Հյուսիսային Կորեան կմասնակցի 2018թ-ի Օլիմպիական խաղերին
Կիսվել
Կիսվել
Ավելի քան երկու տարվա ընթացքում Հյուսիսային և Հարավային Կորեայի միջև առաջին բանակցություններն են կայացել: Քննարկվել է հարավկորեական Փխենչխանում փետրվարին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին ԿԺԴՀ մասնակցության հնարավորությունը:
Կողմերը պայմանավորվել են, որ Հյուսիսային Կորեան կարող է մարզիկներից, պաշտոնյաներից և աջակցության խմբից կազմված իր պատվիրակությունն ուղարկել: Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սին:
Թե ինչ մարզիկներ են լինելու պատվիրակության կազմում, չի ճշտվում: Հայտնի է, որ հյուսիսկորեացի մարզիկներից միայն մի քանի գեղասահորդ է անցել Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարը:
Հարավային Կորեայի ներկայացուցիչնենրը բանակցությունների ընթացքում ԿԺԴՀ-ին առաջարկել են Փխենչխանի Օլիմպիադան օգտագործել որպես ավելի քան 50 տարի առաջ Կորեական պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների վերամիավորման հնարավորություն: Սեուլն առաջարկել է նաև Օլիմպիադայի բացման արարողությանը միավորել Հյուսիսային և Հարավային Կորեայի պատվիրակությունները:
Փհենյանի պատասխանը դեռևս անհայտ է:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փխենչխանում կայանալիք Օլիմպիական խաղերին իր երկրի մասնակցության ցանկության մասին հայտարարել է ամանորյա ուղերձում: Այնուհետև Սեուլն առաջարկել է բանակցություններ անցկացնել, չնայած այն բանին, որ Օլիմպիադային մասնակցելու հայտադիմումի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էր:
Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ պատրաստ են բացառության կարգով ԿԺԴՀ թիմին թույլ տալ մասնակցել խաղերին: