ՀՀ-ն առանց վիզայի ռեժիմ է սահմանել է 113 երկրների համար. նպատակներն ու սպասելիքները
ՀՀ-ն սահմանել է առանց վիզայի ռեժիմ 113 երկրների համար
Հայաստանը որոշել է բացել երկրի սահմանները օտարերկյա զբոսաշրջության համար: 2026թ․ հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը 113 երկրների բնակիչներ ազատված են մուտքի վիզայից։ Նրանց պաշտոնապես տրվել է հնարավորություն բացահայտել իրենց համար Հայաստանը առանց դեսպանատներում վիզա ստանալու վրա ժամանակ ծախսելու։
Այս առավելությունից կկարողանան օգտվել, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների, Եվրոպական միության անդամ պետությունների, Շենգենյան գոտու երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի քաղաքացիները։ Երկրների ամբողջական ցանկը հասանելի է Հայաստանի կառավարության պաշտոնական տեղեկատվական հարթակներում։
Այն զբոսաշրջիկները, որոնք կօգտվեն այս հնարավորությունից, Հայաստանում կարող են մնալ մինչև 180 օր:
- 120 մլն եվրո՝ զբոսաշրջության զարգացմանը. ՀՀ-ն ու ՎԶԵԲ-ը համատեղ ծրագիր կիրականացնեն
- Օրենսդրական փոփոխություններ ՀՀ զբոսաշրջության ոլորտում. ռիսկերն ու հնարավոր հետևանքները
- Հայաստանի սահմանամերձ զբոսաշրջային բիզնեսները պահպանման խնդիր են լուծում
«Տեղեկատվությունը պետք է երկրից դուրս հասանելի դարձնել». զբոսավար
Արտեմ Սիրեկանյանը զբաղվում է ներգնա տուրիզմով: Մասնագիտությամբ լեզվաբան է։ Երկար տարիներ հարմար պայմաններով աշխատանք չգտնելուց հետո, սկսել է եվրոպացի զբոսաշրջիկներին ներկայացնել Հայաստանը:
Իր ծառայություններն առաջարկում է տարբեր առցանց հարթակներում։ Համագործակցում է նաև տեղական տուրիստական գործակալությունների հետ: Ասում է՝ Հայաստանը շատ տպավորիչ է այցելուների համար, սակայն դժվար է լինում 5-7 օրից ավելի հետաքրքիր առաջարկներ գտնել:
«Որպես կանոն, Հայաաստանում մնում են մոտ մեկ շաբաթ։ Ավանդական Գառնի, Գեղարդ, Սևան ուղղություններից բացի նախընտրում են Դիլիջանը, Վայքն ու Տաթևը՝ վանքն իր ենթակառուցվածքներով: Մեկ-երկու օր էլ անցկացնում են Երևանում, համեղ սնվում, գնումներ անում և վերադառնում։ Երբեմն էլ Հայաստանով գնում են Վրաստան»,- բացատրում է Արտեմը:
Նրա խոսքով՝ առանց վիզայի ռեժիմը կարող է լրացուցիչ խթան լինել զբոսաշրջության համար։ Առավել ևս, որ տարեցտարի սպասարկման որակն ու ծառայությունները բարելավվում են․
«Շատերը կարող են պայուսակը վերցնել և բյուջետային ավիատոմսերով Հայաստան հասնել։ Վիզան իսկապես գլխացավանք է տուրիստների համար: Ինչքան գիտեմ, Հայաստանը հեշտացրել է վիզայի տրամադրումը, սակայն առանց վիզա ռեժիմը ավելի գայթակղիչ է՝ հատկապես ընտրված սեզոնի համար»:
Զբոսավարն ասում է՝ հունվարից մինչև հուլիս ամիսներին էժան են և՛ ավիատոմսերը, և՛ հյուրանոցները, և՛ այլ ծառայություններ: Հայասպանում զբոսաշրջային պիկն, ըստ նրա՝ հուլիսից սեպտեմբեր ամիսներին է։
Միևնույն ժամանակ, կարծում է՝ 120-180 օրը մեծ ժամկետը է, օտարերկրացիները դժվար ցանկանան այդքան մնալ երկրում․
«Հայաստանը թանկ երկիր է։ Իմ հաճախորդներն ասում են, որ եվրոպական շատ երկրներից այստեղ թանկ է թե՛ սննդի, թե՛ հագուստի, թե՛ ծառայությունների տեսանկյունից: Հինգ օր անց տեսնում եմ, որ սկսում են գումարը հաշվել, ավելի էժան տարբերակներ փնտրել: Այնպես որ, չեմ կարծում տուրիստը ցանկանա այստեղ շաբաթներով կամ ամիսներով մնալ»։
Արտեմն ասում է՝ մի քանի օր առաջ առցանց հարթակներում տեսել է քննարկում, որ Հայաստան կարելի է գալ առանց վիզայի․
«Քննարկման մասնակիցները՝ արդեն այստեղ եղած տուրիսները, նշում էին, որ պետք է հաշվի առնել․ թանկ երկիր են գնում։ Հուշում էին, որ պետք է նախքան գնալը ուսումնասիրել գները: Ես այդպես եմ իմացել, որ Հայաստանը ժամանակավոր բացել է սահմանները, հետո զանգել եմ տուիզմի կոմիտե ու ճշտել: Լավ կլիներ, եթե տարբեր սոցիալական մեդիայի հարթակներում մարքեթինգային արշավներ լինեին։ Այսպես ավելի շատ մարդիկ կիմանան այս նախաձեռնության մասին։ Եթե մենք ներսում չենք իմացել, դուրսում ինչպե՞ս պետք է իմանան»:
«Հայաստանն այցելուներին առաջարկելու շատ բան ունի»
Զբոսաշրջության կոմիտեից JAMnews-ի հարցմանը պատասխանել են, որ այս նախաձեռնության նպատակն է խթանել զբոսաշրջությունը, խրախուսել ինքնաբուխ ճանապարհորդությունները։ Խոսքը գնում է թե՛ կարճատև քաղաքային այցերի և ընտանեկան հանդիպումների, թե գործնական ուղևորություններ և երկարատև բացահայտման ճանապարհորդությունների մասին։
Պետական կառույցում կարծում են, որ Հայաստանն իր հինավուրց վանքերով, տպավորիչ լեռնային բնությամբ, զարգացած գաստրոնոմիական մշակույթով և հարուստ ավանդույթներով ճանապարհորդներին առաջարկելու շատ բան ունի.
«Երևանի սրճարանային մշակույթն ու թանգարանները բացահայտելուց մինչև արշավային արահետներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ այցելելը՝ երկիրը տարվա բոլոր եղանակներին ապահովում է բազմազան փորձառություններ»։
«Վիզայի ազատականացնումն ավելի շատ իմիջային քայլ է, քան տնտեսական»
Տնտեսագետ Արշավիր Մաթևոսյանն ասում է, որ Հայաստանը հետաքրքիր ուղղությունն է օտարերկրացիների համար․
«Տարբեր լանդշաֆտներ ունի, հարուստ կենսաբազմազանություն, լեռներ ու լճեր, տպավորիչ հյուրընկալություն: Հայաստանի տարբեր անկյուններում լինելու համար զբոսաշրջիկին պետք է ընդամենը մի քանի գիշերակաց։ Բայց հյուրանոցների գները բարձր են, ուռճացված։ Դրա ֆոնին վերջին տարիներին զարգանում է հյուրատնային բիզնեսը, սակայն այն դեռ մինչև վերջ կայացած չէ, չի կարող սպասարկել սպասվող պահանջարկը»:
Նրա խոսքով՝ պետությունը դեռևս անելիքներ ուներ նախքան վիզայի ազատականացումը՝ սկսած տաքսիների գների ու որակի կարգավորումից, վերջացրած հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների որակի հսկողությամբ․
«Բարձր գին առաջարկող շատ հյուրանոցներ ու ռեստորաններ հատկապես Երևանից դուրս այսօր չունեն բավարար որակ, որը կարող է գոհացնել հյուրերին: Գին-որակ համեմատության մեջ շահեկան են հյուրատները, որոնք մեծ աշխարհագրական ծածկույթ, ցավոք, չունեն»:
Վիզայի ազատականացումը, ըստ տնտեսագետի՝ թեև լավ չի գովազդվում, սակայն չի էլ կարող աննկատ մնալ․
«Կարծում եմ՝ հետագա տարիներին այս քայլը կբերի նոր հոսքեր, ինչը կավելացնի տնտեսական աշխուժությունը: Իհարկե, տնտեսական բում չի լինի, սակայն ծառայությունների, մանրածախ առևտրի, զբոսաշրջության և հարակից ոլորտների համար շահեկան կլինի։ Դրանք կշարունակեն արձանագրել տնտեսական աճ՝ պահպանելով նախորդ տարիների տեմպը: Ինքս այս որոշումն ավելի շատ իմիջային եմ համարում։ Կարծես ցույց տանք, որ հասել ենք երկար սպասված խաղաղության և բացում ենք դռներն օտարերկրացիների համար»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-ն սահմանել է առանց վիզայի ռեժիմ 113 երկրների համար