Հարավային Օսիայում ընդդիմադիր թեկնածուի գրանցման խնդիրը չի լուծվում՝ չնայած փողոցային ցույցերին
Երկուշաբթի՝ մարտի 20-ին, Ցխինվալը հանգիստ է թվում, ինչը նույնիսկ մի քիչ զարմանալի է շաբաթ և մասամբ՝ կիրակի փողոցներում տեղի ունեցած դիմակայություններից հետո:
Միակ հիշեցումն «Իռ» հեռուստառադիոընկերության եթերում Հարավային Օսիայի նախագահի վարչակազմի ղեկավար Ալան Տեխովի ելույթն է:
«Հարավային Օսիայի Գերագույն դատարանը նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի հայցով նոր նիստ չի անցկացնելու, դատարանի որոշումը վերաքննման ենթակա չէ», — ասել է Տեխովը:
Ապրիլի 9-ին Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ և միաժամանակ հանրաքվե կկայանա հանրապետությունն Ալանիայի վերանվանելու հարցով: Գրանցվել է երեք թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահն ու խոսնակը: ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի թեկնածությունը, ինչն էլ բողոքի ակցիայի և ողջ մարտի ընթացքում ելույթների պատճառ է դարձել:
Տեխովի ելույթը որպես վերջնական պատասխան է հնչում Էդուարդ Կոկոյտիին և նրա բազմաթիվ կողմնակիցներին:
Մարտի 14-ին հանրապետության Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ԿԸՀ որոշումը չգրանցել նրա թեկնածությունն նրա հիման վրա, որ վերջին տարիներին Կոկոյտին հանրապետությունում բավականաչափ հաճախ չի բնակվել, որպեսզի համապատասխանի նստակեցության ցենզին: Կոկոյտին ամեն կերպ հերքում է ԿԸՀ դրդապատճառները, նա և նրա կողմնակիցները պահանջում են արդեն ոչ միայն նրա թեկնածության գրանցում, այլ նաև Պետանվտանգության կոմիտեի պետի և ՆԳ նախարարի հրաժարականները փաստաթղթեր կեղծելու համար:
ԿԸՀ մերժումը դարձել է Ցխինվալում երկար ժամանակ կրկնվող բողոքի ակցիաների պատճառ: Էդուարդ Կոկոյտին այժմ իրեն ներկայացնում է որպես ընդդիմության փաստացի առաջնորդ: Անցած հանգստյան օրերին նա իր համախոհների մեծ խմբի հետ միասին՝ 300-500 մարդ, Ցխինվալում բողոքի ակցիա էր անցկացնում կառավարության շենքի մոտ: Գլխավոր պահանջը նույնն էր՝ չեղարկել ԿԸՀ և Գերագույն դատարանի որոշումները և Կոկոյտիին գրանցել որպես Հարավային Օսիայի նախագահության թեկնածու:
Շաբաթ՝ մարտի 18-ին, քաղաքի կենտրոնն ամբողջությամբ արգելափակված էր ցուցարարներով: Դեպի կառավարություն տանող ճանապարհը միլիցիան ազատեց միայն երեկոյան:
Հարավային Օսիայի նախագահի վարչակազմի ղեկավար Ալան Տեխովի խոսքով՝ հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները շարունակելու են երկխոսությունն Էդուարդ Կոկոյտիի կողմնակիցների միջև: «Լեոնիդ Թիբիլովը միշտ պատրաստ է եղել երկխոսության: Մենք բաց ենք և խատրաստ ենք քննարկել հարցեր, բացի նրանցից, որոնք հակասում են մեր օրենսդրությանը… Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բնակչությանը օրենքին հետևել և հանգստություն պահպանել», — ասել է Տեխովը:
Ինքը՝ Թիբիլովն, այժմ Մոսկվայում է, մարտի 21-ին պլանավորված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Էխո Կավկազա» առցանց մեդիապլատֆորմայի հետ զրույցում Հարավային Օսիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Անատոլի Պլիևը նույնպես հաստատել է. Էդուարդ Կոկոյտիի և Լեոնիդ Թիբիլովի հանդիպման հնարավորությունն արդեն մի քանի օր է՝ քննարկվում է:
«Ուզում եմ ասել, որ բանակցություններն արդեն կայացել են: Ցույցերի նույնիսկ առաջին օրն են բանակցություններ վարվել, այսինքն՝ Կոկոյտիի կողմնակիցներն են եղել, Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներն այստեղ են եղել: Նախագահի հետ զրույց է կայացել: Որոշակի հարցեր են քննարկվել: Հետագայում ենթադրվում է, որ, այո, հանդիպում տեղի կունենա…
Անհրաժեշտ չեմ համարում սրել իրավիճակը: Այս սրացումը ձեռնտու չէ ոչ ոքի, այդ թվում նաև Էդուարդ Կոկոյտիի օգտին չէ: Ամեն ինչ պետք է լուծել իրավական հարթությունում… Ավելորդ էմոցիաներն ու մարդկանց քաղաքական արկածախնդրության մեջ ներքաշելը չեն օգնի խնդրի լուծմանը»: