Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան է ժամանել: Տեսանյութ
Կիսվել
Կիսվել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3–ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել։ Նա արդեն հանդիպել է իր վրացի գործընկեր Գիորգի Գախարիային կառավարության վարչակազմի շենքում, որտեղ կայացել է նրա ընդունելության պաշտոնական արարողությունը։
Վրաստանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
Ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի՝ իր հայ գործընկերոջ հետ քննարկվել է համագործակցությունը տնտեսության, անվտանգության, մշակույթի և կրթության ոլորտներում։
«Վրացական կողմը նշել է, որ տարածաշրջանում ժողովրդավարացման գործընթացը ծայրահեղ կարևոր է տնտեսության, մշակույթի, կրթության ոլորտներում զարգացում ունենալու համար։ Վրաստանի քաղաքացիների որոշումը եվրատլանտյան ինտեգրման առնչությամբ՝ նրանց որոշումն է, և երկիրն անշեղորեն շարժվում է այդ ուղղությամբ։ Մենք համաձայնել ենք, որ, չնայած արտաքին քաղաքական կողմնորոշմանը, մեր երկրների միջև տարաձայնություններն անհնար են, և մենք շարունակում ենք համագործակցությունը բարեկամական ձևաչափով», — հայտարարել է Գախարիան։
Վարչապետը նշել է, որ ողջունում է Հայաստանի ակտիվ համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակում։
Օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորում էր Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին։
«Փաշինյանի այցը Թբիլիսի ևս մեկ անգամ հաստատում է այն կարևոր նշանակությունը, որը միմյանց համար ունեն Վրաստանն ու Հայաստանը։ Հայաստանի վարչապետի այցի ընթացքում անդրադարձ կկատարվի առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և, բնականաբար, տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Երկու երկրներն էլ Արևելյան գործընկերության անդամներ են։ Ընթացիկ տարին մեզ համար կարևոր է նրանով, որ կայանալու է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, և մենք այսօր պետք է համաձայնեցնենք միմյանց դիրքորոշումները», — լրագրողներին հայտարարել է Դավիթ Զալկալիանին։
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի այցի ընթացքում քննարկվելու են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու ուղղությամբ երկու երկրների գործողությունների համակարգման և համատեղ միջոցառումներին վերաբերող հարցեր։
Սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Վրաստան որպես Հայաստանի վարչապետ։ Առաջին անգամ նա այդ կարգավիճակով Թբիլիսի էր ժամանել 2018 թ–ի մայիսին։ Այս այցի ընթացքում Փաշինյանը կհանդիպի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեին և Կաթողիկոս–Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդին։ Հայաստանի վարչապետը նաև ծաղիկներ կդնի Վրաստանի ամբողջականության համար զոհված հերոսների հուշարձանին։