Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել կրկնակի նվազեցնել Հայաստանում գրանցված թեթև մարդատար ավտոմեքենաների բնապահպանական հարկը:
Որոշումը պայմանավորված է Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելով, որի համաձայն՝ զգալիորեն ավելանում է թեթև մարդատար ավտոմեքենաների սեփականատերերի հարկային բեռը: Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով՝ փոփոխություններն այդ ոլորտն ավելի թափանցիկ կդարձնեն.
«Որոշման նախագծի համաձայն՝ առաջարկվում է բնապահպանական հարկը համապատասխանեցնել ավտոմեքենայի արտադրման տարեթվին և շարժիչի հզորությանը, ինչը, մեր կարծիքով, ավելի թափանցիկ է և ընդունելի, չի հանգեցնի բեռի զգալի աճի»:
Սակայն նախարարն ընդգծել է, որ որոշ դեպքերում հնարավոր է նաև հարկային բեռի ընդհանուր աճ.
«Խոսքը համապատասխանաբար մեծ ծավալով շարժիչներով ավտոմեքենաների մասին է: Դրանց տերերի համար բեռը կարող է ավելանալ»: