Russia Today–ի և «Սպուտնիկ» գործակալության ղեկավարը Հայաստանի իշխանություններին մեղադրել է հակառուսական դիրքորոշման համար
Մարգարիտա Սիմոնյանը՝ Russia Today հեռուստաալիքի ղեկավարը, որը շատերն անվանում են ռուսական քարոզչության խոսափող, հուլիսի 18–ին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին։ Նա հիշեցրել է «յենիչերիների յաթաղանների» մասին և պահանջել շնորհակալ լինել Ռուսաստանին։
Հայաստանում այդ գրառումը բուռն քննարկում է առաջացրել, հիմնականում՝ վրդովմունք և տարակուսանք։
Իր Տելեգրամ–ալիքում նա հաղորդել է, որ հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ պատասխանում է իրեն ուղղված «դիրքորոշում հստակեցնելու» բազմաթիվ պահանջներին։
Ադրբեջանի 8 500 քաղաքացի է խնդրել իրեն զինվորական ծառայության ընդունել, Հայաստանում քննարկվում է Հայկական ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը
Ոչ մի անուն Սիմոնյանը չի նշել։
Ենթադրաբար, նրան այդպիսի պահանջով դիմել են Հայաստանի բնակիչները, որովհետև Մրգարիտա Սիմոնյանն ազգությամբ հայ է։
Սակայն նա Հայաստանում երբեք չի ապրել։ Նա ծնվել է ռուսական Կրասնոդար քաղաքում, ապրել Սոչիում, սովորել ԱՄՆ–ում։ Այնուհետև Մոսկվա է տեղափոխվել, որտեղ կարիերայի աճ է ունեցել ռուսական պետական հեռուստատեսությունում։
Սիմոնյանը պարբերաբար դառնում է տարբեր սկանդալների հերոս։
Վերջերս ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հետաքննություն էր հրապարակել «Մակաբույծներ» անվանումով, որում պատմել էր բյուջետային միջոցների մասշտաբային հափշտակության մասին, որով զբաղվում են Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ազգականներն՝ այդ թվում օգտագործելով իրենց ղեկավար դիրքերը Russia Today ալիքում։
Հաջորդաբար՝ 1) Մարգարիտա Սիմոնյանի մեղադրանքներն ու փաստարկները, 2) հայ հասարակության արձագանքը։
Russia Today–ի ղեկավար․ «Այն ամենից հետո, ինչ արել եք, Ռուսաստանը լիարժեք բարոյական իրավունք ունի թքելու ձեզ վրա և տրորելու»
«Դիմում եմ հայկական իշխանությանը։ Հենց իշխանությանն, այլ ոչ թե ժողովրդին, որի մի մասն եմ ես։
Դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր համացանցային զորքերն իմ սոցցանցերը ողողել են (լպիրշ և ագրեսիվ ձևով) «դիրքորոշում հայտնելու» պահանջներով։
Խնդրել են, արտահայտում եմ։
Ձեզ կողքից նայեք։ Տեսեք, թե ինչ եք անում։ Ինչպես եք ձեզ պահում։ Այդ ի՞նչ հայ եք դուք […]։
Ի պատասխան երկարամյա բարությանն ու պաշտպանությանը, որը ստացել եք Ռուսաստանից, դուք չեք ճանաչել Ղրիմը։ Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։
Բացառապես քաղաքական վրեժի պատճառով նստեցրել եք Ռոբերտ Քոչարյանին [Հայաստանի նախկին նախագահ]՝ Ռուսաստանի մշտական դաշնակցին։ Նստեցրել եք հատուկ, ցուցադրաբար՝ ձեր «ռուս ընկերների» դեմքին թքելով։ Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։
Դուք երկիրը ողողել եք հակառուսական հասարակական կազմակերպություններով, որոնք ձեր տարածքում երիտասարդությանը սովորեցնում են, թե ինչպես իշխանությունը տապալել Ռուսաստանում։ Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի պլացդարմ։ Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։
Դուք վռնդել եք ռուսաստանցի հայ գործարարներին։ Չեք ուզում Ռուսաստանի հետ կապված ոչինչ լինի ձեզ մոտ։ Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։
Ձեր լրատվամիջոցներն ու սոցցանցերն ամեն ժամ կեղտ են լցնում Ռուսաստանի, Պուտինի, նրա բոլոր աջակիցների, հատկապես՝ ռուսաստանցի հայերի (օրինակ՝ ինձ) վրա: Դուք, առանց այդ էլ, անհետացող հայ ժողովուրդը բաժանել եք թշնամիների՝ ռուսաստանցի հայերի, և «իսկականների», որոնք սատարում են ձեր այս պահի իշխանությանը։ Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։
Իսկ այժմ, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր ռեժիմի գոյությունը վտանգված է, երբ ողջ աշխարհի հայերն արդեն տեսնում են յաթաղաններով յենիչերիների կենդանացած ուրվականները, որոնցով մորթել են մեր նախնիներին, հիշել եք, որ Ռուսաստանը կրկին պետք է ձեզ փրկի։
Մի՞թե դա Հայաստանի ներքին գործը չէ։
Այն ողջ չարությունից և հևասպառ ատելությունից, որ արտահայտել եք Ռուսաստանի նկատմամբ վերջին տարիներին, ձեր տեղեկատվական զորքերն ու դուք ինքներդ ձեզ իրավունք եք վերապահում օգնություն սպասելո՞ւ։
Իրականում, այն ամենից հետո, ինչ արել եք, Ռուսաստանը լիակատար բարոյական իրավունք ունի թքելու ձեզ վրա և տրորելու։
Սակայն նա այդպես չի անի։ Վստահ եմ։ Այս անգամ էլ կօգնի։
Որովհետև Ռուսաստանն այդպիսին է։ Մեծահոգի և վեհանձն, Հայրենիքս աննման։
Իսկ դուք պարզապես ինչ–որ բաներ ճչացող չինովնիկների հավաքածու եք, որոնք դավաճանել են մեծն հայ ժողովրդի շահերն ակնթարթային իշխանության և մանրախնդիր անձնական ատելության համար»։
Հայ հասարակության արձագանքը
Սոցցանցերում քննարկում է սկսվել և շարունակվում է։ Russia Today–ի ղեկավարն ավելի ուշ իր գրառմանն ավելացրել է հայտարարություն, թե «Հայաստանի ազդեցիկ շատ անձինք» են պատրաստ ստորագրել իր խոսքերի տակ։ Սակայն սոցցանցերը եռում են մեծ մասամբ զայրալից քննադատական մեկնաբանոթյուններով։
Երկու բնորոշ մեջբերում․
Լաուրա Բաղդասարյան, «Տարածաշրջան» հետազոտական կենտրոնի տնօրեն․
«Հարց 1. Արդյո՞ք պետք է Հայաստանի և նրա գործող իշխանության հասցեին RT հեռուստաալիքի և […] «Sputnik» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հնչեցրած գռեհիկ հայտարարություններն ու սպառնալիքները համարել նշված ռուսական տեղեկատվական ռեսուրսների պաշտոնական կարծի՞ք։
Հարց 2. Արդյո՞ք պետք է Հայաստանի տարածքում կասեցնել «Սպուտնիկ Հայաստանի» գործունեությունը, որի խմբագիրը կարծում է, որ ընդհանրապես արժե տրորել Հայաստանն ու նրա իշխանությունը»։
Արմեն Դարբինյան, Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր․
«Դիմելով Հայաստանի իշխանությանը՝ Ձեր բացահայտ ատելությունն եք արտահայտում դրա նկատմամբ։ Ցանկանում եմ նշել․ լավն է, թե վատն, այն մեր իշխանությունն է, որն ընտրվել է Հայաստանի ժողովրդի կողմից, և Հայաստանի ժողովուրդը հարգալից վերաբերմունք է պահանջում իր իշխանության նկատմամբ […]։ Ատելով իշխանությունն՝ այս դեպքում Դուք ատում եք […] նաև ժողովրդին, որին Ձեզ սխալմամբ դասում եք»։