Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել: 2016թ.-ին այս պաշտոնում նշանակված Պետրոսյանն անձամբ չի մեկնաբանել իր որոշման պատճառները: Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել՝ հավաքականին փոփոխություններ են պետք:
JAMnews-ի հետ զրույցում սպորտային մեկնաբան Վահան Ղարիբյանն ասաց, որ մարզչի հետ կապված բողոքներ չեն եղել, Արթուր Պետրոսյանը ընդունելի է եղել սպորտային հանրության համար: Բայց վերջին ժամանակներում անհաջողություններ են եղել, հավաքականը պարտվել է խոշոր հաշիվներով և, հավանաբար, հենց սա է եղել հրաժարականի պատճառը:
«Արթուր Պետրոսյանի նշանակումից հետո, եթե հիշում եք, հաղթանակ տոնվեց: Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Չերնոգորիային 2:0 հաշվով: Իսկ վերջերս հավաքականը չկարողացավ գոլ խփել ոչ ամենաուժեղ մրցակցին, և որոշել են, որ նոր մարզիչ պետք է լինի: Ֆուտբոլի Ֆեդերացիան պատրաստվում է Ազգերի Լիգային, մարդիկ ակնկալում են լավ արդյունք, դրա համար էլ, կարծում եմ, որ փոփոխություն է եղել, որպեսզի ավելի պատշաճ պատրաստություն լինի»,- նշեց Ղարիբյանը:
Սպորտային մեկնաբանի կարծիքով, ամեն դեպքում խաղադաշտ են դուրս գալիս ֆուտբոլիստները՝ մարզիչը նրանց կարգադրություն է տալիս, բայց հենց ֆուտբոլիստներից է կախված և հաղթանակը, և պարտությունը: