Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը կալանավորվել է քաղաքացի Է. Ա.-ի հանդեպ խմբակային անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, վերջինիս նվաստացնելու համար: Քննությունը վարում է Քվեմո Քարթլիի դատախազությունը:
Քաղաքացի Է.Ա.-ն, որը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովի հասցեին ցենզուրայից դուրս արտահայտություններ է արել, բռնության զոհ է դարձել: Այս մասին տեղեկատվությունը հունիսի 12-ին տարածել է Մարնեուլիի համայնքային ռադիոն և Մոնիտոր ստուդիան:
Է.Ա.-ն մի քանի օր առաջ «Մի՛ սպանիր» ակցիային իր ելույթի ժամանակ վիրավորանք է հասցրել Իվանիշվիլիին և Աբազովին: Տեսագրությունը, որը գրանցել է, թե ինչպես է նա վատաբանում Իվանիշվիլիին և Աբազովին, տարածվել է սոցցանցերում: Ավելի ուշ նրան ստիպել են հանրային կերպով ներողություն խնդրել և դեմքին քսել սեփական մեզը:Տեսագրությունները տարածվել են համացանցում: Է.Ա.-ն այն անձանց ազգանունների փոխարեն, որոնց հեռակա վիրավորել էր, ներողություն խնդրելիս նշում է «41» թիվը. իշխող «Վրացական երազանքն» այս համարի ներքո էր մասնակցում ընտրարշավին:
Վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունում ասվում է, որ Է.Ա.-ին «պատժելու» հրամանը տվել է Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը: Մարդու արժանապատվությունը նվաստացնող հաշվեհարդարին մասնակցել է անձամբ Աբազովն ու «Վրացական երազանքի» տեղի այլ ներկայացւոցիչները: Աբազովը հերքում է դա:
«Ես տեղյակ չեմ, տեսանյութը չեմ տեսել: Այդ մադուն ծանոթ չեմ: Որախ եմ, որ չեմ էլ տեսել և ոչինչ չեմ լսել կատարվածի մասին: Այդ տեսագրությունը չեմ պատրաստվում նայել, ենթադրում եմ, որ տհաճ բան է», — հայտարարել է Աբազովը «Մոնիտոր ստուդիային»:
Լրագրողները չեն կարողացել հանդիպել ենթադրյալ զոհի հետ: Նա գտնվելիս է եղել ոստիկանության վարչությունում:
Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել՝ ՔՕ 144-3 հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է «մարդու արժանապատվության նվաստացում» կամ «անմարդկային վերաբերմունք»: Գործը քննում է Քվեմո Քարթլիի դատախազությունը: