«Հայաստանի էներգետիկ կախվածությունը 73 տոկոս է, պետք է կրճատել»․ փորձագետ
ՀՀ էներգետիկ անկախությունը
«Հայաստանի էներգետիկ անկախությունը շուրջ 27 տոկոս է։ Հենց այդ չափով մեր երկիրը կախված չէ արտերկրից ստացվող էներգակիրներից»,- հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը։
Նրա փոխանցմամբ՝ մնացած 73 տոկոսը հիմնականում բաժին է ընկնում բնական գազին, որը Հայաստանը ներկրում է առավելապես մեկ երկրից՝ Ռուսաստանից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում փորձագետը նշել է, որ էներգետիկ կախվածությունը խոցելի է դարձնում երկիրը, ինչպես նաև տնտեսությունը։
Տեղեկացրել է՝ մշակել և Հայաստանի կառավարությանն են ներկայացրել իրավիճակի հնարավոր զարգացման 21 սցենար։ Դրանք հիմնված են տնտեսության աճի, բնակչության թվի, օգտագործվող սարքավորումների քանակի ավելացման, էներգաարդյունավետության աստիճանի և այլ գործոնների փոփոխության տարբերակների վրա: Աբգար Բուդաղյանի համոզմամբ՝ այդ բոլորը հաշվի առնելով հնարավոր կլինի մինչև 2050 թվականը հասնել էներգետիկ անկախության ավելի բարձր մակարդակի:
«Արմատական փոփոխություններ են պետք»․ ի՞նչ անել
Էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավարի խոսքով՝ հնարավոր չէ այս ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնել 1-2 տարում։ Դրանք պլանավորվում են առաջիկա մի քանի տասնամյակի համար։ Ասում է՝ աշխատանքներ են տանում մինչև 2050 թվականը էներգետիկ անկախությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ, փորձում են աջակցել կառավարությանը․
«Մշակել և նրանց քննարկմանն ենք ներկայացրել իրավիճակի հնարավոր զարգացման 20-ից ավելի սցենար, որոնք կարող են հաշվի առնվել Հայաստանի՝ 2040-50 թթ․ էներգետիկ ռազմավարությունն ու տեսլականը ձևակերպելու ընթացքում»։
Բուդաղյանի փոխանցմամբ՝ դա ենթադրում է տեսանելի ապագայում՝ մինչև 2036 թվականը, Մեծամորի ատոմակայանի փոխարինում միջուկային նոր էներգաբլոկով, բայց ոչ միայն։
«Առաջարկել ենք դիտարկել էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական գազի սպառումը մինչև 2050 թվականն աստիճանաբար նվազեցնելու, հետագայում վառելիքի այդ տեսակից վերջնականապես հրաժարվելու և վերականգնվող էներգետիկ ռեսուրսներին առավելագույնս ապավինելու հնարավորությունը»,- ընդգծել է նա։
«Բնական գազի օգտագործումից հրաժարվելն իրատեսական է»
Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սահմանված ժամկետում (2040-50 թթ․) էլեկտրաէներգիայի արտադրության համար բնական գազի օգտագործումից իսպառ հրաժարվելը միանգամայն իրատեսական է, եթե՝
- կառուցվի մոտ 600 մեգավատ հզորության ատոմային կայան,
- հնարավորինս արդյունավետ օգտագործվի արևային և հողմային էլեկտրակայանների, ՀԷԿ-երի ներուժը:
«Այդ դեպքում 2045-50 թվականներին Հայաստանում հնարավոր կլինի հրաժարվել ջերմային էլեկտրակայանների շահագործումից, այսինքն՝ դրանց աշխատանքն ապահովող բնական գազից»,- պարզաբանել է Աբգար Բուդաղյանը։
«Այս տարի ՀՀ-ն կկարողանա բնական գազի ներկրման ծավալը նվազեցնել 6%-ով»
Փորձագետը տեղեկացրել է, որ արդեն իսկ փոփոխություններ են արվել էներգետիկ ռազմավարությունում, որը ներառում է նաև 2040 թվականը։ Բացի այդ, վերանայվել են 2030-40 թթ․ համար սահմանված վերականգնվող էներգետիկայի զարգացման թիրախները․
«Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը 2030 թ․-ին նախատեսվում է հասցնել 50 տոկոսի: Դա հնարավոր է ապահովել մոտ 1000 մեգավատ հզորության արևային էլեկտրակայանների կառուցման շնորհիվ»։
Բուդաղյանը հայտնել է, որ 2040 թ․-ից նախատեսվում է այս ցուցանիշը հասցնել մինչև 60 տոկոսի։ Դա արվելու է լրացուցիչ 500 մեգավատ հզորության արևային և 500 մեգավատանոց հողմային էլեկտրակայանների կառուցման շնորհիվ:
Շեշտում է՝ էներգետիկայի դիվերսիֆիկացման հարցում արդեն իսկ ունենք զգալի փոփոխություն։
«Արևային կայաններն այս տարի կապահովեն Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մինչև 12 տոկոսն այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ դրանք ընդհանրապես ներառված չէին ընդհանուր համակարգում: Դրա շնորհիվ ՀՀ-ն այս տարի կկարողանա 6 տոկոսով նվազեցնել բնական գազի ներկրման ծավալը: Սա բավականին զգալի ցուցանիշ է, այդ թվում՝ երկրի տնտեսության վրա ազդեցության առումով»,- մանրամասնել է փորձագետը։
Կարծում է՝ միանգամայն հնարավոր է պահապնել այդ միտումն առաջիկա տասնամյակների ընթացքում․
«Այնուհանդերձ, եթե տեխնոլոգիաները չփոխվեն, ապա առնվազն մինչև 2050 թվականը գազից մեր կախվածությունը բավականին մեծ կմնա»։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ էլեկտրաէներգիայի արտադրությունից բացի Հայաստանում բնական գազի զգալի ծավալ է օգտագործվում նաև տրանսպորտային միջոցների լիցքավորման, կենցաղային սպառման նպատակներով: Բուդաղյանի փոխանցմամբ՝ անհատական փոխադրամիջոցների և հանրային տրանսպորտի լիցքավորմանն է ուղղվում ՀՀ ներկրվող բնական գազի 25 տոկոսը:
Տրանսպորտի պարագայում, ըստ նրա, խնդիրը հնարավոր է լուծել էլեկտրամոբիլների քանակի ավելացմանն ուղղված միջոցառումների շնորհիվ, որոնք պետք է ներառեն նաև «վերականգնվող էներգետիկ ռեսուրսների միջոցով Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայով» դրանց լիցքավորումը։
«Էներգաարդյունավետության ներուժը շուրջ 40% է»
Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավարն ասում է՝ բնակչությունը կենցաղային նպատակներով սպառում է էլեկտրաէներգիայի 32 և բնական գազի՝ շուրջ 31 տոկոսը․
«Այդ ցուցանիշները հնարավոր է նվազեցնել էներգախնայողության ու էներգաարդյունավետության ապահովման, այդ թվում՝ շենքերի և շինությունների ինքնավար էլեկտրասնուցման և ջերմամատակարարման, ջերմամեկուսացման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի միջոցով»։
Աբգար Բուդաղյանից հետաքրքրվել են՝ բնակչության շրջանում էներգախնայողության մակարդակի վերաբերյալ ուսումնասիրություններ կա՞ն։
Ի պատասխան Բուդաղյանը նշել է, որ իրենք նման հետազոտություն չեն իրականացրել։ Սակայն, նախկինում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ «ՀՀ-ում կենցաղային մակարդակով էներգաարդյունավետության ներուժը գնահատվում է շուրջ 40 տոկոս»։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաբնակարան հին շենքերի մեծամասնությունն ունի էներգաարդյունավետության բավականին վատ ցուցանիշներ։
«Անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել պատկերը բարելավելու համար: Մեզ թվում է, թե էներգիայի կորուստ չունենք։ Բայց հատուկ սարքերի միջոցով արված ստուգումները ցույց են տալիս, որ շինությունների անկատար լինելու պատճառով ձմեռային շրջանում ջերմային կորուստները բավականին մեծ են»,- պարզաբանել է Բուդաղյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ էներգետիկ անկախությունը