Ղարաբաղ. շփման գծում կրկին անհանգիստ է
Լուսանկարը: Գևորգ Ղազարյանի
Տեղեկատվություն Հայաստանից
Այսօր՝ հունիսի 17-ին, շփման գծում հրադադարի ռեժիմը կրկին խախտվել է, առավոտյան ժամը 09:40-ին մոտ մահացու հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Նարեկ Գասպարյանը: Այդ մասին հաղորդում են հայկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Ստացվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարարության հայտարարությունը, որում ցավակցություն է հայտնվում զոհված զինծառայողի հարազատներին: Դրանում նաև ասվում է, որ «միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք»:
ԼՂ պաշտպանության նախարարի կոշտ հայտարարությունը թելադրված է այն բանով, որ երեկ՝ հունիսի 16-ին, ժամը 18:05 շփման գծում մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի 3 զինծառայող՝ Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանն ու Վարդան Սարգսյանը: Հայկական լրատվամիջոցները փոխանցում էին, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հաստոցավոր հակատանկային նռնականետերից Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ:
ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով երեկվա դեպքերը, հայտարարել է. «Ադրբեջանական գործողություններում որևէ տարօրինակություն չկա, այդ պետությունը… կրկին դիմել է ահաբեկչական քայլի»:
Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Ադրբեջանի գործողությունները խրախուսում է Թուրքիան, որի հետ համատեղ խոշոր զորավարժություններ են անցկացնում: Բացի այդ, նա շփման գծում սրացումը անվանում է Բաքվի պատասխանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությանը: Բաբայանը վստահ է, որ հիմա էլ համանախագահները պետք է խիստ, կոշտ և հասցեական հայտարությամբ հանդես գան:
ԼՂ-ում հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումին մասնկացող Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն: Ադրբեջանական կողմն իմանալով, որ հերթական սադրանքն անպատիժ չի մնալու, պահի քաղաքական քմահաճույքը նորից ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից։ Անհասկանալի է, որ դեռեւս չկա որևէ արձագանք միջազգային գործընկերներից»:
«Լրագիր» հայկական պարբերականի քաղաքական տեսաբան Հայկազն Ղահրիյանը գրում է.
«Նախիջևանում Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունից հետո Ադրբեջանը հունիսի 19-ին լայնամասշտաբ զորավարժություն է սկսելու, որին մասնակցելու են 20 հազարից ավելի զինծառայողներ եւ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում օդուժ: Սովորաբար, զորավարժությունների շրջանում նման միջադեպեր են գրանցվում:
Դատելով կորուստների քանակից, ադրբեջանական կողմը հարվածել է հայկական դիրքերին: Մինչ այդ, ադրբեջանական կողմը տևական ժամանակ բեմադրում էր «հայկական դիրքերի ոչնչացումը», և ահա երեկ անցել է կոնկրետ գործողության: Հայկական ԶԼՄ-ներում, սակայն, տեղեկություններ են հրապարակվել, թե կորուստները դիպուկահարների կրակոցներից են:
Այս խոշոր միջադեպը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Ադրբեջանը վերջին շրջանում քաղաքական ու ռազմական «լուծման» մերժումներ է ստանում արտաքին շահագրգիռ կողմերից: Սակայն շփման գծում շարունակում է իր քաղաքականությունը»:
Տեղեկատվություն Ադրբեջանից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին պնդում է, որ հայկական կողմից 5 զինծառայող է զոհվել:
«Թշնամական կողմը ոչ թե երեք զինծառայող է կորցրել, ինչպես նրանք պաշտոնապես պնդում են, այլ նաև ունի երկու ծանր վիրավոր՝ Հովհաննիսյան Միաասնիկ և Հարությունյան Վարդան:
Հայկական կողմն, ինչպես միշտ, վախենալով հանրության արդար դժգոհությունից, կրկին շարունակում է թաքցնել իր կորուստները», — փոխանցում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Ճակատային գծում հայ զինծառայողների սպանությունից երկու օր առաջ սպանվել էր ադրբեջանական բանակի զինվոր Սուլթան Շահվելեդովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Շահվելեդովը զոհվել է «Հայաստանի Զինված ուժերի սադրանքի փորձին պատասխանելու ժամանակ»: Զինծառայողը հունիսի 16-ին հուղարկավորվել է Ադրբեջանի Գուսարի շրջանում:
«Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Էլհան Շահինօղլուն այսպես է մեկնաբանել շփման գծում սրացաման նոր ալիքը.
«Հայկական կողմը խոստովանել է Լեռնային Ղարաբաղում 3 զինծառայողի կորուստը: Սովորաբար առաջինը նման տեղեկատվություն է տարածում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և հայտարարում է, որ թշնամին կորուստներ է կրել: Եվ ամեն անգամ պաշտոնական Երևանը փորձում է թաքցնել իր կորուստները: Այս անգամ ընդհակառակը եղավ:
Հայկական կողն առաջ անցավ և հայտարարեց, որ ադրբեջանական կողմից նռնականետների ռբակոծության արդյունքում նրանք կորուստներ են կրել: Հավանաբար դրանով նրանք փորձում են մեսիջ հասցնել միջազգային հանրությանը, որ ադրբեջանական բանակը շարունակում է ճակատային գծում ստեղծված իրավիճակի փոփոխության փորձերը: Մենք բանակի վրա միլիարդավոր դոլարներ ենք ծախսել ոչ նրա համար, որ պահպանենք հրադադարի ռեժիմը»: