«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կոչ է արել իր գործընկեր պատգամավորներին և նախարարներին իրենց պարգևավճարները փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։
«Նախարարը 700 հազար դրամ աշխատավարձ և 1,5 միլիոն պարգևավճար է ստանում։ Ինչո՞ւ նա չի կարող փոխանցել այդ պարգևավճարը։ Նույնը վերաբերում է պատգամավորներին, որոնց պարգևավճարը կազմում է աշխատավարձի 30%–ը», — հայտարարել է Մարուքյանը մարտի 31–ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Այս առաջարկով ընդդիմադիր գործիչը գրավոր դիմել է ոչ միայն խորհրդարանի, այլև կառավարության ղեկավարությանը։
Ավելի վաղ նման կոչով գործընկերներին
էր դիմել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։
Պատգամավորները դեռևս միայն կոչ
են անում միմյանց ներդրում կատարել կորոնավիրուսի դեմ պայքարի գործում։ Այդ մասին որոշում
դեռ չկա։
Մինչ այդ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն հրահանգել է քաղաքապետարանի աշխատակիցների մարտի պարգևավճարը փոխանցել բուժաշխատողներին։
Խոսքը 130 մլն դրամի մասին է։
«Սա այն փոքր ներդրումն է, որը մենք կարող ենք անել մեր բժիշկների համար, որոնք ամեն օր և ժամ օգնում են մեզ», — ասել է Մարությանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում։
Քաղաքապետն անձամբ փոխանցել է մարտի իր աշխատավարձը (429 հազար դրամ), քանի որ պարգևավճար չի ստանում։
Այդ բոլոր գումարերն, ըստ Մարությանի, կփոխանցվեն հիվանդանոցների, պոլիկլինիկաների և «Շտապօգնության» բրիգադների 1800 աշխատակիցներին։