ՀՀ-ում անկանխիկ գործարքների համար հետվճար է ստացել շուրջ 240 հազար թոշակառու
Հետվճարի ծրագիր կենսաթոշակառուների համար ՀՀ-ում
Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացնել անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող հետվճարի չափը։
Այսուհետ նրանք հետվճար կստանան իրենց կատարած անկանխիկ գնումների 12 տոկոսի չափով՝ նախկին 10 տոկոսի փոխարեն։ Հետվճարի առավելագույն չափը կկազմի 6000 դրամ։
Որոշումը անկանխիկ գործարքների վրա տարածվելու է` սկսած 2024 թ․-ի սեպտեմբեր ամսից։ Այսինքն՝ հաշվարկման նոր չափով հետվճար քաղաքացիները կկարողանան ստանալ արդեն հոկտեմբերի սկզբին։
Որոշման բոլոր մանրամասները՝ հակիրճ
Նախագիծն ունի երկու տարվա պատմություն
Հետվճարի տրամադրման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2022 թվականի հուլիսի 1-ից։ Կառավարությունն ակնկալում է, որ այն՝
- կծառայի որպես գնաճի բացասական հետևանքները որոշակիորեն մեղմող գործիք,
- կմեծացնի անկանխիկ գործարքների ծավալը,
- կբարձրացնի սպառողների կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները, կմեծացնի դրանց կիրառելիության տարածվածությունը։
Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հետվճար էին ստանում իրենց կատարած անկանխիկ գնումների 10 տոկոսի չափով, բայց ոչ 5000 դրամից ավելի։ Այդ գումարի 5 տոկոսը փոխհատուցում էին բանկերը։
Սակայն 2024 թ․-ի հունվարից հետվճարի ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։
Կոմունալների վճարման դեպքում այսուհետ հետվճար չի հաշվարկվի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ որոշման նախագծով նախատեսվում է կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հետվճար չհաշվարկել և չվճարել:
Հիշեցրել է՝ ծրագրի նպատակներից մեկը տնտեսության ստվերային շրջանառության կրճատմանը նպաստելն է, իսկ կոմունալ ծառայությունների վճարումներն ամբողջությամբ ստվերից դուրս են։
«Հետևաբար, քանի որ արդեն իսկ ունենք վարքագծային փոփոխություն, մեր կենսաթոշակառուներն ու նպաստառուները ակտիվորեն սկսել են անկանխիկ վճարումներ իրականացնել իրենց քարտերով, մենք առաջարկում ենք այս փոփոխությունը»,- ասել է նախարարը։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս շուրջ 9 մլրդ դրամ հետվճար է տրամադրվել
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հուլիս ամսվա դրությամբ ծրագրից օգտվել է շուրջ 240 հազար շահառու, որոնց շուրջ 9 մլրդ դրամի հետվճար է տրամադրվել․
«Ծրագրի մեկնարկից ի վեր թոշակառուների և նպաստառուների կողմից կատարված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 119 միլիարդ դրամ»։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծրագրից օգտվելու համար բազմաթիվ կենսաթոշակառուներ անցում են կատարել թոշակը քարտային տարբերակով ստանալուն։ Նրա փոխանցմամբ՝ ծրագրի գործարկմանը հաջորդած առաջին ամիսներին քարտով թոշակ ստացողների թիվը 300 հազարի շրջանակում էր, այժմ՝ շուրջ 540 հազարի։
«Ըստ էության, նրանց 44 տոկոսն արդեն օգտվում է անկանխիկ վճարումների հետվճարի ծրագրից»,- նշել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հետվճարի ծրագիր կենսաթոշակառուների համար ՀՀ-ում