Հարազատների կողմից Ադրբեջանում բռնի կերպով պահվող աղջիկը փախել է
Թարմացում
Հունվարի 17
18-ամյա Սևգիա Իսմայլովան, որը մի քանի օր առաջ բողոքել էր, որ մայրն ու ազգականներն իրեն բռնի կերպով պահում են տանը, ծեծում և սպառնում, տնից փախել է։ Այս մասին հաղորդել է «Կավկազսկի ուզել» կայքը՝ վկայակոչելով Բաքվի ակտիվիստների խոսքերը։ Նրանք ասում են, որ Սևգիան այժմ իրենց խնամակալության տակ է։ Աղջկա մայրը հերքում է, թե նա բռնության է ենթարկվել, և պնդում, որ Սևգիան հոգեբանական խնդիրներ ունի։
«Սևգիան կարողացել է փախչել։ Այժմ նա հուսալի վայրում է, նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ Հենց պատրաստ լինեն նրա փաստաթղթերը, նա Ադրբեջանը կլքի», — ասել է ակտիվիստներից մեկը։
Դա հաստատել է նաև աղջկա մայրը՝ Ռասմիա Իսմայլովան։ Սակայն, ըստ նրա վարկածի, ոչ ոք Սևգիային չի ծեծել և փակի տակ չի պահել։
«Կրասնոյարսկում Սևգիան վատ շրջապատ, վատ ազդեցության տակ է ընկել։ Այնտեղ նրան ինչ-որ դեղեր են տվել։ Ես երեխայիս միայն լավն եմ ցանկանում», — ասել է կինը։
Աղջկան օգնելու համար ներգրավվել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը։ Մանրամասներ դեսպանատան աշխատակիցները լրատվամիջոցներին չեն տրամադրում, սակայն հաղորդել են, որ հյուպատոսական ծառայությունը տվյալ պահին «զբաղվում է Սևգիա Իսմայլովայի հարցի լուծմամբ»։
Հունվարի 16
18-ամյա Սևգիա Իսմայլովան բողոքում է, որ հարազատներն իրեն բռնի ուժով տանն են պահում, ծեծում և սպառնում են՝ թույլ չտալով Ռուսաստան վերադառնալ, որտեղից նա եկել է հունվարի սկզբին։
Այս պատմությունն արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է ադրբեջանական սոցցանցերում և լրատվամիջոցներում, սակայն տվյալ պահին տեղեկությունները շատ քիչ են, իսկ աղջկա հետ ոչ ոք չի կարողանում կապվել։
• «Ինքդ քեզ համար երեխա ունենալ» Հայաստանում․ այսպիսի որոշում կայացրած կանանց պատմությունները
Հաշվի առնելով, որ Սևգիան չափահաս է, խոսքն ազատությունից ապօրինի կերպով զրկելու մասին է, իսկ դա քրեական հանցանք է։
Բացի այդ, Սևգիան Ռուսաստանի քաղաքացի է։ Նրա խնդրի լուծմանը մասնակցում է նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը։
«Ինձ ինքնագլուխ երեխա պետք չէ»
Սևգիան ապրում էր Ռուսաստանի հյուսիսում գտնվող Կրասնոյարսկ քաղաքում, և 2020 թ-ի հունվարի 4-ին նա մոր ու եղբոր հետ Բաքու է եկել ազգականներին տեսակցելու։ Հունվարի 14-ին նա պատրաստվում էր հետ վերադառնալ Ռուսաստան։
Նախքան կապի դուրս չգալը Սևգիան ընկերուհիներին ասել է, որ մայրը, մորաքույրն ու քեռին այրել են իր փաստաթղթերը, ծեծել, խոշտանգել և հայտարարել, որ Ռուսաստան նա այլևս չի վերադառնալու։
Սևգիայի խոսքով՝ մայրն ասել է, որ «իրեն ինքնագլուխ երեխա պետք չէ»։
Ինչ-որ պահի Սևգիան հաջողացրել է փախչել և թաքնվել նախկին համադասարանցու տանը, սակայն հարազատները նրան գտել են և տուն տարել։
Հույսը դեսպանատան վրա է
Առաջինն ահազանգել է Սևգիայի ընկերուհին Կրասնոյարսկից, այնուհետև նրան են միացել ադրբեջանական սոցցանցերի օգտատերերը։ Նրանցից մեկը ֆեյսբուքյան էջում գրում է, որ օգնության է դիմել Ռուսաստանի դեսպանատուն։
«Ինձ ասացին, որ իրենք հարցում են ուղարկել ոստիկանություն և անում են հնարավոր ամեն ինչ։ Ես հարցրի, թե արդյոք էլի ինչ-որ բան կարող եմ անել նման իրավիճակում, պե՞տք է արդյոք ոստիկանություն դիմել։ Ինձ ասացին, որ ոչ», — գրել է աղջիկը։
Իրավիճակը բարդանում է նրանով, որ ոչ ոք չգիտի Սևգիայի գտնվելու վայրը։
Ընկերները պատմում են, որ Սևգիայի և մոր հետ հարաբերություններում վաղուց են խնդիրներ սկսվել։ Սակայն թե որն է դրանց պատճառը, հայտնի չէ։
Որոշ աղբյուրներ պնդում են, որ Սևգիան ԼԳԲՏ ներկայացուցիչ է, և այդ պատճառով են ծնողները նրան Ռուսաստանից Բաքու բերել։ Այս տեղեկությունը դեռ ոչնչով և ոչ մեկի կողմից չի հաստատվել։ Թեև ոմանք սա են համարում ստեղծված իրավիճակի պատճառը։
Սոցցանցում մեկնաբանությունները տատանվում են երկու բևեռների միջև․ «Ինչպիսի վայրենություն։ Պետք է անհապաղ փրկել աղջկան» տիպի գրառումներից մինչև «Մայրը ճիշտ է, աղջիկն ամեն ինչ չափազանցնում է»։