2017 թվականի հունվարին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի շուկայական միջին գները 2016 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել են 0.4%-ով, իսկ անհատական բնակելի տների գինը՝ 0.2%-ով:
Հանրապետության մյուս քաղաքների բնակարանների և անհատական բնակելի տների գները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:
Մայրաքաղաքի ամենաթանկ բնակարանները գտնվում են Կենտրոն վարչական շրջանում, իսկ աենաէժանը՝ ծայրամասային Նուբարաշենում, որտեղ բնակարանները ավելի քան 2 անգամ էժան են Կենտրոնի բնակարաններից:
Հանրապետության մյուս քաղաքների շարքում ամենաթանկ բնակարանները Ծաղկաձորում են: Հանգստյան գոտում բնակարանների գները զիջում են մայրաքաղաքի միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների բնակարանների գներին:
Հայաստանի ամենաէժան բնակարանները գտնվում են Գեղարքունիքի մարզի Շամլուղ և Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքներում, որտեղ բնակարանների 1 քառ. մ արժե 8000 դրամ, ինչը 36 անգամ ավելի էժան է Ծաղկաձորի և 56 անգամ՝ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակարաններից:
Տվյալները ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։