Մեղրիով՝ Նախիջևան ճանապարհ․ Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում
Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող տարանցիկ ճանապարհ կառուցելու հնարավորությունը: Ամենայն հավանականությամբ, այն կանցնի Մեղրիով:
Քաղաքը գտնվում է Երևանից համարյա 400 կմ հեռավորության վրա, Իրանի հարևանությամբ։ Արևմուտքում Մեղրին սահմանակից է Ադրբեջանի մաս կազմող էքսկլավին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:
Քննարկումները սկսվեցին նոյեմբերի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին ստորագրված փաստաթղթի հրապարակումից հետո։ Դրա մեջ ասվում է․
«Կողմերի համաձայնեցմամբ՝ ապահովվում է նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարություն, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապում է Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ»։
Եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է նաև տարածարջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակում։ Սակայն Հայաստանում դա ոգևորություն չի առաջացրել։ Շատերն են այն կարծիքին են, որ բացի Լեռնային Ղարաբաղի տարածքների կամավոր հանձնումն Ադրբեջանին, այս փաստաթուղթը հող է նախապատրատում Մեղրին հանձնելու համար։
Իսկ ինչ են մտածում նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարության մասին հենց իրենք՝ Մեղրիի բնակիչները, ինչ մտավախություններ և սպասելիքներ ունեն։
Իրավիճակը Մեղրիում
Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանն ասում է, թե մեղրեցիների անհանգստությունն ավելի շատ կապված է անորոշության հետ, քանի որ հստակ չէ, թե ինչպիսի միջանցքի մասին է խոսքը․
«Այս պահին բոլորս գիտենք միայն այն, ինչ ներառված է և կարդացել ենք փաստաթղթում։ Մեղրի համայնքը Հայաստանի տարածք է, կայացված որոշումը Մեղրիի որոշման խնդիրն է նաև։ Կան մեղրեցիներ, կա նախաձեռնող խումբ, որն իր դժգոհություններ է հայտնում նախատեսվող ճանապարհի հետ կապված, բայց խնդիրները իրավիճակային են, այս պահին ինչ-որ գործողություններ չկան»։
Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է երկաթուղային ճանապարհի մասին։ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից նոյեմբերի 18-ին հաղորդեցին, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են «երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության կարգավորման մասին որոշումները»։
Ի դեպ, Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է։
Արմեն Սամվելյանի խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներն արդեն եղել են Մեղրիում, ինչ-որ ուսումնասիրություններ իրականացրել, սակայն ոչ մի հստակ բան դեռևս չկա։
«Ոչ մի մեղրեցի այստեղ չի շարունակի ապրել»
Խորհրդային տարիներին Երևան-Նախիջևան-Բաքու, ինչպես նաև Երևան-Կապան երկաթուղին անցնում էր Մեղրիով, Արաքս գետի ափամերձ հատվածով: Տարիներ առաջ երկաթուղին ապամոնտաժվել է: Ընդ որում Մեղրու շրջանից ցամաքային կապը Երևանի հետ ևս իրականացվում էր Նախիջևանով:
1980-ին շահագործման հանձնվեց Մեղրի-Քաջարան ճանապարհը, որով հնարավոր եղավ Մեղրին ու Երևանն իրար կապել նաև Սյունիքի շրջանով:
Մեղրիի բնակիչներից, բանասեր Սիրուն Սարգսյանը հիշում է մի միջադեպ, որը տեղի է ունեցել 1980-ականներին, Երևան-Կապան գնացքի ուղևորների հետ․
«Դեռևս խորհրդային ժամանակշրջանում, երբ կային անվտանգության բոլոր երաշխիքները, հայ ուղևորներին առևանգել էին Նախիջանի Օրդուբադ քաղաքում։ Դա 88 թվականի Սումգայիթում հայերի ջարդերից հետո էր։ Գերեվարվել էին ուղևորներ, միայն բանակցություններից հետո մաս-մաս բաց թողեցին, մի քանիսն էլ ամիսներով մնացին Օրդուբադում։ Այդ ամենից հետո երկաթուղին դադարեց գործել։ Ուզում եմ ասել, անվտանգության երաշխքիները բավարար չեն»։
Սիրունը համոզված է՝ ճանապարհի կառուցմամբ Հայաստանը կանգնելու է Մեղրին կորցնելու վտանգի առջև․
«Ոչ մի մեղրեցի այստեղ չի շարունակի ապրել։ Սա նշանակում է հայաթափել Մեղրին։ Ես չեմ պատկերացնում, ինչ տնտեսական օգուտի մասին է խոսքը։ Ես չեմ հավատում ոչ մի խոստումի, ոչ մի երաշխիքի։ Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ Մեղրին մտավ այս պատերազմի զիջվող տարածքների մեջ, սա Հայաստանի բնակավայր է, ինչո՞ւ են ուզում հագուրդ տալ Ալիևի ծրագրին։ Սրանով իրականացվում է Թուրանի ծրագիրը։ Առանց այն էլ Ղարաբաղը մասնատել են, ծվատել, հիմա նույն ձևով Հայաստանին են անցնում»։
Քանի որ շատերն են այսպես մտածում, նոյեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. Մեղրին Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը բացարձակ անհեթեթություն են․
«Ընդամենը խոսքը տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին է, այդ թվում` Ադրբեջանից դեպի Նախիջևան։
Բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»։
«Ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունն է»
Մեղրիի մեկ այլ բնակիչ, պատմաբան Մարիամ Ծատրյանը ասում է, որ մեղրեցիները ուզում են խաղաղություն և կայունություն․
«Եթե մեր դիվանագիտությանը հաջողվի մանևրել ու այնպիսի երաշխիքներ ձեռք բերել, որի շնորհիվ նախկինի պես երկաթուղուց կարողանանք օգտվել նաև մենք, շատ լավ կլինի՝ Նախիջևանով Երևան։ Սա հիմա գործնականում և բարոյահոգեբանական առումով, իհարկե, դժվար է և ապաժամյա։ Խոսքս հետագայի մասին է։
Վերջերս լսեցի Պուտինի ելույթներից մեկը, որտեղ խոսում է կենցաղային մակարդակով շփումների վերականգնման մասին։ Ինձ համար կենցաղային մակարդակն առևտուրն է։ Օրինակ, մեր ժողովուրդը շատ հանգիստ շփվում և առևտուր է անում Իրանի հյուսիսի ժողովրդի հետ, իսկ դրանց մեծ մասը ազերիներ են։ Լավի ու վատի հարց չկա, մարդու ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունն է և նորմալ համակեցությունը»։
Նա Ադրբեջանի և Թուրքիայի համար զսպող գործոն է համարում տարածաշրջանում ռուս զինվորականների ներկայությունը և Իրանի հարևանությունը․
«Բայց ես նաև հասկանում եմ, որ արժանապատիվ փոխզիջումն այլ բան է, պարտվել ու պայմանագիրը ստորագրելը՝ այլ։ Երկրորդի դեպքում դու կորցնում ես մանևրելու հնարավորությունը և ընդունում ես այն, ինչ պարտադրում են։ Ցավով եմ ասում, բայց սա է իրական պատկերը։ Հույս ունեմ, որ գոնե ապաշրջափակման համատեքստում՝ Մեղրիի մասով, մենք կկարողանանք օգուտ քաղել, և հարավային այս կետը, որը գեոպոլիտիկ շահերի հատման կետ է, կշնչի ու տնտեսական ակտիվության գոտի կդառնա։ Գուցե լավատե՞ս եմ, բայց սա այն է, ինչ մտածում եմ»։
«Հնարավոր է, շատ բան փոխվի»
Մեղրի համայնքի ամենահեռավոր գյուղը Նռնաձորն է, որով քարտեզի վրա վերջանում է Հայաստանը։
Նռնաձորի վարչական ղեկավար Ալեքսան Բոյաջյանն ասում է, որ նախկինում երկաթուղին անցել է Նռնաձորով, բայց այսօր քանդված է․
«Ընտանիքներ կան, կորցրել են իրենց երեխաներին այս պատերազմում, ինչպիսի՞ն կլինի նրանց արձագանքը, երբ տեսնեն, օրինակ, գյուղով անցնող երկաթուղին։ Ամեն դեպքում, դեռ ամեն ինչ հստակեցված չէ։ Այս պահին միայն ենթադրություններ կարող ենք անել։ Բայց հինգ տարվա մեջ, հնարավոր է, շատ բան փոխվի, կողմերից մեկը հրաժարվի պայմանավորվածություններից»։
Նա նաև նշում է, որ ամեն ինչի համար ժամանակ է պետք, տարիներ են անհրաժեշտ, որպեսզի մարդիկ, երկու կողմից էլ կարողանան մարսել տեղի ունեցածը, վիշտը, տառապանքը։ «Գյուղի հարևանությամբ Զանգելանի շրջանն է, որն այժմ Ադրեջանին է անցել, մենք 10 կմ հեռավորության վրա ենք իրենցից։ Այնպես չի, որ անհանգստություն չկա, բայց անպես էլ չէ, որ մարդիկ վախեցած են ու ցանկանում են գյուղը լքել։ Անհանգստություն կա, քանի որ շատ հարցեր դեռևս անպատասխան են մնացել», — ասում է Նռնաձորի ղեկավարը։
«Չկա Մեղրի՝ չկա Հայաստան»
Մեղրեցի Սիրուն Սարգսյանն էլ ասում է, որ Մեղրին նոր չէ, որ հայտնվում է բանակցային սեղանի վրա, այն պարբերաբար շահարկումների է ենթարկվել Հայաստանի տարբեր իշխանությունների կողմից։ Բայց եղել են և ղեկավարներ, որոնք ճշմարիտ են գնահատել իրավիճակը․
«Հայաստանի վարչապետ Վազգեն Սարսգայնն ասում էր, որ Մեղրին սոսկ աշխարհագրական տարածք չէ, Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Մեղրին քո տան դուռն է։ Եթե դու Մեղրին տալիս ես, դու փակում ես քո տան դռները։ Չկա Մեղրի՝ չկա Հայաստան։ Որպես մեղրեցի՝ դեմ եմ փաստաթղթում ներառված այդ կետին»։