Հայաստանի ոստիկանությունն առաջարկում է վարորդներին վարչական պատժի ենթարկելու նոր համակարգ ներմուծել տուգանային բալերի տեսքով:
Ո՞րն է նախագծի իմաստը
Նախագիծն առաջարկում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտողներին պատժել տուգանային բալերով: Յուրաքանչյուր վարորդ տարեկան նախնական 9 բալ կստանա: Իսկ ճանապարհային երթևեկության կանոնների յուրաքանչյուր խախտման համար բալեր կհանվեն: Թե քանի բալ կհանվի, կախված է խախտման տեսակից: Լուրջ խախտումների համար կարելի է միանգամից 4 բալ կորցնել: Երբ բալերը վերջանան, վարորդը կզրկվի վարորդական իրավունքից:
Ոստիկանությունն արդեն հրապարակել է հստակ խախտման համար հանվող տուգանային բալերի ցանկը: Օրինակ, խաչմերուկի սխալ հատման համար 2 բալ կհանվի, սխալ վազանցի համար՝ 1 բալ, թույլատրելի արագության գերազանցումն ավելի քան 50կմ/ժ-ով խախտողը կզրկվի միանգամից 4 բալից:
Հայաստանի ոստիկանությունում կարծում են, որ տուգանային բալերի նոր համակարգը կբարելավի իրավիճակը ճանապարհներին:
«Տուգանային բալային համակարգը զսպող գործոն կդառնա և կարգապահություն կսահմանի ճանապարհներին: Հույս ունենք, որ կկրճատվի նաև լուրջ վթարների թիվը», — հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը
Վարորդների արձագանքը սոցցանցերում
Վարորդների մեծ մասը բացահայտ բացասական վերաբերմունք ունի այս նորարարության հանդեպ: Նրանք կարծում են, որ տուգանքները շատ դաժան են, այդ համակարգը մի իրավիճակ կստեղծի, երբ շատերը երթևեկության կանոնների աննշան խախտումների համար վարորդական իրավունքից կզրկվեն:
Ահա, թե ինչ են նրանք գրում սոցցանցերում.
«Չեմ հասկանում. նոր կառավարությունը եկել է, որ ժողովրդի կյանքը թեթևացնի՞, թե՞ էլ ավելի բարդացնի: Թող մեր երկիրն ապրի, ինչպես Եվրոպան, հետո նոր եվրոպական օրենքներ մտցվեն»:
«Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու հենց 9-ը: Ինչո՞ւ ոչ 5, 7 կամ 20: Ինչպե՞ս եք հաշվարկ արել»:
Սակայն գտնվեցին նաև մարդիկ, որոնք կողմ են փոփոխություններին.
«Ժողովուրդը վրդովվում է, որովհետև ոչ ոք չի սիրում վարել՝ ըստ կանոնների: Սովորեք չխախտել երթևեկության կանոնները»: