Հայտնի է Հայաստանի նախագահի պաշտոնի իշխող կուսակցության թեկնածուն
Հայաստանի իշխանությունը 4-րդ նախագահի պաշտոնում է առաջադրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:
Խորհրդային Միության տարիներին (1984-1985 թթ. և1989-1991 թթ.) Արմեն Սարգսյանը եղել է օտարերկրյա հետազոտող և դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում: 1996թ.-ին նա նշանակվել է Հայաստանի հինգերորդ վարչապետի պաշտոնում, բայց պաշտոնավարել ընդամենը չորս ամիս:
Մարտին տեղի ունենալիք նախագահի ընտրությունները տարբերվելու են նախորդ ընտրություններից մի քանի կարևոր կետերով.
- Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանը փոխեց կառավարման համակարգը՝ դառնալով խորհրդարանական երկիր: Սա նշանակում է, որ պետության ղեկավարը լինելու է ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը,
- Նախագահի պաշտոնն այսուհետ լինելու է խորհրդանշական, ներկայացուցչական,
- նախագահ են ընտրելու ոչ թե քաղաքացիներն, այլ Ազգային ժողովի պատգամավորները,
- նախագահն ընտրվում է 7 տարով և կարող է զբաղեցնել այդ պաշտոնը միայն մեկ անգամ,
- նախագահի ընտրությունները կարող են ընթանալ երկու փուլով,
- նախագահը պետք է լինի անկուսակցական:
Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտոնում առաջադրել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ում պաշտոնավարման լիազորությունները սպառվում են ապրիլին:
Սերժ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են այսօր Հայաստանի նախագահի նստավայրում: Սերժ Սարգսյանը առաջարկել է, որ Արմեն Սարգսյանը հանդիպի խորհրդարանական 4 ուժերի հետ և ստանա նրանց համաձայնությունն ու աջակցությունը:
«Մեր ցանկությունն է, որ այս ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, և մարտի սկզբին մենք արդեն ունենանք Հայաստանի չորրորդ նախագահ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Գործող նախագահը նշել է, որ երկրի չորրորդ նախագահն, իր կարծիքով, պետք է լինի կայացած և վառ անձնավորություն, քաղաքականապես պատրաստված, բայց ոչ քաղաքականացված, կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջև, ինչպես նաև հասարակության տարբեր խավերի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով:
Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել որոշում կայացնելու համար՝ նշելով, որ ուզում է մինչ այդ հանդիպել Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների հետ:
«Եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Փորձագետները նշում են, որ Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, համաձայնելու է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, այս որոշումը կայացվել է դեռ մինչև հրապարակային հայտարարությունը: Նրանց կարծիքով, ըստ էության, կարելի է հայտնի համարել 4-րդ նախագահի անունը, որովհետև նրա թեկնածությունը կհաստատվի ԱԺ կողմից, որտեղ մեծամասնությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության անդամներն են:
Ավելի վաղ, JAMnews-ը մանրամասն ներկայացրել էր, թե ինչ քննարկումներ են Հայաստանում տեղի ունենում նախագահի թեկնածուների շուրջ:
https://jam-news.net/?p=80822&lang=hy