Մարտական գործողությունների բռնկման պատճառով Պորոշենկոն ընդհատել է այցը Գերմանիա
Կիսվել
Կիսվել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառով ընդհատել է իր աշխատանքային այցը Գերմանիա:
Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Ելիսեևը հայտարարել է, որ Պորոշենկոն որոշել է Կիև վերադառնալ Դոնեցկի մեկրձակայքում վերջին օրերին զինյալների կողմից գնդակոծության ենթարկված Ավդեևկա քաղաքում հումանիտար աղետի կանխարգելման ուղղությամբ կառավարության միջոցառումները համակարգելու համար:
Նախագահը կառավարությանը հանձնարարել է նախապատրաստել Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունների շտաբերն ու բնակչության տաքացման կետերը, ապահովել այլընտրանքային աղբյուրներից էներգիայի մատակարարումը սոցիալական օբյեկտներին: Պորոշենկոն իր վարչակազմին հանձնարարել է նաև Եռակողմ կոնտակտային խմբի նիստ նախապատրաստել:
Հակաահաբեկչական գործողության շտաբի մամուլի կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ զինյալները նախորդ գիշեր կրկին գնդակոծել են Ավդեևկայի շրջակայքը «Գրադ» կայանքներից: Գնդակոծության հետևանքով Ավդեևկան առանց էլեկտրականության և ջերմության է մնացել:
Հունվարի 30-ին օրվա ընթացքում ռուսամետ զինված կազմավորումները գնդակոծել են ուկրաինական դիրքերը ծանր հրետանիով, ականանետներով և տանկերով ճակատի մի քանի հատվածներում: Զոհվել է 3 ուկրաինացի զինվորական, 20-ը վիրավորվել է: Ավդեևկայում 1 խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Իր հերթին, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում սրեցման համար մեղադրում են ուկրաինական կողմին՝ հայտարարելով, որ գնդակոծության հետևանքով զոհվել է Մակեևկայի խաղաղ բնակիչ և ամբողջությամբ հոսանքազրկվել է Յասինովատայա քաղաքը:
Ինչպես արդեն հաղորդվել է, հունվարի 29-ի առավոտյան ռուսամետ զինված կազմավորումները փորձել են գրոհել Ավդեևկայի արդյունաբերական գոտին, երկու կողմեկրն էլ կորուստներ են կրել
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը նշել է, որ Պորոշենկոն հանձնարարել է ուկրաինացի դիվանագետներին Ավդեևկայում տիրող արտակարգ իրավիճակի մասին տեղեկացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդին և ԵԱՀԿ-ին: Ուկրաինայի ԱԳՆ-ն Դոնբասում իրավիճակի սրման համար մեղադրել է Ռուսաստանին և Մոսկվայից պահանջել դադարեցնել մարտական գործողություններն ու անշեղորեն հետևել հրադադարի ռեժիմին:
Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների արդյունքում, ըստ ՄԱԿ տվյալների, 2014թ-ի գարնանից մինչև 2016թ-ի սեպտեմբեր 9,5 հազար մարդ է զոհվել: Ներկա պահին հակամարտության գոտում հաշտություն է՝ Մինսկի համաձայնագրերի համաձայն, որոնք նաև սահմանափակում են շփման գծում կողմերի մոտ ծանր զինամթերքի առկայությունը: Ռուսաստանը մինչ այսօր հերքում է իր մասնակցությունը հակամարտությանը: