Հարավային Կովկասի քաղաքներն Ամանորի նախաշեմին. ֆոտո և տեսաէքսկուրսիա
Գունավոր լույսեր, փայլող քանդակներ, շատ երաժշտություն օրվա ցանկացած պահին և ամանորյա տոնածառեր․ սա է նախատոնական օրերի պատկերը։ Ամեն ինչ միանգամից տեսնելու համար մենք Հարավային Կովկասի 6 քաղաքներով էքսկուրսիայի պես մի բան ենք պատրաստել:
Ինչպես միշտ JAMnews-ում տեղանունները նշված են այնպես, ինչպես դրանք անվանում են տեղացիները, քաղաքները դասակարգված են՝ ըստ այբուբենի:
Բաքու
Տեսանյութը՝ JAMnews-ի
Պատմում է Կամիլան.:
«Իմ ծնողները ծանոթացել են Ամանորի գիշերը: Մորս զանգահարել է նրա ծանոթն ու շնորհավորել տոնը: Իմացել է, որ մայրս Նոր տարին ծնողների հետ է անցկացնելու, հրավիրել է նրան իր մոտ: Որպեսզի մայրս մթով մենակ չգնա, խնդրել է իր ավագ եղբորը դիմավորել նրան: Նա ոչ մի կերպ չի ցանկացել անծանոթ աղջկա դիմավորել, հազիվ են համոզել: Մի քանի ժամից նրանք միասին ինչ-որ երեկույթի են գնացել: Երկու օր շփվել են, երրորդ օրը հայրս նրան ամուսնության առաջարկ է արել: Նա համաձայնել է: Հարսանիքը մարտի 1-ին է եղել»:
Լուսանկարը՝ JAMnews-ի
Երևան
Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի, JAMnews
Պատմում է Սամսոն Միրզոյանը
«Առաջին անգամ այդքան մեծ տոնածառ ես տեսել էի 1950թ-ին: Իհարկե, այն նման չէր այս մեկին: Ավելի փոքր էր, սակայն ինձ հսկայական էր թվացել: Հրապարակում էլ այնքան շատ մարդ չկար, ինչպես հիմա: Ես նստած էի պապիս ուսերին: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էին ձեռքերս քրտնել տաք ձեռնոցների մեջ՝ հուզմունքից, հիացմունքից և ուրախությունից»:
Երևանի գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման համար 2017թ-ին 22մլն դրամ է ծախսվել [մոտ $45 հազար):
Տոնածառի բարձրությունը 32մ է, այն հավաքած է 6 հազար ճյուղից, որոնք բերվել են Հայաստանի տարբեր շրջաններից:
Ընդհանուր առմամբ, քաղաքի ամանօրյա զարդարանքի վրա քաղաքապետարանը 54մլն դրամ [մոտ $112 հազար] է ծախսել:
Տեսանյութը՝ Սեդա Գրիգորյանի, JAMnews
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Լուսինե Թևոսյանի, JAMnews
«ՎԱՅ», — միայն այս հաղորդագրությունն է հասցրել Ալվարդն ուղարկել բարեկամներին դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 9-ին: Աղցանի պատրաստումն ավարտել չի կարողացել, ցավերը սկսվել են: Նա այն ժամանակ 36 տարեկան էր և բժիշկները պնդում էին, որ պետք է կեսարյան հատում անել: Նա համաձայնել է, սակայն մի պայմանով՝ որովայնի հատումը պետք է կոկիկ արվի: «Չէ՞ որ ես հետո մի օր լողափ եմ գնալու‘», — ասել է Ալվարդը վիրաբույժին: «Բայց մենք նկարիչներ չենք», — պատասխանել է բժիշկը: 11 տարի է անցել, Ալվարդն ասում է, որ ավելի համակրելի սպի, քան իրենն է, չի կարող լինել:
Սուխում
Լուսանկարն՝ Իբրահիմ Չկադուայի, JAMnews
Պատմում է Ստելլան
«Սուրբ Ծնունդը մենք միշտ գյուղում էինք նշում՝ տատիկի և պապիկի հետ: Եվ ահա մի անգամ, ես այն ժամանակ 10 տարեկան էի, մենք, ինչպես միշտ, ամբողջ ընտանիքով պապիս տանն էինք, աղմկոտ էր և ուրախ: Պապս մի շուն ուներ, ես նրան շատ էի սիրում, նա ինձ համար իսկական ընկեր էր: Ես լսեցի, թե ինչպես նա հաչաց, և դուրս եկա տեսնելու, թե ով է եկել: Ինձ տեսնելով՝ շունը սկսեց կաղկանձել, հետո կրկին սկսեց հաչալ, ես մոտ գնացի, քանի որ նա կապված էր, և թիկունքից մի մարդու տեսա: Սակայն նա սովորական մարդու տեսք չուներ, շատ բարձրահասակ էր և մազերով էր պատված: Ես կանչեցի նրան, բայց նա արագ հեռացավ: Կարծում եմ՝ «սառցե մարդ» էր, որի մասին ինձ այդքան պատմել էին: Ավելի ուշ մայրս ինձ ասաց, որ այդ պատմություններն ընտանիքում հորինել են ինձ վախեցնելու համար, երբ ես ինձ լավ չեմ պահում: Բայց չէ՞ որ ես ինչ-որ արարած էի տեսել: Այդպես էլ առեղծված մնաց, թե ով էր նա»:
Տեսանյութն՝ Անայիդ Գոգորյանի, JAMnews
Թբիլիսի
Լուսանկարը՝ Յանա Կորբեզաշվիլիի
Պատմում է Նինո Գուգենիշվիլին
«2006 թվականն էր մոտենում: Ես այն ժամանակ սովորում էի Գերմանիայում և որոշեցի տուն մեկնել Ամանորը դիմավորելու: Ստամբուլի օդանավակայանում, որտեղ պետք է այլ ինքնաթիռ նստեի, պարզվեց, որ վաճառվել է ինքնաթիռի ավելի շատ տոմս, քան տեղերն են, և ինձ ինքնաթիռ չնստեցրին, որքան էլ խնդրեցի: Հետո ես նստել և լաց էի լինում սրճարանում և մտածում, իսկ ի՞նչ կլիներ, եթե ֆիլմում այսպիսի բան լիներ, գեղեցիկ երիտասարդ կհայտնվեր, որը միանգամից ինձ խելակորույս կսիրահարվեր: Բայց դրա փոխարեն ես քնեցի, իսկ երբ զարթնեցի, պարզվեց, որ ինչ-որ մեկը գողացել է բաճկոնս: Սակայն այս ողջ պատմությունն արդյունքում հաջորդ տարվա լավ մեկնարկ դարձավ: Ես Գերմանիայում ուսումս շարունակելու անսպասելի հնարավորություն ստացա, իսկ եղբորս ընտանիքում երեխա ծնվեց»:
Ցխինվալ
Հարավային Օսիայում նախորդ տարի որոշել էին 27 թիվը խորհրդանշական դարձնել: 2017թ-ին հանրապետությունը 27 տարեկան դարձավ, և ի պատիվ այդ տարեթվի դեկտեմբերի 27-ին 27 Ձմեռ պապ, պարկերը ուսերին, առավոտից շրջում էին քաղաքում և քաղցրավենիք բաժանում բոլոր հանդիպած մարդկանց: