարչապետը։
🔘 Կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Գերմանիան նախատեսում է զգալիորեն նվազեցնել Ռուսաստանից գազի սպառումը կամ նույնիսկ ընդհանրապես հրաժարվել դրանից։
🔘 Ֆրանսիան և Նորվեգիան նույնպես փակում են իրենց երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Ռուսական «Նովայա գազետա» թերթը կապույտ գույնով ներկել է Եվրոպայի այն երկրները, որտեղ ռուսական ինքնաթիռները չեն կարող թռչել։
ՖՈՏՈ. Ռուսական ինքնաթիռների համար ներկայումս փակ երկրների քարտեզը․
-
Ուկրաինայի մասին` հակիրճ ժամը 14.00-ի դրությամբ: Նիկոլաևն ազատագրվել է, ՌԴ հատուկ ջոկատայինները՝ Խարկովում, Պուտինն այլևս պատվավոր ձյուդոիստ չէ
🔘 Նիկոլաև քաղաքը, որտեղ գիշերը մարտեր են տեղի ունեցել, արդեն ամբողջությամբ գտնվում է ուկրաինական կողմի վերահսկողության տակ։ Ունիան գործակալությունը հայտնում է, որ երևում է Նիկոլաևի կենտրոնը և հնչում է Ուկրաինայի օրհներգը՝ «որպեսզի բոլոր քաղաքացիներն իմանան, թե որ երկրում են արթնացել»։ Նիկոլաևը գտնվում է Ուկրաինայի հարավում։ Սա երկրի կարևոր տնտեսական կենտրոններից է, այստեղ կան մի քանի նավաշինական գործարաններ։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլաևը մարտերից հետո.
🔘 Ռուս զինվորները Խարկով թափանցած շարասյունից գրավել են դպրոցի շենքը։ Ուկրաինական ստորաբաժանումները շարունակում են փողոցային մարտերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նկարահանումներ ուկրաինական կողմից
🔘 Նախագահ Զելենսկու մամուլի ծառայությունը հաստատել է, որ Ուկրաինան չի մասնակցի Բելառուսի Գոմել քաղաքում տեղի ունեցող բանակցություններին։ Սակայն ռուսական խումբը անտեսել է այս հաղորդագրությունը և հայտարարել, որ մինչև ժամը 15:00-ն սպասելու է Ուկրաինայի հաստատմանը հանդիպման շուրջ համաձայնության գալու համար: Առավոտյան Զելենսկին ասաց, որ պատրաստ է բանակցությունների «աշխարհի ցանկացած կետում, որտեղից հրթիռներ չեն թռչում դեպի Ուկրաինա»:
🔘 Բելառուսի նախագահ Լուկաշենկո.
«Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկի պատճառը նրա կողմից հարձակումն էր»։
«Հակամարտության սկզբում Բելառուսի հարավից երկու-երեք հրթիռային հարված է եղել, քանի որ Կիևը սահմանի մոտ տեղակայել է հրթիռային ստորաբաժանումներ, որտեղից ծրագրում էր հարձակվել Ռուսաստանի վրա և պատրաստ էր հրթիռներ արձակել բելառուսական սահմանի մոտ»:
«Ուկրաինայում չկա բելառուս զինվոր, զենք, զինամթերք, և Ռուսաստանը նման օգնության կարիք չունի»:
«Ուկրաինայից զենք է բերվել Բելառուս, այնտեղ պատրաստվել են ավազակային կազմավորումներ՝ հանրապետությունում սադրանքների համար»։
«Բելառուսը կխնդրի Ռուսաստանին միջուկային զենք տեղակայել, եթե Արևմուտքը նման զենք տեղակայի Լեհաստանում կամ Լիտվայում»:🔘 Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են ռուսական տեխնոլոգիաների դեմ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի հաջող կիրառման մասին։
🔘 Ավստրիան և Իռլանդիան նույնպես փակում են օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ռուսական ինքնաթիռներին արդեն արգելված է թռչել Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սլովենիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Չեխիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի վրայով։
🔘 Ռուսաստանի Կենտրոնական բանկը պատժամիջոցների հետևանքների և ռուսական առաջատար բանկերի SWIFT միջազգային ֆինանսական համակարգից անջատելու մասին.
Ռուսաստանի Բանկն ունի անհրաժեշտ ռեսուրսներ ֆինանսական կայունությունը պահպանելու համար և շարունակաբար բանկերին կտրամադրի կանխիկ և անկանխիկ գումար ռուբլով։
Ռուսաստանի բանկային համակարգը կայուն է, ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ ցանկացած իրավիճակում անխափան գործելու համար։ Բոլոր հաճախորդների միջոցները հաշիվներում պահվում են և հասանելի են ցանկացած պահի:🔘 Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան դադարեցրել է Պուտինի՝ որպես պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները։
🔘 Վրացական փոստն անվճար մարդասիրական ծանրոցներ կուղարկի Ուկրաինա։ Ծանրոց ուղարկելու համար մարդիկ կարող են անձնագրով դիմել Վրաստանի փոստային բաժանմունքներ։
🔘 Տեսանյութում Կիևում բնակվող ադրբեջանցիներն են։ Նրանք զինվել են և հայտարարում են ուկրաինական բանակին աջակցելու մասին։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 12.00-ի դրությամբ
🔘 Բուչայում (Կիևից 15 կմ հեռավորության վրա) մարտեր են ընթանում, ռուսական տեխնիկա է ներխուժում: Պայթեցվել է Բուչայի և Իրպենի միջև կամուրջը, որով կարելի է հասնել Կիև։
🔘 Ռուսական զորքերը փորձում են ներխուժել Մարիուպոլ, այժմ մարտեր են ընթանում քաղաքի մատույցներում, հայտնում է Ուկրաինա-24-ի թղթակիցը։
🔘 Խարկովի փողոցներում շարունակվում են ծանր մարտերը։
🔘 Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Գոմել՝ Ուկրաինայի հետ բանակցությունների։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է, որ Բելառուսում բանակցություններ չեն կարող վարվել, քանի որ այն մասնակցում է պատերազմին։ «Եթե ձեր տարածքից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում՝ ձեր քաղաքում։ [Բանակցությունների] հարթակ կարող են լինել այլ քաղաքները, որոնց տարածքից հրթիռներ չեն թռչում։ Միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և վերջ տալ պատերազմին», — ասել է Զելենսկին և առաջարկել Վարշավան, Բրատիսլավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկու կոչն ամբողջությամբ.
🔘 Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել է, որ ուկրաինական օդուժը կործանել է Կիևի ուղղությամբ Բելառուսի տարածքից Տու-22 ինքնաթիռով արձակված թևավոր հրթիռը։
🔘 ՌԴ ՊՆ. Ռուսական զորքերը գրավել են Գենիչեսկն ու Չեռնոբաևկա օդանավակայանը Խերսոնի մոտ, իսկ ԿԺՀ-ի զորքերը գրավել են Պավլոպոլն ու Պիշչևիկը։
🔘 Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է արտերկրից կամավորների միջազգային լեգեոնի ստեղծման մասին։
🔘 Ռուսական ինքնաթիռներին արգելվել է թռչել Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սլովենիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Չեխիայի և Լեհաստանի վրայով։ Ֆինլանդիան նույնպես փակում է իր օդային տարածքը, որից հետո օդային շրջափակումը կփակվի արևմտյան ուղղությամբ։
🔘 Երեկվանից չեն աշխատում Կրեմլի, Արդարադատության նախարարության, ՊՆ, Ռոսկոմնադզորի և Առաջին ալիքի կայքերը։ Փետրվարի 25-ին Anonymous հաքերային խումբը հայտարարեց, որ «մասնակցում է Ռուսաստանի Դաշնության դեմ գործողություններին»։
🔘 ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինան արդեն լքել է ավելի քան 150 հազար փախստական։ Մարդկանց մեծ մասը գնում է Լեհաստան:
-
Նախորդ օրերի թարմացվող լուրերը Ուկրաինայից