Հայաստանում այսօր նշում են Անկախության օրը: 27 տարի առաջ բնակչության բացարձակ մեծամասնության որոշմամբ երկիրը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից:
ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեն անցկացվել է 1991թ-ի սեպտեմբերի 21-ին: Կողմ է քվեարկել քաղաքացիների 99 տոկոսը: Երկու օր անց Գերագույն խորհուրդը Հայաստանն անկախ պետություն է հռչակել: Արդեն 1991թ-ի հոկտեմբերին ընտրվել է անկախ Հայաստանի առաջին նախագահը: Դա Լևոն Տեր-Պետրոսյանն էր:
1992թ-ին երկիրն անդամակցել է ՄԱԿ-ին: Հայստանի անկախությունն առաջինը ճանաչել է Լիտվան: Հայաստանի անկախության առաջին տարիներն անցնում էին Ադրբեջանի հետ փաստացի պատերազմի և բազում տնտեսական խնդիրների հաղթահարման պայմաններում:
Անկախության տոնը նշում են երկրի բոլոր շրջաններում, սակայն հիմնական միջոցառումներն անցկացվում են Երևանում: Ընդ որում, մայրաքաղաքի կենտրոնական մասը գրեթե ամբողջությամբ փակ է մեքենաների երթևեկության համար: Առավոտից քաղաքի կենտրոնում են հավաքվում Երևանի բնակիչներն ու հյուրերը: Ինչպես նախապես հայտարարվել է, հենց հրապարակում ցուցահանդեսներ են ընթանում, միաժամանակ երկու բեմերում համերգներ են տեղի ունենում: Երեխաներն առավոտից բազմագույն կավիճներով զարդարել են հրապարակի «գորգն» իրենց նկարներով:
Ընդհանուր առմամբ, քաղաքում մոտ 10 բեմ կա, որտեղ համերգներ են անցկացվում: Արդեն երեկոյան Հանրապետության հրապարակ կգա երկրի ղեկավարությունը: Սպասվում էր, որ տոնական միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի բոլոր երեք նախագահները, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մերժել են հրավերը:
Տոնական միջոցառումների ցանկում նոր կառավարության նորարարությունը հայտնիների հետ «Սելֆիի ժամն» էր: Այդ միջոցառման մասին նախապես հայտարարել էր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա չէր հաղորդել, թե հայտնիներից ովքեր են գալու հրապարակ սելֆիի սիրահարների հետ լուսանկարվելու: Սակայն միջոցառումն, այնուամենայնիվ, հետաքրքրել էր երկրի բնակիչներից շատերին: