Վերջին օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 129 դեպք։ Մահացել է 15 քաղաքացի։ Համավարակի մեկնարկից մինչ օրս հիվանդությունը խլել է 7936 կյանք։
Կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը, սակայն, դեռ չի հայտնաբերվել։
«Մենք Հայաստան ժամանած քաղաքացիներից վերցված նմուշներից՝ դրական դեպքերից, անում ենք սեկվենավորում և ի լրումն, եթե կունենանք հայտնաբերված դեպք, կհանրայնացնենք։ Կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ պատվաստումները պաշտպանության բավական բարձր շեմ են ապահովում նաև այս շտամի հանդեպ»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Օմիկրոն» շտամն արդեն իսկ հայտնաբերվել է հարևան երկու երկրներում՝ Վրաստանում և Իրանում։
Ավանեսյանի գնահատմամբ՝ կորոնավիրուսային իրավիճակը երկրում բարենպաստ է և կայուն։ Այն պահպանելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները հակահամաճարակային կանոնները պահպանեն նաև նախատոնական և տոնական օրերին։ Իհարկե, պետք է շարունակել նաև պատվաստումային գործընթացը։
Հայաստանում ներկայումս կիրառվում է 5 տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։
Կառավարության որոշմամբ՝ առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան պատվաստվել նաև ամերիկյան “Pfizer” պատվաստանյութով։ Գործադիրը գումար է հատկացրել 200.000 դեղաչափ ձեռք բերելու համար։
Նախարար Ավանեսյանի խոսքով՝ կան նաև նվիրատվության խոստումներ, ուստի ակնկալում են ստանալ նաև այլ խմբաքանակներ․
«Կարևոր գործընթացը՝ ստուգող սառցային շղթայի հետ կապված աուդիտներն արդեն անցել ենք, պայմանագիրը այսօր-վաղը կկնքվի, առաջիկայում կստանանք նաև պատվաստանյութը»։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ մինչ օրս Հայաստանում իրականացվել է 1․591․809 պատվաստում, որից 920․650՝ առաջին, 670․710՝ երկրորդ դեղաչափ։
«Խթանիչ (բուստեր) դեղաչափ է ստացել մոտ 500 քաղաքացի»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ խթանիչ դեղաչափ քաղաքացիները կարող են ստանալ ամբողջական պատվաստումից վեց ամիս անց։