15 զոհ, 3 վիրավոր․ հրդեհ Հայաստանի զորամասերից մեկում
Հրդեհ Հայաստանի զորամասերից մեկում
«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել։ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զորամասում հրդեհ է բռնկվել վառարանը ավտոբենզինով վառելու արդյունքում։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Խորհրդարանական ընդդիմությունը հարաբերական խաղաղ պայմաններում նման կորուստներ ունենալն անընդունելի է համարում։ Իշխող ուժը պատրաստ է քաղաքական պատասխանատվություն ստանձնել, բայց ոչ ամեն ինչ մեկ մարդու՝ նախարար Պապիկյանի «վզին փաթաթելով»։
Այս պահի դրությամբ հաղորդված նախնական տեղեկություններ, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների կարծիքը
Վաղ առավոտյան դեպքի մասին հայտնել էր Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։ Ըստ հաղորդագրության, հրդեհը բռնկվել է զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, չնայած դեպքի վայրում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներին՝ կան զոհեր ու վիրավորներ։
Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաղորդեց, որ 15 զինծառայողներ զոհվել են, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։
Ո՞րն է եղել հրդեհի բռնկման պատճառը
Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման՝ վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով է հրդեհ բռնկվել։ Այս տեղեկությունը կառավարության նիստում հաստատել է նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Նախնական տվյալներով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց։ Խոսքը ավտոբենզինի մասին է, որ հնարավոր չի եղել հետագայում մարել»,- ասել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտել է՝ մեծ քանակությամբ բենզին է օգտագործվել։
«Փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով լցնել վառարանի մեջ։ Երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոցով բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ»,- նշել է նա ու հավելել, որ տվյալները նախնական են։
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ «վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը» խստիվ արգելված է։ Ասում է՝ այդ մասին 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կարգադրությամբ հիշեցրել է նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը։
«Այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար պարզապես չունենալ այս դեպքը»,- հայտարարել է Փաշինյանը։
Ի՞նչ վիճակում են վիրավորները
Կառավարության նիստի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ երեք վիրավոր զինծառայողները գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում։ Նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։
«Մեկի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքային պացիենտ է»,- նշել է նա։
Նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ»,- այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Քյարամյանի փոխանցմամբ՝ քննչական խմբի անդամները ողջ գիշեր աշխատել են դեպքի վայրում, ներգրավվել նաև փորձագետների։ Նրա խոսքով՝ նախնական վարկածը հիմնավորվել է․
«Կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով»։
Պաշտոնանկությունները՝ որպես «անհատական հետևանք»
Վարչապետի առաջարկությամբ նախագահն այսօր հրամանագիր է ստորագրել՝ աշխատանքից ազատելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանին։
Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարին հանձնարարել է՝ պետք է «շատ կոնկրետ, անհատական հետևանքներ» լինեն զորամասում բռնկված հրդեհի հետ կապված։ Նախարար Պապիկյանը տեղեկացրել է մի շարք պաշտոնանկությունների մասին։ Նրա խոսքից տեղեկանում ենք, որ բանակային կորպուսի հրամանատարից բացի աշխատանքից ազատվել են ինը բարձրաստիճան զինվորականներ։
«Խաղաղ պայմաններում անընդունելի է»
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցածը բնորոշել է որպես արտակարգ ու ցավալի դեպք։ Նրա խոսքով՝ եթե մարդկային կորուստներ են լինում հայրենիքի պաշտպանության ժամանակ, դա ինչ-որ կերպ ընկալելի է։
«Գտնում ենք, որ առանց անձնազոհության, առանց հերոսների չի կարելի պաշտպանել մեր հայրենիքը։ Բայց հարաբերական խաղաղ պայմաններում, ոչ մարտական գործողությունների ժամանակ այդպիսի կորուստներ ունենալը մեր ժողովրդի համար անընդունելի է»,- հայտարարել է Օհանյանը։
«Չպետք է ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին»
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ դեպքի հետ կապված քաղաքական պատասխանատվության, մասնավորապես՝ նախարար Պապիկյանի հնարավոր հրաժարականի մասին հարց են ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարին։ Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է՝ նշելով, որ քաղաքական պատասխանատվության մասին հնարավոր կլինի խոսել միայն դեպքի մանրամասները պարզելուց հետո։
«Նախարարը քաղաքական պատասխանատուն է, և մենք բոլորս՝ իշխանությունն է պատասխանատուն մեր երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի, բայց չի նշանակում, որ պետք է փորձենք գտնել քավության նոխազների և ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հրդեհ Հայաստանի զորամասերից մեկում