Հոկտեմբերի 17-ին Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է որոտացել: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության և փրկարարների մի քանի բրիգադ մոտակա շրջաններից, այնտեղ է ուղարկվել նաև մեկ ուղղաթիռ:
Ի՞նչ է հայտնի Կերչի ողբերգությունից հոկտեմբերի 20-ի առավոտյան. զոհերի թիվը հասել է քսանի, տուժածներից հինգը ծանր վիճակում են, նրանցից երեքը կոմայի մեջ են: Եվս մոտ 50 մարդ է տուժել:
Զոհվածների և տուժածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ:
Սկզբում կատարվածի հիմնական վարկածը կենցաղային գազի պայթյունն էր նշվում: Սակայն հետո տեղի իիշխանությունները հայտարարեցին, որ բուհում գազամատակարարում չի եղել:
Ընդ որում, ականատեսներից ոմանք հաղորդել են, որ շենքում օտար մարդ է եղել և կրակոցներ են լսվել:
Ավելի ուշ Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ շենքում գործել է չպարզված պայթուցիկ սարք:
Դեպքի վայրում աշխատում են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, քոլեջի տարածքը հետազոտում են պայթյունների տեխնիկները: Ընդ որում, ոչ մի տվյալ ձերբակալվածների և պայթյուն իրականացնելու համար կասկածվողների մասին դեռ չկա:
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել պայթյունի փաստի առնչությամբ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ որպես կատարվածի վարկածներից մեկը դիտարկվում է ահաբեկչությունը:
«Ընկերուհուս սպանեցին աչքիս առաջ: Ես տեսա, թե ինչպես նա ընկավ և էլ չէր շարժվում»:
Կերչի քոլեջում կրակոցի մասին տեղեկատվությունը «Նովայա գազետայի» համար հաստատել է քոլեջի ուսանող Վլադիմիրը:
Ես ճաշարանի մոտ էի: Պայթյունից առաջ մի քանի կրակոց հնչեց: Ես տասնյակից ոչ պակաս կրակոց լսեցի: Դա կրակահերթ չէր, այլ առանձին կրակոցներ: Որքան հասկացա, շենք էր մտել օտար մեկը, սակայն ես ինքս նրան չեմ տեսել:
Ղրիմի սոցցանցերում տարածվել է նաև աուդիոձայնագրություն, որում մի աղջիկ՝ ենթադրաբար քոլեջի ուսանող, պատմում է կատարվածի մասին:
Մեր ուղղությամբ կրակում էին: Մենք սկսեցինք փախչել… Ես ձեռքս քերծեցի: Մենք փախչում էինք. իսկ երեխաները պառկած էին: <…> Ընկերուհուս սպանեցին աչքիս առաջ: Ես տեսա, թե ինչպես նա ընկավ և էլ չէր շարժվում: Ես տեսա, թե ինչպես էին տղաներն ընկնում, և արյուն էր հորդում: Այդ ամենն աչքիս առջև է: Ես հատակին նստած եմ և չեմ կարող հանգստանալ, ցնցվում եմ, վախենում եմ նույնիսկ տանը», — պատմում է աղջիկը (ենթադրաբար, քոլեջի ուսանողը) «ՎԿոնտակտեի» աուդիոհաղորդագրությունների մեջ, որոնց տեսագրությունները տարածվել են սոցցանցերում: