Բաքվում քննադատության համար մանկատան սանին հոգեբուժարան են տեղափոխել
Ադրբեջանում բռնկվել է լուրջ սկանդալ, որի կենտրոնում Բաքվի մանկատներից մեկն է և մանկատան սան Մուհամեդ Հաջիևը։ Դեռահասը սոցիալական ցանցերում քննադատել է մանկատան ղեկավարությանը կոռուպցիայի փաստերի համար։ Սոցիալական ցանցերում տեսանյութի տարածումից հետո մանկատան սանին տեղավորել են հոգեբուժարանում։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտարարել է, որ երեխան հոգեկան խնդիրներ չունի, և հաջորդ օրը բժշկին աշխատանքից ազատել են։
- ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի՞ Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ. կարծիք Բաքվից
- Աբորտի արգելք Աբխազիայում. «Մի՞թե իմ երեխան ավելի կարևոր է պատգամավորների համար, քան ինձ»
- «Ժողովրդին Եվրոպան է պետք, ոչ թե Ռուսաստանը». Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում
Այս ամբողջ պատմությունը սկսվեց անցյալ շաբաթ, երբ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվեց 16-ամյա Մուհամեդ Հաջիևի հետ հարցազրույցի տեսանյութը։ Մանկատան սանն արդեն հայտնի էր սոցցանցերի օգտատերերին որպես քննադատ կոռուպցիոն փաստերի, որոնց ականատես էր եղել։
Երեխաների սնունդը գողանում են
Տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Մուհամեդը պատմել է այն մասին, որ Բաքվի թիվ 3 մանկատանը խնամվողները քաղցած են գոյատևում։
«Մեզ նորմալ չեն կերակրում։ Նախաճաշին տալիս են մի կտոր հաց, որի վրա քսում են մի քիչ կաթնամթերք, այն գրեթե անտեսանելի է։ Երեխաները չկշտացած գնում են դպրոց, որտեղ սնունդ են խնդրում բուֆետում և իրենց դասընկերներից»,- պատմել է դեռահասը:
Նրա խոսքով՝ մանկատունն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով, սակայն ղեկավարությունը գողանում է բացարձակապես ամեն ինչ.
«Մսից ամեն լավ բան գողացվում է։ Մեզ տալիս են միայն ոսկորներ և ճարպեր։ Երեխաներին տալիս են միայն փտած մրգեր, մնացած ամեն ինչ տանում են իրենց հետ։
Այս հարցազրույցի տարածման հաջորդ օրը Մուհամեդ Հաջիևը հայտնվեց Բաքվի թիվ 1 հոգեբուժարանում։
«Նա հոգեկան խնդիրներ ունի»
Հեռուստաալիքներին տված հարցազրույցում թիվ 3 մանկատան փոխտնօրեն Ուլքեր Բաբաևան նշել է, որ Մուհամեդը միշտ աչքի է ընկել «վատ վարքագծով».
«Ամբողջ ճշմարտությունն այն է, որ Մուհամեդին բազմիցս բռնել են մանկատանը գողություն անելիս: Չի ենթարկվել հաստատության վարքագծի կանոններին։ Այդ մասին տեղեկացրել ենք պատկան մարմիններին։
Նա բազմիցս բուժվել է հոգեբուժարանում՝ վարքի խանգարումներ ախտորոշմամբ։
Լրագրողների հետ զրույցում մանկատնից հաստատեցին, որ Մուհամեդ Հաջիևը գտնվում է հոգեբուժարանում, և նրան հոսպիտալացրել են ոստիկանները։
Հոգեբուժարանի գլխավոր բժիշկ. «Դեռահասը հիվանդ չէ»
Բաքվի թիվ 1 հոգեբուժարանի գլխավոր բժիշկ Աղագասան Ռասուլովը sitat.az պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեռահաս Մուհամեդ Հաջիևը հիվանդ չէ.
«Նա որոշակի հոգեբանական խնդիրներ ունի, բայց դրանք շատ աննշան են։ Նման խնդիրներ կարելի է հանդիպել քաղաքի բնակչության կեսի մոտ։ Եվ ի՞նչ, բնակչության կեսը պետք է բուժվի՞ մեզ մոտ։
Նրան մանկատնից են ուղարկել, հետ ենք ուղարկում, բայց այնտեղ չեն ընդունում։ Նրանք ուզում են, որ նա հերքի իր խոսքերը, և այդ ժամանակ դեռահասին կընդունեն։ Միթե՞ մանկատունը որևէ մեկի հոր սեփականությունն է, որ ընդունեն այն ժամանակ, երբ իրենք են ուզում։
Այս հայտարարությունը գլխավոր բժիշկն արել է նախօրեին, իսկ այսօր երկրի առողջապահության նախարարի հրամանով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որպես պաշտոնական պատճառ մատնանշվում է բժշկի տարիքը։
Աշխատանքից ազատվելուց հետո բժիշկ Ռասուլովը տեղական պարբերականներին տված հարցազրույցում ասել է, որ չի հրաժարվում իր խոսքերից. «Այդ դեռահասը հոգեպես առողջ է»։
Մանկատան տնօրենը հերքում է
«Ես նման բան չեմ ասել: Նա երեխա է, այդ ի՞նչ պետք է աներ, որ ինձանից ներողություն խնդրեր»,- Abzas Media պարբերականին տված հարցազրույցում ասել է թիվ 3 մանկատան տնօրեն Մահբուբա Հուսեյնովան։
Նրա խոսքով՝ ինքը երբեք անձամբ չի տեսել հոգեբուժարանի գլխավոր բժշկին.
«Այո, երեխային նորից ուղարկեցին այստեղ, բայց նրա փաստաթղթերը կարգին չէին։ Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեից եկան, ասացին, որ փաստաթղթերը կարգի կբերեն, կտեղափոխեն հաստատություն։
Այսինքն՝ նա հոգեբուժական կլինիկայում չի մնա, կվերադառնա այստեղ։ Երեխա է, ես ի՞նչ իրավունք ունեմ նրա հետ սկզբունքներով ղեկավարվելու»։
Մահբուբա Հուսեյնովան վերջին երկու տարում երկու անգամ դարձել է հակահերոսը իրադարձությունների, որոնց մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսպես, 2021 թվականին սոցցանցերում հայտնվեցին այս մանկատնից կադրեր, որտեղ երևում էր երեխաների սննդի և անկողնային պարագաների հետ կապված աղետալի իրավիճակը։ Այդ տեսանյութի հրապարակումից հետո Հուսեյնովան նկատողություն ստացավ։
Անցյալ տարի Գյուլջան Նագիևան, ով նախկինում աշխատել է նույն մանկատանը որպես դաստիարակի օգնական, տեսանյութ էր հրապարակել, որում Մահբուբա Հուսեյնովային մեղադրել էր միս գողանալու մեջ։ Կնոջ պնդմամբ՝ Կուրբան Բայրամի օրը մանկատան երեխաներին միս են ուղարկել, սակայն նվերը մանկատնից հանել են տնօրենի մեքենայով։
Չորս եղբայրների դառը ճակատագիրը
20-ամյա Ալի Հաջիևը՝ Մուհամեդի ավագ եղբայրը, լրագրողներին պատմել է իր ընտանիքի դառը ճակատագրի մասին։
«Մենք՝ չորս եղբայրներս, ապրում էինք մայրիկի հետ։ Ինձնից ու Մուհամեդից բացի կան ևս երկու փոքրեր՝ մեկը՝ 13, մյուսը՝ 12 տարեկան։ Մեր մայրն անկողնային հիվանդ էր։
Անտուն չմնալու համար 2014 թվականին որոշեցի հեռուստաալիքներից մեկի եթերում պատմել մեր մասին։ Ուղիղ եթերում մենք խնդրեցինք, որ մեզ տեղավորեն մանկատանը։ Եվ այդպես էլ եղավ։ Շնորհակալություն տնօրենին․ նա օգնեց նաև մորս բուժման հարցում։ Բայց մեր մայրը 2016 թ.-ին մահացավ։
Կրտսեր եղբայրներիս որդեգրեցին։ Վերջին անգամ 13-ամյա եղբորս հետ խոսել եմ մեկ տարի առաջ, փոքրի հետ որևէ կապ չկա։ Նրանց ծնողները դեմ են մեր շփումներին, դրա համար էլ չեմ անհանգստացնում: Բայց հետաքրքրվում եմ նրանց կյանքով, գիտեմ, որ նորմալ են ապրում։
Մուհամեդին նույնպես մեկ անգամ որդեգրել են, սակայն կարճ ժամանակ անց ընտանիքը հրաժարվել է նրանից»,- ասել է Ալին։