Հայաստանի բնակիչները, որոնք ամսական 600 կուբամետրից պակաս գազ են օգտագործում, ամսական 100 դրամի փոխարեն յուրաքանչյուր կուբամետրի դիմաց կվճարեն 80 դրամ (4 ցենտից պակաս): Այս մասին այսօր հաղորդել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որն էլ գազամատակարարմամբ է զբաղվում հանրապետության տարածքում:
Կառույցը չի բացատրում, թե ինչով է պայմանավորված այս որոշումը: Սակայն ակնհայտ է, որ այն տեղավորվում է նոր կառավարության քաղաքականության շրջանակում: Նախարարների կաբինետն ավելի վաղ արդեն մեկ քառորդով նվազեցրել էր էլեկտրաէներգիայի սակագինն անապահով ընտանիքների համար: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին:
Սակավ եկամուտ ունեցող ընտանիքները քիչ կվճարեն նաև ջրի համար: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների նախարար Արթուր Գրիգորյանը հաղորդել է, որ բանակցություններ են ընթանում խմելու ջրի սակագների նվազեցման ուղղությամբ:
Այսպիսով, մոտ 120 հազար ընտանիք գազի, ջրի և էլեկտրաէներգիայի դիմաց ավելի քիչ կվճարի:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել պարզել, թե արդյոք հնարավոր է սակագների էլ ավելի իջեցում.
«Դա լավ է [էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը – JAMnews], սակայն անհրաժեշտ են լրացուցիչ քնարկումներ: Մասնավորապես, պետք է հասկանալ, թե արդյոք կոռուպցիոն ռիսկեր կան «Էլեկտրական ցանցերում» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում:
Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել էր գազի սակագնի նվազեցման հարցին: Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում բավականին ցածր գներով, սակայն հասարակ սպառողները դա չեն զգում: Փաշինյանը դա «ներհայկական» հարց է անվանել, և պատրաստվում է զբաղվել դրանով.
«Սահմանին Հայաստանը Ռուսաստանից էժան գազ է ստանում, բայց սահմանից մինչև սպառողների տուն հասնելը գազի սակագինը կրկնակի աճում է։ Մենք պետք է Հայաստանի ներսում քննարկենք այս խնդիրը և հասկանանք։ Սա չի վերաբերում Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններին… Հարցը կարող է կապված լինել ոչ այնքան արդյունավետ մենեջմենթի կամ նույնիսկ կոռուպցիոյի հետ»:
Ընդ որում, ըստ Փաշինյանի, Հայաստանը մտադիր է Ռուսաստանից գազի սակագնի համար ավելի զգալի զեղչ ստանալ:
«Իհարկե, մենք հույս ունենք ավելի էժան գազ ստանալ։ Հասկանում ենք, որ Հայաստանի համար սա բացառիկ գին է, բայց մենք կուզեինք, որ ավելի բացառիկ գին լինի։ Քննարկելու ենք այդ հարցերը, և հուսով եմ` հաջողություն կարձանագրենք», — ասել է վարչապետը: