ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պատերազմով Ղարաբաղի հարցը չի լուծվի
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է բազմաթիվ խնդիրների մասին, որոնցից մեդիան հատուկ առանձնացրել է նրա կարծիքը պատերազմի վերսկսման հնարավորության մասին: Նախարարն ասել է, որ գրեթե համոզված է՝ լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի այն պարզ պատճառով, որ այդ պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել:
«Չկա պատերազմական գործողությունների այնպիսի զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով: Եվ ընդհակառակը, կա շատ մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս իր տնտեսության և պետության համար: Ես չեմ նվազեցնում այն վտանգները, որը լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար: Բացարձակ մեկը մյուսին չի բացառում», — ասել է Սարգսյանը:
Նախարարը նշել է նաև, որ Ադրբեջանը անկանխատեսելի է. «Երկրում, որտեղ չկա քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմ, ռազմական գործողությունների վերսկսումը կարող է բազմաթիվ դրդապատճառներ ունենալ, որոնք դրսի դիտորդի համար կարող են նույնիսկ աննկատելի լինել»:
Այս պարագայում Սարգսյանը գտնում է, որ Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի պաշտպանել իր անվտանգությունը. «Մենք պետք է սովորենք ապրել տարածաշրջանային այն իրողության մեջ, որը կա՝ զուգահեռ ամրապնդելով մեր անվտանգությունն ու ապահովելով երկրի առաջընթացը բոլոր բնագավառներում: Երբեմն փորձություններ են պետք, որ երկիրն ավելի ամուր լինի»:
Խոսելով Ռուսաստանի հետ փոխգործակցության ծրագրի մասին, Սարգսյանը շեշտել է, որ դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական-ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է: Հայկական կողմն էլ բավարարված է դրանով, թե ինչպես է այն իրականացվում:
«Դա շատ հավակնոտ ծրագիր է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք, և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք այդ երկխոսության մեջ, շատ ավելի երկարատև և կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը»,- ասել է Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանից զենք-զինամթերք է ստանում ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակներում, իսկ այն, ինչ Հայաստանը գնում է, «դաշնակցային սկզբունքով է՝ ներքին գներով»:
Լրատվամիջոցների համար ուշագրավ տեղեկատվություն էր նաև նախարարի անդրադարձը հայտնի պաշտոնյաների որդիների՝ բանակում ծառայելու վերաբերյալ: Նա ասել է, որ պաշտպանության նախարարությանը հասարակական կազմակերպությունից հարցում է ներկայացվել, որը վերաբերել է 48 բարձր պաշտոնյաների որդիներին:
«Այսօր պատասխանը տվել ենք: 48-ից 26-ը ծառայել են, 2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որը ակտիվ ծառայություն չի անցել: Վեցը տարկետման իրավունք ունի, իսկ 16-ը ազատված է ծառայությունից»,- տեղեկացրել է Վիգեն Սարգսյանը, հավելելով, որ այս պահին կան բարձր պաշտոնյաների զավակներ, որոնք ծառայում են առաջնագծում, նրանցից երկուսն ունեն զորացրման ցուցում՝ պայմանավորված առողջական վիճակով: Նախարան ասել, որ այդուհանդերձ նրանց չեն զորացրում, «որովհետեւ կստացվի՝ պաշտոնյայի երեխա է, դրա համար զորացրեցինք»:
Նախարարը հայտնել է նաև, որ քննարկվում է պաշտպանության նախարարության կառուցվածքի ձևափոխման հարցը: Նա հատուկ նշել է, որ կրճատվող ստորաբաժանումների աշխատակիցները կշարունակեն ծառայել, եթե նման ցանկություն ունենան. «Մենք մտադիր չենք փողոցում մարդ թողնել, մտադիր ենք մեր արդյունավետությունը բարձրացնել»:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: