Հյուսիսային Կորեան կանչում է ռուս զբոսաշրջիկներին
Մարդիկ տոնում են Ազատագրման օրը: Փհենյան, Հյուսիսային Կորեա, 2015թ-ի օգոստոս, REUTERS/Յուրի Մալցև
«Ազատություն ռադիոկայանի» և «Ինտերֆաքսի» նյութերի հիման վրա
Զբոսաշրջության զարգացում
NKOREAN ընկերությունը ռուս զբոսաշրջիկներին կօգնի ԿԺԴՀ վիզա ստանալ 3-5 օրվա ընթացքում: Նախկինում այդ գործընթացը տևում էր մոտ 2-3 շաբաթ: Այդ մասին պատմել է հյուսիսկորեական դեսպանատան խորհրդական Կիմ Սեն Հուն:
Ռուսաստանի զբոսաշրջային գործակալությունների միության նախագահ Սերգեյ Գոլովը վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսին հաղորդել է, որ մեծ հույսեր է կապում բացված զբոսաշրջային գործակալության հետ, քանի որ ռուս սպառողը մեծապես հետաքրքրված է ԿԺԴՀ ճամփորդությունով:
Նա խոստացել է, որ միությունը NKOREAN-ին տեղեկատվական աջակցություն կցուցաբերի:
Զբոսաշրջային ինդուստրիայի ռուսական միության տվյալներով՝ 2016թ-ին Հյուսիսային Կորեա է այցելել 423 զբոսաշրջիկ Ռուսաստանից:
Զբոսաշրջության հետևանքները
Բոլորովին վերջերս ԱՄՆ կառավարությունն արգելել է իր քաղաքացիներին ԿԺԴՀ մեկնել: Դա տեղի է ունեցել ամերիկացի ուսանողի մահից հետո, որին Հյուսիսային Կորեայում դատապարտել էին 15 տարվա ուղղիչ աշխատանքների:
Օտտո Ուորմբիրը հյուսիսկորեական բանտում նստած էր 2016թ-ի մարտից մինչև 2017թ-ի հունիս: Նրան դատապարտել էին 15 տարվա ուղղիչ աշխատանքների պրոպագանդիստական պաստառ գողանալու համար: Ենթադրաբար շուտով դրանից հետո Ուորմբիրը կոմայի մեջ էր հայտնվել, և հունիսին նրան վերադարձրել էին հայրենիք: Մի քանի օր անց նա մահացել էր: Ամերիկյան բժիշկները Ուորմբիրի մոտ ախտորոշել էին «ծանր նյարդաբանական վնասվածք»:
Հիմա գրեթե ամեն օր երկու կողմից էլ՝ հյուսիսկորեական և ամերիկյան, ծայրահեղ ագրեսիվ հայտարարություններ են արվում: Վերջին շաբաթներում երկու պետությունների ղեկավարների կողմից օգտագործվող հռետորաբանությունն ավելի ու ավելի սպառնալից է դառնում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ԿԺԴՀ-ն Ամերիկայի կամ նրա դաշնակիցների դեմ զենք կիրառի, ԱՄՆ-ն կոչնչացնի Հյուսիսային Կորեան: ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Թրամփի այդ խոսքերն ընկալել է որպես պատերազմի բացահայտ հայտարարություն և խոստացել, որ իր երկիրը «պատասխան գերկոշտ միջոցների» կդիմի:
Զբոսաշրջության հնարավորությունները
Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի դեսպանատան ներկայացուցիչները պարբերաբար մամուլի ասուլիս են անցկացնում և պատմում, որ ԿԺԴՀ-ում օրինապաշտ զբոսաշրջիկներին ոչինչ չի սպառնում: Պետք է պարզապես որոշ կանոնների հետևել:
Մասնավորապես.
- Հյուսիսային Կորեայում զբոսաշրջիկներն իրավունք չունեն ազատ տեղաշարժվելու առանց ուղեկցող տեղացի գիդի;
- արգելված են աղքատության, մահվան կամ ապահարզանի մասին խոսակցությունները;
- արգելված են երկարատև երկխոսությունները տեղի քաղաքացիների հետ;
- հյուսիսկորեացիներին կարելի է լուսանկարել միայն նրանց թույլտվությամբ: