Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են հրադադարի խախտման մեղադրանքներով
Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի խախտման վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Հայկական կողմը Բաքվին մեղադրում է Արցախի մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակելու համար։ Ըստ Արցախից ստացված հաղորդագրությունների՝ Ադրբեջանի ԶՈւ-ն վերջին օրերին խախտել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենք։
Իր հերթին, ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին կատարված սադրանքի համար։
Տեղեկություններ Արցախից
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ ադրբեջանական կողմից կրակոցներ արձակվել են նաև նախկինում, սակայն հիմնականում կրակել են օդ։ Իսկ վերջերս ավելի հաճախակի են դարձել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:
Մասնավորապես, հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը կրակել է Արցախի մայրաքաղաքի, Շոշ և Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ։
Արցախի ՊՆ-ն վստահ է, որ նման խախտումները «նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում», ինչպես նաև «ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը»։
Հրադադարի խախտումները մեկնաբանել է նաև Արցախի ԱԳՆ-ն՝ նշելով, որ «արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և որևէ ձևով չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու հաստատակամությունը»․
«Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ թշնամական գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են»։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ ապրիլի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից հետո սադրանքներ են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին։
Մասնավորապես, «հայ-ադրբեջանական սահմանի մերձակայքում, Զանգելանի Սեիդլար գյուղում տեղակայված սահմանապահ ծառայության ստորաբաժանումների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության դիրքերի ուղղությամբ, որոնք ծառայություն են իրականացնում Հայաստանի տարածքում, կրակոցներ են արձակվել հայկական զինծառայողների կողմից»։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպի առնչությամբ ռուս սահմանապահները դիմել են իրենց ադրբեջանցի գործընկերներին՝ հայտարարելով, որ սադրիչները ոչ սթափ վիճակում են եղել, և խնդրել են չարձագանքել միջադեպին․
«Հաշվի առնելով ռուսական կողմի խնդրանքը, ադրբեջանցի սահմանապահները զսպվածություն են ցուցաբերել և չեն պատասխանել։ Միջադեպից հետո ադրբեջանական կողմին հայտնի է դարձել, որ տարածքից հեռացվել են սադրիչ հայ զինծառայողները։
Նույն օրը 30-40 հոգանոց մի խումբ, շարժվելով դեպի Կուբաթլուի շրջանի Շուռնուխ գյուղ, հակաադրբեջանական կարգախոսներ են վանկարկել հայերենով»։
Պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ ապագայում նման սադրանքների կրկնության դեպքում «ամենավճռական պատասխան միջոցներն են ձեռնարկվելու»։
Հերքում Երևանից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։
Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:
Արցախի և Հայաստանի զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»։