Սա Հայաստանի ԱԳՆ պատասխանն է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, որը նա արել է Անկարայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ։
Մևլյութ Չավուշօղլուն մարտի 2–ին հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի հակամարտության լուծման համար։
«Լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», — գրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Թվիթերի իր միկրոբլոգում Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպումից հետո։
Հայաստանի պատասխանը
Հայաստանի արտգործնախարարության ղեկավարի պատասխանն իրեն սպասեցնել չի տվել։ Բառացիորեն մի քանի ժամ անց Զոհրաբ Մնացականյանը հենց Թվիթերում գրել է․
«Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ խորհուրդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է նախարարի պատասխանը հայ լրագրողների համար․
«Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»։