Փխրուն հրադադարը հայ–ադրբեջանական սահմանին խախտվել է․ մարտերը շարունակվում են
Հայ–ադրբեջանական սահմանին հուլիսի լույս 16–ի գիշերը կրկին անհանգիստ էր։ Չնայած նրան, որ նախօրեին երկու երկրների պաշտպանության նախարարությունները հայտարարում էին համեմատաբար հանգիստ իրավիճակի մասին՝ առավոտյան արդեն պարզ է դարձել, որ մարտական գործողությունները վերսկսվել են։
Սահմանին տիրող իրավիճակի մասին մանրամասներ հայկական և ադրբեջանական կողմից սրացման հինգերորդ օրը։
● Կարծիք․ ո՞վ է սրել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Արդյո՞ք դա կարող է Ռուսաստանը լինել
● Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ավելի հանգիստ է փոխհրաձգության չորրորդ օրը
Տեղեկություններ Երևանից
«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել», — այս հաղորդագրությամբ է հուլիսի 16–ի առավոտը սկսել Հայաստանի պաշտպանության մամուլի խոսնակը։
Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում գրել է նաև, որ 05:20–ից ադրբեջանական կողմը սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Հայկական կողմից զինվորականների շրջանում նոր կորուստներ չկան։
Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Տավուշում հայկական դիրքը գիշերը գրոհել է «Յաշմա» ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը 100–հոգանոց կազմով՝ հրետանու օգնությամբ։ Մարտերի ընթացքում հայ զինվորները խոցել են հակառակորդի տանկը։
Ադրբեջանական կողմից դիվերսիայի փորձը հաստատել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նա Facebook-ում գրել է․
«Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում»։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը տեսանյութ է հրապարակել որում երևում է հայկական Այգեպար գյուղին հասցված հարվածը, որը գտնվում է անմիջապես Ադրբեջանի հետ սահմանին։
Առավոտյան տասին պաշտպանության նախարարության մամուլի նախկին քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել է, որ սահմանին լարվածությունն իջել է։
«Հակառակորդը հաստատ զոհեր ունի», — գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Խոցված ԱԹՍ մասին լուրի հերքում
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական ԶՈւ տեղեկությունները խոցված Х-55 անօդաչու թռչող սարքի մասին։
«ՀՀ ԶՈՒ-ի զինանոցում նման կոնստրուկցիայով ԱԹՍ ներկայումս չի գործածվում։ Այսպիսով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները», — գրել է Ֆեյսբուքում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Օմբուդսմեն․ «Թիրախավորված է խաղաղ բնակչությունը»
Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը արկի և բեկորների լուսանկարներ է հրապարակել, որոնք ընկել են հայկական բնակավայրերի վրա։
«Կան բոլոր տվյալները բնակավայրերի ուղղությամբ թիրախային հրաձգության մասին պնդելու համար։ Ընկնող արկերը մանր բեկորների են մասնատվում, որոնցից յուրաքանչյուրը կարող է մարդ սպանել և խեղել։ Էլ չեմ խոսում վնասի մասին, որը հասցվում է մարդկանց գույքին և տներին», — հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը։
Օրվա առաջն կեսի Տավուշի մարզպետը հաղորդում էր, որ խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ և զոհեր չկան։
Օրվա երկրորդ կեսին ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ «հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը»։
Հայաստանի վարչապետն արդեն հրահանգել է գնահատել նյութական վնասը, որը հասցվել է բնակավայրերին Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով։
Վերջին հայտարարությունները
Օրվա առաջին կեսին ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ում գրել է․
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»։
Օրվա երկրորդ կեսին ՊՆ խոսնակը հայտնեց, որ Ադրբեջանը, կրկին խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ․
«Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ»:
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի և Հայաստանի սահմանին համեմատաբար հանգիստ գիշերվանից հետո այսօր առավոտյան երկու կողմից էլ կրկին վերսկսվել են ակտիվ մարտական գործողությունները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Թովուզի շրջանում ադրբեջանական բանակի դիրքերի վրա հայտնաբերվել և ոչնչացվել է Հայաստանի Х-55 մարտավարական անօդաչու թռչող սարք։ Այն փորձում էր հետախուզական թռիչք իրականացնել։
Դրան զուգահեռ երկրի ռազմական գերատեսչությունը հերքել է հակառակորդի հաղորդագրությունները խոցված ադրբեջանական տանկի և ադրբեջանական բանակի 13 ԱԹՍ ոչնչացման մասին։
Մինգեչաուրի ջրամբարին հայկական ուժերի հնարավոր հարվածի մասին լրագրողների հարցին պատասխանելիս Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վագիֆ Դարգյահլին աղմկահարույց հայտարարություն է արել։ Նա բառացիորեն ասել է հետևյալը․
«Հայաստանը չպետք է մոռանա, որ Ադրբեջանի ԶՈւ զինանոցում գտնվող նորագույն հրթիռային համակարգերը կարող են ճշգրիտ հարված հասցնել Մեծամորի ԱԷԿ–ին, ինչն աղետ կլինի Հայաստանի համար»։
Գնդապետը հավելել է նաև, որ տեղանքի ռելիեֆը, որտեղ գտնվում է Մինգեչաուրի ջրամբարն, այդ օբյեկտում իրականացված ամրացման աշխատանքներն, ինչպես նաև ադրբեջանական բանակի տնօրինության տակ գտնվող հակաօդային պաշտպանության միջոցները հնարավորություն չեն տա այդ ռազմավարական օբյեկտին հարված հասցնել։
Մարտերի ժամանակ զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր Նազիմ Իսմայիլովը։ Նա Ադրբեջանի բանակի 12–րդ զինծառայողն է, որը զոհվել է Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող մարտերում։