Հայաստանի քաղաքական ուժերի մեդիա ռեսուրսները
Հայկական լրատվամիջոցներն ընտրությունների նախօրեին
2021 թվականի hունիսի 20-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 4 դաշինք և 21 կուսակցություն։
Ըստ փորձագիտական կանխատեսումների՝ խորհրդարան հավակնում են մուտք գործել հետևյալ քաղաքական ուժերը․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
- «Հայաստան» դաշինքը
- «Պատիվ ունեմ» դաշինքը
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը
- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը
Ներկայացնում ենք խորհրդարան անցնելու հիմնական 6 հավակնորդների մեդիա ռեսուրսները։
- Ովքեր են YouTube-ում քաղաքական կոնտենտ ստեղծողները. ինչ են սպառում հայալեզու օգտատերերը
- Կեղծ լուրերը՝ որպես տեղեկատվական զենք Արցախյան երկրորդ պատերազմում։ Գնահատական Հայաստանից
- Հետհեղափոխական մեդիամետաստազներ Հայաստանում
«Քաղաքացիական պայմանագիր»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընտանիքին է պատկանում Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթը և նույն խմբագրությանը պատկանող Armtimes.com լրատվակայքը։ Կայքի գլխավոր խմբագիրը մինչ օրս Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը։
2020 թվականին ստեղծված, իսկ 2021-ին արդեն մայրաքաղաքային սփռման լիցենզավորում ստացած «Free news» հեռուստաընկերության և համանուն կայքի տնօրենն է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը։
Ալեն Սիմոնյանը մինչև 2018 թվականը հանդիսանում էր նաև «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրը: Araratnews.am կայքը ակտիվորեն լուսաբանում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավները։
Իշխող ուժի հետ են ասոցացվում նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։ Այս երկու լրատվամիջոցները ֆինանսավորվում են պետբյուջեից, և միշտ նույնացվել են օրվա իշխանության հետ։
«Հայաստան» դաշինք
Քաղաքական այս դաշինքը ստեղծվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և Վերածնվող Հայաստան կուսակցությունների միավորմամբ ՝ ընտրություններին մասնակցելու նպատակով։
Դաշինքի առաջին համարի՝ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվում է 5-րդ ալիք հեռուստաընկերությունը, որի իրավաբանական հասցեն է «Շարկ» ՍՊԸ-ն։
2018 թվականից հեռուստաընկերության սեփականատերն է Արմեն Թավադյանը։ Հիշեցնենք, որ վերջինս Ռոբերտ Քոչարյանի ակտիվ աջակիցներից էր։ Մամուլում պարբերաբար տեղեկություններ են տարածվում, որ 5-րդ ալիքի իրական սեփականատերը Ռոբերտ Քոչարյանն է։ Ալիքով հեռարձակվող հաղորդումների բովանդակությունը, ինչպես նաև Քոչարյանի հարսի՝ երգչուհի Սիրուշոյի հեղինակային «Արմատ» նախագիծի ցուցադրումը, հիմնավոր են դարձնում այդ կասկածները։
«5-րդ ալիքը» հաճախ նաև ցուցադրում է փաստավավերագրական ֆիլմեր երկրորդ նախագահի վերաբերյալ, ակտիվ լուսաբանում էր դատական պրոցեսը, որում ներգրավված էր Քոչարյանը, և հետևողականորեն ներկայացնում է վերջինիս քարոզարշավը։
«Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ին պատկանող «Yerevan Today» լրատվական կայքը ևս ասոցացվում է Քոչարյանի հետ։ Որքան էլ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հակառակն է պնդում, կայքի բովանդակությունը հաստատում է լուրերը։ Կայքը ողողված է Հայաստան դաշինքի, մասնավորապես՝ Քոչարյանի ելույթներով և վերջինիս քարոզարշավի լուսաբանումներով։
Նույն դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին և Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանին է պատկանում «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագծերից մեկն էլ PARA TV առցանց հեռուստաընկերությունն է։
Այս լրատվականի ֆեյսբուքյան էջն ակտիվորեն լուսաբանում է դաշինքի յուրաքանչյուր հանդիպումն ու այցը։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հիմնադրվել է Հուսաբեր ՓԲԸ-ի կողմից և բացահայտ սատարում է «Դաշնակցություն» կուսակցությանը։ Հեռուստաընկերության ամենաճանաչված քաղաքական մեկնաբանը ՀՅԴ անդամ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող «Հայաստան» դաշինքի 13 համար Գեղամ Մանուկյանն է:
Այս լրատվականները ամբողջապես լուսաբանում են «Հայաստան» դաշինքի քարոզարշավը, որի մեջ մտնում է Դաշնակցություն կուսակցությունը։
«Պատիվ ունեմ» դաշինք
Քաղաքական դաշինքը ձևավորվել է Հանրապետական և Հայրենիք կուսակցությությունների միավորմամբ: ՀՀԿ-ի ղեկավարը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է, սակայն դաշինքի միասնական թեկնածուն Հայրենիք կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։ Այս քաղաքական միավորումը ևս հարուստ է մեդիա ռեսուրսներով։
2019-ից «ArmNews» հեռուստաընկերության բաժնեմասերը պատկանում են «Քառյակ մեդիային», որի հիմնադիրներն են 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը։ Նրանց են պատկանում նաև Tert.am և Blognews լրատվակայքերը։ Այս դաշինքին են հարում նաև Հայաստանում ամենամեծ դիտելիություն ունեցող News.am լրատվակայքը, 168․am, Hayeli.am, Analitik.am և մի շարք այլ կայքեր։
«Արմենիա» հեռուստաընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերը ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքն է։ Արթուր Ջանիբեկյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմն է։
«Պատիվ ունեմ» դաշինքի 6-րդ համարի ներքո Թագուհի Թովմասյանը պատերազմից հետո՝ նոյեմբերի 16-ին, հայտարարեց իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին։ Թովմասյանը «Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ» լրատվական հոլդինգի հիմնադիր-ղեկավարն է, նախքան պատգամավոր դառնալը եղել է «Ժողովուրդ» թերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիրը։
«Բարգավաճ Հայաստան»
Այս կուսակցությունն ունի բավականին մեծ ֆինանսական միջոցներ և համագործակցում է որոշ լրատվակայքերի հետ։
«Կենտրոն» հեռուստաալիքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ամենամեծ մեդիա ռեսուրսն է։ Այն բացահայտ սատարում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ համարվելով վերջինիս խոսափողը։ Հեռուստաընկերությունում որպես լրագրողներ աշխատել են ԲՀԿ՝ արդեն նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը, ներկայիս պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Իսկ հեռուստաընկերության կայքի «Հատուկ հաղորդումներ» բաժինն ամբողջությամբ նվիրված է Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ կուսակցությանը։
«Լուսավոր Հայաստան»
Ընդդիմադիր ԼՀԿ կուսակցությունը չունի մեդիա ռեսուրս՝ հեռուստաընկերություն, լրատվակայքեր կամ թերթեր։ Վերջինս իր գործունեությունն ակտիվորեն տարածում է սոցցանցերում, մասնավորապես ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Կուսակցության անդամները մասնակցում են այլ լրատվականների կազմակերպած հարցազրույցներին, քննարկում-բանավեճերին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս անդրադարձել է այս հարցին և հայտարարել, որ Հայաստանի պատմության մեջ իրենք միակ խորհրդարանական ուժն են, որ մեդիա չունեն։ Սակայն, ինչպես պարզել է «Փաստերի ստուգման հարթակը», ՀՀ պատմության մեջ եղել են մեդիա ռեսուրս չունեցող քաղաքական այլ ուժեր։
«Հայ ազգային կոնգրես»
ՀԱԿ-ը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս կուսակցությունն այսօր չունի այն ռեսուրսները, ինչ ուներ կառավարման տարիներին։ Վերջին տարիներին կուսակցության խոսափողը համարվում է ilur.am լրատվակայքը և Չորրորդ իշխանություն թերթը՝ իր համանուն 4rd.am լրատվակայքով։
Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածները բացառիկ իրավունքով հրապարակվում են հենց այս հարթակներում։
Որպես վերջաբան․ այսօր Հայաստանում մամուլը երկբևեռ է՝ հակաիշխանական և իշխանական։ Իշխանության համար ընտրապայքարի մեջ գտնվող բոլոր հակաիշխանական ուժերը համախմբված համագործակցում են մի գաղափարի շուրջ․ այն է՝ թույլ չտալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցությանը վերընտրվել։