«Հայաստանն անկախանում է Ռուսաստանի ճիրաններից»․ կարծիք
Հայաստանի անկախացում ՌԴ-ից
«Մեկնարկել է Հայաստանի՝ ՌԴ-ից անկախացման գործընթաց, որը չի կարող տեղի ունենալ առանց Արևմուտքի աջակցության»,- քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն այսպես է մեկնաբանում ներկայիս զարգացումները։
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն «աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ»։ Մանրամասներ մինչ այս պահը չեն հաղորդվել։
Նույն օրը Մոսկվա էր մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ռուս պաշտոնակցի հետ նա քննարկել էր հայ-ադրբեջանական և երկկողմ օրակարգային հարցեր, այդ թվում՝ Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման վերաբերյալ։ Խուրշուդյանի խոսքով՝ թեև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց փաստ է, որ պատերազմի օրերին հայ ժողովրդի սպասելիքները չարդարացան՝ Մոսկվան չաջակցեց Հայաստանին։
Ի՞նչ է հաղորդվել նախարարների գործուղումների մասին, ինչպե՞ս է ընթացիկ իրավիճակը գնահատում քաղաքական վերլուծաբանը
Երևանը՝ ամերիկյան այցի մասին
Պաշտոնական Երևանը նախարար Սուրեն Պապիկյանի այցի մասին հրապարակել է ընդամենը մեկ նախադասությունից բաղկացած հաղորդագրություն։ Տեղեկանում ենք, որ Պապիկյանն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով և ոչ թե մենակ, այլ պատվիրակությամբ։ Այլ հայտարարություններով գերատեսչությունը հանդես չի եկել։
Թե ովքեր են պատվիրակության կազմում՝ հայտնի չէ։ Գործուղման մասին վարչապետի որոշումը e-gov.am կայքում չհաջողվեց գտնել։
Ի՞նչ է քննարկվել Մոսկվայում
Այցի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ռուս պաշտոնակցի հետ։ Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Միրզոյանն ու Լավրովը՝
- քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ,
- անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի,
- կարևորվել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը,
- քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը։
Ի տարբերություն պաշտոնական Երևանի՝ Մոսկվայի տարածած հաղորդագրությունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ռուս խաղաղապահների գործունեության մասին որևէ ակնարկ չկա։
«Քննարկվել են հետագա քայլերը բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման համատեքստում»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ առանց մանրամասներ հայտնելու։
Սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնել Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակեցելու է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև Փաշինյան-Պուտին հանդիպում:
Փորձագիտական կարծիք
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Նահանգներ բնորոշում է որպես «Հայաստանի անկախացման գործընթացի մեկնարկ»։
«Իսկ Հայաստանի անկախացումը չի կարող տեղի ունենալ առանց Արևմուտքի աջակցության, որովհետև մենք անկախանում ենք ՌԴ-ի ճիրաններից»,- ընդգծել է Խուրշուդյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը պատրաստվում է զինվել արևմտյան զինատեսակներով։ Ասում է՝ Զինված ուժերում արդեն մեկնարկել է ռուսական ազդեցության ներքո գտնվող գործակալներից ազատվելու պրոցես։
Factor TV-ի հետ զրույցում վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ երկրի բոլոր խնդիրները ռուսական ազդեցությունից ժամանակին չազատվելու արդյունք են․
«Ռուսական կայսերական ազդեցությունն է, որ մինչև օրս խարխլում է ՀՀ ինքնիշխանության հիմքերը, և դա մեզնից ամեն օր խլում է տարածքներ։ Մենք կորցնում ենք կամ գյուղ, կամ դիրք ռուսական զորքերի միջամտությամբ ԼՂ-ում կամ Հայաստանի որևէ այլ տարածքում»։
Խուրշուդյանը դրական է գնահատել Եվրամիության կողմից ՀՀ-ին ուղարկված հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերին Պրահայում կայանալիք ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ Հայաստանն ունի եվրոպական ապագա, ուստի պետք է ավելի պինդ սեղմվել «Արևմուտքի աջակցության ուսին»։
«2013 թ․-ին Արևմուտքից հեռացումը բերեց Զինված ուժերի՝ ոչ բարձր տեխնոլոգիաներով համալրման՝ ռուսական մեթոդներով, ինչը 2020 թ․-ի պատերազմում կրած պարտության հիմնական պատճառներից էր»,- կարծում է նա։
Հայաստանի անկախացում ՌԴ-ից